Որքան գումար ունեն Գագիկ Հարությունյանն ու ՍԴ մյուս անդամները
«168 Ժամն» իր նախորդ հրապարակումներում ներկայացրել է ՀՀ առաջին, վերաքննիչ, վճռաբեկ ատյանների դատարանների դրամական միջոցների չափը: Այս անգամ ներկայացնում ենք, թե դրամական միջոցներ ունեն ՀՀ Սահմանադրական դատարանի անդամները՝ ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրերի:
1996թ. փետրվարի 6-ին Ազգային ժողովի կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ նշանակված Գագիկ Հարությունյանի 2013թ. ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա սկզբում նա ունեցել է 3 մլն 800 000 դրամ և 2200 դոլար: Հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցներն, ըստ ներկայացված հայտարարագրի, ավելացել են՝ կազմելով 4 մլն 700 000 դրամ և 3600 դոլար: Գ. Հարությունյանի 2012թ. հայտարարագրում նշված է, որ հարկային տարվա սկզբում ունեցել է 5 մլն 700 հազար դրամ, 5200, ինչպես նաև 2700 եվրո: Հարկային տրվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 3 մլն 800 000 դրամ, 2200 դոլար և 1700 եվրո:
Նշենք, որ Գագիկ Հարությունյանը նախկինում եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ փոխնախագահ, 1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. հուլիսը եղել է ՀՀ վարչապետ:
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանը, ըստ 2013թ. հայտարարագրի՝ տարեսկզբին ունեցել է 10 000 դոլար, իսկ տարեվերջին՝ 7000 դոլար: Հարկային տարում անձի եկամուտները ստացվել են աշխատանքի վարձատրությունից, կենսաթոշակից և «այլ եկամուտներից»: 2012թ. հայտարարագրի համաձայն՝ Վալերի Պողոսյանի դրամական միջոցները թե հարկային տարվա սկզբին, թե ավարտին կազմել են 10 000 դոլար: Նա ՍԴ անդամ է 1996 թվականից: Նա նախկինում եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՆԳՆ նախարար:
Սահմանադրական դատարանի անդամ Մանուկ Թոփուզյանի 2013թ. հայտարարագրում թե հարկային տարվա սկզբի, թե վերջի համար տվյալներ չկան: Որպես եկամտի միջոց` նշված է միայն աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումներ: Մ. Թոփուզյանի 2012թ. հայտարարագրում ևս դրամական միջոցների մասին տվյալներ չկան: Հիշեցնենք, որ Մ. Թոփուզյանը նախկինում եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, նախագահի խորհրդական. ՍԴ անդամ նա նշանակվել է 2009թ.:
2010թ. դեկտեմբերի 8-ի ՀՀ նախագահի հրամանով ՍԴ անդամ նշանակված Արևիկ Պետրոսյանի 2013թ. հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա սկզբին նա ունեցել է 20 մլն դրամ, իսկ տարվա վերջին՝ 500 000 դրամ և 90 000 դոլար: 2012թ. հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա սկզբում ՍԴ անդամ Ա. Պետրոսյանն ունեցել է 17 մլն 500.000, իսկ տարեվերջին՝ 20 մլն դրամ: Ա. Պետրոսյանը նախկինում աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Իրավաբանական վարչությունում, Արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ, 2007թ. նա ընտրվել է ԱԺ պատգամավոր, այնուհետև՝ ԱԺ նախագահի տեղակալ:
ՀՀ նախագահի հրամանով 1996թ.փետրվարից Սահմանադրական դատարանի անդամ նշանակված Հրանտ Նազարյանը 2013թ. հայտարարագրում անձի դրամական միջոցները բաժնում տվյալներ չի նշել: Որպես նրա եկամտի աղբյուր` նշված է միայն աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ: 2012թ. հայտարարագրում ևս դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ չկան: Հ. Նազարյանը մինչև ՍԴ անդամ նշանակվելն աշխատել է Գերագույն խորհրդի քարտուղարության իրավաբանական բաժնում, նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում:
2010թ. ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Աշոտ Խաչատրյանի 2013թ. հայտարարագրի համաձայն՝ տարեսկզին ունեցել է 49 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 9 մլն դրամ և 38 000 դոլար: ՍԴ անդամը 2012թ. հայտարարագրում նշել է, որ հարկային տարվա սկզբում ունեցել է` 62 մլն, իսկ հարկային տարվա վերջում՝ 49 մլն դրամ: 2004-2010թթ. նա աշխատել է ԱԺ Իրավաբանական վարչության պետ:
1997թ. Սահմանադրական դատարանի անդամ նշանակված Ֆելիքս Թոխյանի 2013թ. հայտարարագրի համաձայն՝ նա հարկային տարվա սկզբում 100 000, իսկ տարեվերջին՝ 400 000 դրամ է ունեցել: Որպես ՍԴ անդամի եկամտի միջոց նշված է միայն աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումներ: 2012թ. հայտարարագրի համաձայն՝ ՍԴ անդամը տարեվերջին պակասեցրել է իր դրամական միջոցների չափը. հարկային տարվա սկզբում նա ունեցել է 400 000 դրամ, իսկ տարեվերջին՝ 100 000 դրամ: Նշենք, որ Ֆելիքս Թոխյանը նախկինում աշխատել է Գերագույն խորհրդում՝ որպես Մանդատային հանձնաժողովի փորձագետ, ՀՀ Գերագույն դատարանի ատենակալ:
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ նախկին անդամ, Արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայի դատահետքաբանական և ձգաբանական փորձաքննությունների բաժնի նախկին ավագ փորձագետ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, 2003թ. նոյեմբերից ՀՀ ՍԴ անդամ Կիմ Բալայանի ներկայացրած 2013թ.. հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 800 000 դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 2 մլն 100 000 դրամ: Հայտարարագրում որպես հարկային տարում ՍԴ անդամի եկամտի տեսակ` ներկայացված են աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, ինչպես նաև գույքն օտարելուց ստացված եկամուտը: 2012թ. հայտարարագրում ՍԴ անդամը նշել է, որ հարկային տարվա սկզբում ունեցել է 1 մլն 500 000, իսկ հարկային տարվա վերջում՝ 800 000 դրամ:
ՀՀ ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի 2013թ. հայտարարագրի տվյալներով՝ նա թե հարկային տարվա սկզբին, թե վերջին ունեցել է 20 000 դոլար: 2012թ. հարկային տարվա սկզբին ՍԴ անդամն ունեցել է 20 000 դոլար, իսկ տարեվերջին այն նվազել է՝ դառնալով 10 000 դոլար: Նախկինում Վ. Հովհաննիսյանը զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:
ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի 2013թ. հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա սկզբում նրա կարողությունը կազմել է 255 000 դրամ, իսկ տարվա վերջում այն ավելացել է՝ դառնալով 310 000 դրամ: Ա. Հակոբյանի 2012թ. հայտարարագրի համաձայն՝ տարեսկզբին նա դրամական միջոցներ չի ունեցել, իսկ տարեվերջին արդեն ունեցել է 255 000 դրամ: Որպես եկամտի աղբյուր՝ Առուշան Հակոբյանը նշել է աշխատանքի վարձատրությունը և կենսաթոշակը: