Ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ վերջին նիստի մասնակիցներին

Մայիսի 31-ին տեղի է ունեցել ՀԱԿ հանրապետական խորհրդի և վարչության համատեղ նիստը, որի ժամանակ ինչպես տեղեկանում ենք այդ առթիվ տարածված պաշտոնական հաղորդագրությունից, տեղի է ունեցել ընթացիկ ներքաղաքական հարցերի քննարկում: Թե ինչ որոշում են կայացրել քննարկման մասնակիցները, հաղորդագրությունը, ցավոք, ոչինչ չի ասում: ՀԱԿ-ում տեղի ունեցող միջոցառումները քննարկում անվանելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ քննարկումը ենթադրում է կարծիքների փոխանակում, ինչ-որ իմաստով` բազմակարծության, մինչդեռ ՀԱԿ-ում հնչում է միայն կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը, իսկ մյուսները չեն կարող կարծիք հայտնել, քանի որ չեն կարող նրա հետ չհամաձայնել, իսկ համաձայնությունն արտահայտվում է համատարած լռությամբ:

Իսկ ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանն այդ միջոցառման մասնակիցներին: Ասել է, որ պետք է կառավարությանն աշխատելու ժամանակ տալ, և ՀԱԿ-ի կողմից այնքան էլ բարոյական չի լինի կառավարության ձևավորումից անմիջապես հետո պահանջել կառավարության հրաժարականը: Իսկ ինչու պաշտոնական հաղորդագրության մեջ չկա այս հատվածը, ինչու չկա կառավարությանն աշխատելու ժամանակ տալու որոշումը: Որովհետև պաշտոնապես հայտարարել դրա մասին` կնշանակի` պաշտոնապես ընդունել, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է իր նախկինում արտահայտած այն տեսակետից, որ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականին հասնելուց հետո քառյակը պետք է զարգացնի հաջողությունը`տապալի նոր կառավարության ծրագրի հաստատումը և դրանով ստիպի, որ իշխանություններն անցկացնեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հիմա այլևս պարզ է, որ ՀԱԿ-ը հրաժարվել է իր այդ պահանջից և որոշել է կառավարությանն աշխատելու ժամանակ տալ:

Երեկ տեղի ունեցած քառյակի հանդիպման ժամանակ որոշում է կայացվել կազմել 12 կետից կազմված հայտարարություն-պահանջագիր, որը պետք է ներկայացվի կառավարությանը: «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանն ասում է, որ այդ պահանջագիրն ուղղված է իշխանությանը, և այնտեղ կան և՛ տնտեսական, և՛ քաղաքական բնույթի պահանջներ:

Կարդացեք նաև

Քաղաքականն այն է, որ քառյակը պահանջելո՛ւ է անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, իսկ տնտեսականը` հրաժարվել պարտադիր կուտակային կնեսաթոշակային համակարգի ներդրումից: Կան նաև այլ մանր-մունր պահանջներ, որոնք ունեն ավելի շատ պոպուլիստական բնույթ, և որոնց վերաբերյալ կառավարությունն ու քառյակը կարող են կոմպրոմիսային համաձայնության գալ:

Օրինակ` հնարավոր է, որ փոփոխություններ կատարվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և որոշ մեղմացումներ կատարվեն որոշ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տուգանքների մասով: Այս հարցով կառավարությունն արդեն որոշ աշխատանքներ է կատարում, և գոնե այդ մասով քառյակի որոշ պահանջներ կառավարությունը կկատարի, և քառյակն աշնանը հերթական հաղթանակը կարձանագրի իշխանությունների նկատմամբ:

Բայց քառյակի երեկվա ամենակարևոր ձեռքբերումը ոչ թե 12 կետի պահանջն է, այլ այն որ քառյակը որոշել է կառավարությանը և ընդհանրապես իշխանությանը մինչև աշուն ժամանակ տալ. Ռուբեն Հակոբյանն ասում է՝ մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր: «Ժառանգության» խմբակցության ղեկավարն ասում է, որ քառյակում այս հարցով համաձայնություն է եղել, և քառյակի ներկայացուցիչները միասնական են եղել իշխանությանը ժամանակ տալու հարցում:

Մինչև վերջերս ՀԱԿ-ը, թեկուզ ոչ հրապարակայնորեն, հանդես էր գալիս համատեղ հանրահավաք կազմակերպելու պահանջով: Մի պահ նույնիսկ քառյակի նիստի ժամանակ քառյակի անդամները հանաձայնության էին եկել համատեղ հանրահավաք անցկացնելու հարցի շուրջ և պայմանավորվել էին, որ հաջորդ նիստի ժամանակ պետք է հստակեցնեն հանրահավաքի անցկացման կոնկրետ օրը և այն հարցերի շրջանակը, որը պետք է քննարկվի հանրահավաքի ժամանակ: Հիմա պարզվում է, որ հանրահավաքը ևս տեղափոխվում է աշուն:

Պարզ է, որ հանրապետական խորհրդի նիստը Լևոն Տեր-Պետրոսյանն անցկացրել է, որպեսզի լռեցնի իր կուսակցության ներսում առկա որոշ ըմբոստությունը: Ինչպես հայտնի է, ՀԱԿ որոշ անդամներ համարձակություն ունեն մեղադրելու կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին` ԲՀԿ-ի հետ համագործակցելու և այդ պատճառով իշխանափոխության գործը տապալելու մեջ, բայց այդ ամենը սպառվում է, երբ նրանց դեմ է դուրս գալիս Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իր անսխալականության աքսիոմայով ճնշում է ցանկացած այլակարծություն:

Իսկ արդյո՞ք քառյակը, բացի տնտեսականից և քաղաքականից, իշխանությունների հետ ունի արտաքին քաղաքական անհամաձայնություններ, և արդյո՞ք այդ տարաձայնությունները ֆիքսված են իշխանություններին ուղղված պահանջագրում, արդյոք կան արտաքին քաղաքական կուրսի փոփոխության կամ որոշ հարցերում ուղղումներ կատարելու առաջարկներ: Պատասխանելով մեր այս հարցին` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասում է, որ արտաքին քաղաքական գծի հետ կապված պահանջներ իրենց կազմած փաստաթուղթը չի պարունակում: Իսկ պատասխանելով մեր մյուս հարցին, թե արդյո՞ք արտաքին քաղաքական պահանջների բացակայությունը չի նշանակում, որ քառյակը համաձայն է իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետ, և այդ հարցում տարաձայնություներ չկան, Հակոբյանը պատասխանում է, որ պետք չէ այդպիսի եզրահանգումներ կատարել, և այդպիսի պահանջների բացակայությունը բացատրում է ընդամենը ժամանակի բացակայությամբ:

Հետաքրքիր պատճառաբանություն է. ժամանակ կա 100 տոկոս համամասնական ընտրությունների պահանջը ձևակերպելու համար, սակայն ժամանակ չկա պահանջելու` հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումից:

Մի պահ պատկերացնենք, որ քառյակի 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու պահանջն ընդունվում է, և հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քառյակը ներկայացնող կուսակցությունները մեծամասնություն են կազմում խորհրդարանում: Մի՞թե դրանից որևէ էական բան կարող է փոխվել Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրում: Բացարձակապես. եթե Հայաստանը շարունակելու է եվրասիական ինտեգրացիան և շարունակելու է լինել Ռուսաստան-Ղազախստան- Բելառուս եռյակի դաշնակիցը, ինչ փոփոխության մասին կարելի է խոսել:
Ի դեպ, երեկ այդ միությանը միանալու մասին Ռուսաստանի կողմից պաշտոնական առաջարկ է արվել Ադրբեջանին: Ադրբեջանի իշախանություններին Ռուսաստանը հավանաբար կառաջարկի ԵՏՄ-ին միանալ Ղարաբաղի հետ միասին:

Տեսանյութեր

Լրահոս