Բաժիններ՝

Արմեն Ալավերդյանը թվարկել է այն ոլորտները, որտեղ ստվեր կա

«Նոր կառավարությունը նոր խնդիրներ և նոր մարտահրավերներ է դնում, որոնք պետք է իրականացվեն, կյանքի կոչվեն: Ես կարծում եմ, որ մեզ պետք է լուրջ թափ տանք, որ այդ ստվերը թոթափենք: Ստվերով կարելի է հասնել հարկեր/ՀՆԱ 23% արդյունքի, բայց եթե ուզում ենք առաջիկա տարիներին որակական աճ ունենալ, ապահով, կայուն եկամուտ ունենալ, պետք է միջոցներ ձեռնարկել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք վարչապետի և խոշոր գործարարների հանդիպումն ինքնին որոշ առումով հարկային ամնիստիա՞ էր և արդյոք որոշ գործարարների հայտարարությունները, որ «եթե բոլորն անցնեն հարկային դաշտ», իրենք էլ կանցնեն, ինքնախոստովանությո՞ւն է:

Ըստ Ալավերդյանի՝ իրենց առաջին քայլերը լինելու են բիզնեսի հետ երկխոսության գնալը և, բոլորի հանդեպ թափանցիկ ձևով նույն չափորոշիները կիրառելով՝ ավելի շատ հարկեր բերելը: Փոխնախարարի խոսքով՝ բոլորն էլ հարկային դաշտում են, բայց հարցը ծավալներն են. «Խոսքը չի գնում 20-30 մլն դրամի մասին, դրա հաշվին բյուջե չի կատարվի: Խոսքը հարյուրավոր միլիոնների և միլիարդների մասին է, ինչը մենք հետևողականորեն պետք է իրականացնենք: Այս տարվա բյուջեով նախատեսված 1 տրլն 100 մլրդ եկամուտը չի կատարվի, եթե այս աճի պայմաններում ստվերը չկրճատվի»:

Մեր հարցին՝ ո՞ր ոլորտներում է հատկապես ստվերը, Ա.Ալավերդյանը պատասխանեց, որ շինարարության, կաթնամթերթի, հացամթերքի, վառելիքի, գազալցակայաններում վաճառվող գազի, իրացման, ամենաառաջնայինը՝ ներմուծման, որտեղ ցածր շահութաբերություն է, այսինքն՝ ինչ գնով ներմուծում են, այնքանով վաճառում են, մի մասը աշխատողներին չեն ցույց տալիս: Հատուկ աշխատանք է տարվելու առողջապահության ոլորտում, նաև մանրածախ առևտրի, հատկապես՝ սուպերմարկետների ու տոնավաճառների գծով:

«Որ ոլորտը վերցնում ենք, այդ ոլորտում առանձնահատուկ խնդիր կա»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ այս տարի հիմնախնդիրն ավելի է սրվել, քանի որ տնտեսական աճն անցած տարի սպասվածից ցածր էր, հետևաբար՝ այդ ցածր աճի ֆոնի վրա հարկային բարձր մուտքեր ապահովելու համար պարտադրված են ավելի լավ աշխատելու: Նա նշեց, որ վարչապետի և խոշոր բիզնեսի հանդիպումից հետո առանձնացվել են 16 ոլորտներ, յուրաքանչյուրի խոշոր դերակատարներին խորհրդակցության են հրավիրում, ներկայացնում իրենց առաքումների, ձեռքերումների տվյալները, խախտումների տոկոսները և առաջարկում են ինքնահայտարարագրման միջոցով իրենց շրջանառությունները հայտարարագրեն և իրական շրջանառությունը ցույց տան.

Կարդացեք նաև

«Եթե գնան այդ քայլին, կլինենք մեղմ, ստուգումներ, չափագրումներ, ուրիշ գործիքներ չենք կիրառի, եթե չեն համաձայնում,հիմնավորումներն էլ ենք լսում, բայց կան սուբյեկտներ, որ հաստատ գիտենք, որ այստեղ մեծ ստվերայնություն կա՝ չհայտարարվող շրջանառություն, ցածր գներ, իսկ շահութաբերությունը, պատկերացրեք, 2% է:

Ներմուծողների մոտ համատարած շատ ցածր է շահութաբերությունը: Ամեն մի ոլորտն իր խնդիրն ունի և, ըստ սուբյեկտների՝ իրենց ծանուցագրեր ու վերլուծականներ ենք ներկայացնում: Կյանքը ցույց է տալիս, որ իրենց մի մասն ուղղվում է, իսկ եթե չեն գնում մեր առաջարկին, մենք ծրագիր կկազմենք և մեր մարմինները՝ ստուգող, վերստուգող, քննչական, մեր բազմապիսի գործառույթները պետք է իրականացնեն, ընդհուպ պետք է գնանք բռնագանձման հայտերի, գույքի բռնագանձումների: Եթե դա էլ չազդի, բայց մենք հիմնավորումներ ունենանք, կգնանք մինչև քրեական գործողությունների, պատասխանտվության կիրառման»:

Վարչապետի հայտարարությունը, որ «արտոնյալներ չեն լինելու», Ա. Ալավերդյանի բնորոշմամբ, իրենց համար գործնական քայլերի ուղեցույց է. «Ես, որպես ոլորտի պատասխանատու կառույցի ներկայացուցիչ, պարտավոր եմ իրագործել այդ թեզը»:

Ալավերդյանը նկատեց, որ ստվերը եղել է ՀՀ անկախության առաջին տարվանից, մինչև այսօր ու կլինի, իսկ հարկային մարմնի աշխատանքի որակն այն է եղել, որ հարկեր/ՀՆԱ-ն 6-7%-ից հասցրել են 23%-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս