Գ. Ղազինյան. Սահմանադրությունը պետք է շոշափի հասարակության բոլոր խավերի շահերը
Մայիսի 29-ին ավարտվեց ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ Երևանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկման եռօրյա փուլը:
Քննարկման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը և խթանել առավել ընդգրկուն մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ընթացքում: Քննարկմանը մասնակցում էին իրավաբաններ, լրագրողներ, հասարակական, քաղաքական ու միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև դատական իշխանության ներկայացուցիչներ:
Ելույթով հանդես եկան Հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը և հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանը:
Հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, ընդգծեց, որ Սահմանադրությունը պետք է ապահովի ֆունկցիոնալ ու կառուցվածքային այնպիսի մոդել, որով կտրվեն հստակ երաշխիքներ մարդու իրավունքների պաշտպանվածության և դատական համակարգի լիարժեք անկախության համար, պետք է մտցվի գործառութային հստակեցում, որից հետո՝ կառուցակարգային և դատարանակազմական սկզբունքներ: Նա կարևորեց այնպիսի համակարգի ներդրումը, որը պետք է ապահովի դատական համակարգի՝ որպես իշխանության առանձին ճյուղի կայացումն ու ամրապնդումը՝ հիմնվելով զսպման և հակակշռման մեխանիզմի հստակ գործառնականության վրա՝ մատնանշելով ԱՄՆ օրինակը: «Մենք ունենք դատարաններ, բայց արդարադատություն կունենանք այն դեպքում, եթե համակարգը գործի»,- նշեց Հանձնաժողովի նախագահը:
Գագիկ Հարությունյանն անդրադարձավ նաև դատարանների գործունեության հայեցողությանը՝ նշելով, որ հստակ սահմանված չեն դրա համար անհրաժեշտ չափորոշիչները: Անդրադարձ եղավ նաև դատարանների ինքնակարգավորման և ինքնակառավարման մեխանիզմների բացերին, որոնք նույնպես բացասաբար են ազդում դատական իշխանության անկախության վրա: Ամփոփելով իր խոսքը՝ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ պետք է պահպանվի սահմանադրականության հաշվեկշիռը հասարակական հարաբերություններում, այլապես իրավունքների խախտումից հնարավոր չի լինի խուսափել:
Զեկուցող Գ. Ղազինյանն առանձնացրեց 2 կարևորագույն ասպեկտ՝ Սահմանադրությունը պետք է շոշափի հասարակության բոլոր խավերի շահերը, այսինքն՝ գործի իբրև հասարակական համաձայնության ինստիտուտ և Դատական իշխանության կայացման համար ոչ միայն պետք է անդրադարձ կատարվի դատարանակազմական, կառուցվածքային հիմնախնդիրներին, այլև՝ գործառութային ասպեկտին, ինչպես դատական իշխանությունը պետք է իրականացնի իր գործառույթները: Նա օրինակ բերեց գործող սահմանադրության 92-րդ հոդվածը, որտեղ ամրագրվում է, որ «Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով», սակայն Սահմանադրությամբ այդպիսի լիազորություններ սահմանված չեն:
Բանախոսը, նաև մտահոգություն հայտնեց կալանքի կիրառման մասով՝ բերելով վիճակագրական տվյալ, համաձայն որի՝ կալանքի վերաբերյալ միջնորդության 95 տոկոսը բավարարվում է: Ըստ նրա՝ դա դատական իշխանության գործունեության արդյունավետության ապահովման երաշխիքների բացակայության մասին է խոսում, ովքեր չեն կարողանում վեր կանգնել անձնական կաշկանդվածությունից: Առաջարկ եղավ նաև Արդարադատության խորհրդում ընդգրկել թոշակի անցած պրոֆեսիոնալ իրավաբանների, ովքեր իրենց փորձով կնպաստեն այդ կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Բանախոսների կողմից կարևորվեց Սահմանադրության՝ որպես հասարակական համաձայնության ինստիտուտի արժեհամակարգային բաղկացուցիչը, որը պետք է ապահովի մայր օրենքի գործառնական բավարար մակարդակ՝ հաշվի առնելով անցումային հասարակության արժեհամակարգային փոփոխությունների դինամիկան: Քննարկման ավարտին կազմակերպվեց նաև հարցուպատասխան: Ներկաներին մտահոգում էին դատական համակարգի անկախութայն մեխանիզմների ապահովման, ատենակալների ինստիտուտի ներդրման, դատական եռաստիճան համակարգից երկաստիճանի անցման և այլ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին