Ինչպես է ՕԵԿ-ը փորձում ձեռք բերել հանրային աջակցություն և ընտրազանգված

Երբ ապրիլի 13-ին նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին, ՕԵԿ-ը հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցել նրա կողմից նոր կառավարության ձևավորմանը, և իրեն հայտարարեց ընդդիմություն: Հասկանալի է, որ ՕԵԿ-ը փորձելու էր իր այդ քայլով հետ բերել այն ընտրազանգվածը, որը նա կորցրել էր իշխանության հետ համագործացելու արդյունքում: Հենց այդ ժամանակվանից սկսվեցին քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք ՕԵԿ-ը կկարողանա վերադարձնել կորցրածը, ձեռք բերել հանրային վստահություն, թե հասարակությունը վերջնականապես և անվերադարձ հիասթափվել է ՕԵԿ-ից և այլևս չի կարող վստահել այս կուսակցության տված խոստումներին:

ՕԵԿ-ի գործողությունները ցույց են տալիս, որ նա որոշել է չշեղվել իր կողմից նախկինում օգտագործված և բավական լավ արդյունքներ ապահոված մարտավարությունից. աշխատել հասարակության առանձին շերտերի վրա: Հիշո՞ւմ եք` նախկինում ՕԵԿ-ի այցեքարտը խորհրդային բանկերում ավանդադրված գումարների վերադարձի խոստումն էր և աղետի գոտու բնակչության բնակարանային և սոցիալական խնդիրների շուտափույթ լուծումը: Այս անգամ ՕԵԿ-ը թիրախավորել է հասարակության այլ շերտեր և խմբեր, որոնք իրենց թվաքանակով, կարող է, ավելի փոքր են, քան աղետի գոտու բնակիչները կամ ԽՍՀՄ բանկերի ավանդատուները, բայց հանրագումարում նրանք բավական մեծ թիվ են կազմում և կարող են այս կուսակցության համար լուրջ ընտրազանգված դառնալ:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի և խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանի համահեղինակությամբ խորհրդարանի քարտուղարություն է մուտք արվել միանգամից հինգ օրենքի նախագիծ, որոնք, անկախ նրանից` կընդունվե՞ն, թե՞ ոչ, քարոզչական հզոր զենք կարող են դառնալ այս կուսակցության ձեռքին:

ՕԵԿ խմբակցության կողմից ներկայացված օրենքներից մեկը վերաբերում է «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների պաշտպանությանը»: Այս օրենքի նախագծով նախատեսվում է որոշակի արտոնություններ և փոխհատուցումներ ճառագայթային հիվանդությամբ հիվանդացած և հաշվմանդամ դարձած անձանց համար:

Մասնավորապես, օրենքի նախագծի հինգերորդ հոդվածով նախատեսվում է, որ նշված անձինք իրավունք ունեն «Անվճար ամենամյա բժշկական հետազոտման`համապատասխան մասնագետների ներգրավմամբ, ամեն տարի անվճար դեղորայքի ձեռքբերմամբ`բժշկի դեղատոմսով, անվճար ատամնապրոթեզավորման`բացառությամբ պրոթեզի թանկարժեք մետաղից, անվճար առողջարանային ուղեգրերի ապահովման`ՀՀ կառավարության սահմանված կարգով»:

Օրենքի նախագծով նշվում է, որ այդ արտոնություններից օգտվում են նաև այն անձինք, որոնց հիվանդությունները պայմանավորված են նրանց ծնողների ճառագայթված լինելով: Չեռնոբիլի ատոմակայանի աղետից տուժած ՀՀ քաղաքացիների թիվն այնքան էլ փոքր չէ, և եթե դրան գումարում ենք նաև նրանց երեխաներին, որոնք իրենց ցանկացած հիվանդություն կարող են պայմանավորել իրենց ծնողների ճառագայթված լինելով, ապա կարելի է ասել, որ այն մարդկանց թիվը, ովքեր շահագրգռված կլինեն նման օրենքի ընդունմամբ, կարող է անցնել 10 հազարի սահմանը: Այս մարդիկ, անկասկած, շահագրգռված կլինեն նման օրենքի ընդունմամբ, քանի որ կցանկանան պետության հաշվին առողջարան գնալ և պրոթեզ ունենալ, թեկուզ այն ոսկուց կամ պլատինից չլինի:

Մյուս օրենքի նախագիծը վերնագրված է` «Մեծահասակների կրթության մասին»: Այս օրենքի գործողության նպատակը բավական մշուշոտ է, քանի որ ըստ օրենքի հեղինակների` այն պետք է համակարգի մեծահասակների կրթությունը ՀՀ-ում: Օրինակ «ողջ կյանքի ընթացքում անձի ուսումնառության հնարավորության ապահովումը, կամ մեծահասակների կրթության որակի ապահովումը, Սահմանադրությամբ ամրագրված անձի կրթության իրավունքի ապահովումը և պաշտպանությունը»:

Հայաստանում կա օրենք «Կրթության մասին», և անհասկանալի է, թե ինչ խնդիր է լուծում այս նոր օրենքը, և ի՞նչ տարբերություն` կրթություն ստացողը մանկահասակ է, միջահասակ, թե՞ մեծահասակ: Բայց մի բան պարզ է, որ օրենքի հեղինակներն առաջարկում են ստեղծել մեծահասակների կրթությունը վերահսկող` ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմին:

Օրենքի նախագծում այսպիսի ձևակերպում կա. «Մեծահասակների կրթությունը վերահսկող մարմինը ՀՀ կառավարության կողմից լիազորված և այդ ոլորտում իրավունքներ և պարտականություններ ունեցող մարմինն է»: Կարելի է ենթադրել, որ խոսքը Կրթության և գիտության նախարարության մասին չէ, քանի որ, եթե այդ նախարարությունը պատշաճ զբաղվեր մեծահասակների կրթության ապահովմամբ, երևի այսպիսի օրենքի գաղափար էլ չառաջանար:

Այս օրենքը սահմանում է նաև կրթության այն տեսակները, որոնք կարող են ստանալ մեծահասակները, այդ թվում` հանրակրթական, մասնագիտական և այլն: Բայց կարևոր է, որ օրենքը նախատեսում է, որ մեծահասակը կարող է ստանալ «ակամա կրթություն»: Օրենքում սահմանվում է` թե որն է ակամա կրթությունը. «Մեծահասակների ակամա կրթություն. մեծահասակների ակամա կրթությունը ամենօրյա կյանքի բնական բաղկացուցիչն է: Ի տարբերություն ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությանը, ակամա կրթությունը չի ենթադրում պարտադիր ուսումնառություն և անհատի գիտելիքների և ունակությունների ավելացմանն աջակցություն»: Կարելի է ենթադրել, որ մեծահասակների կրթությունը վերահսկող լիազոր մարմինը պետք է վերահսկի նաև մեծահասակների «ակամա կրթությունը», այնպիսի քայլեր ձեռնակի, որ մեծահասակներն ամենօրյա կյանքի ընթացքում չստանան վնասակար գիտելիքներ: Այդ նպատակով` հնարավոր է, որ լիազոր մարմինը սահմանափակի մեծահասակների շփումն ինտերնետային որոշ կայքերի և նույնիսկ այն մարդկանց հետ, որոնք կարող են բացասական ազդեցություն գործել «ակամա կրթության» որակի վրա:

ՕԵԿ խմբակցության մյուս օրենքը վերաբերում է նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելուն: Այս նախագծով սահմանվում է, որ «նորաստեղծ ընտանիք է համարվում ՀՀ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առաջին անգամ ամուսնացող տղամարդու և կնոջ ամուսնությունը գրանցելու օրվանից մինչև մեկ տարի ժամկետը ստեղծված ընտանիքը»:

Ըստ այս նախագծի` նորաստեղծ ընտանիքներին պետական բյուջեից պետք է միանվագ տրամադրվի դրամական օգնություն, որի նվազագույն չափը «չի կարող պակաս լինել, քան 300 հազար դրամը»: Օրենքի նախագծի հեղինակներն այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը բացատրում են ՀՀ-ում ժողովրդագրության և ծնելիության հետ կապված խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ: Պատկերացնո՞ւմ եք, որքան կբարձրանա ՕԵԿ-ի հեղինակությունն այն մարդկանց շրջանում, ովքեր ցանկանում են ընտանիք կազմել. ՕԵԿ-ն առաջարկում է նրանց 300 հազար դրամ տալ: Հնարավոր է, որ մինչև ՕԵԿ-ի իշխանության գալը Հայաստանում ընդհանրապես ընտանիքներ չկազմավորվեն. մարդիկ կսպասեն, մինչև ՕԵԿ-ը գա իշխանության, այս օրենքը ընդունվի, որպեսզի իրենք կարողանան ստանալ այդ ֆինանսական օգնությունը:

Ծայրահեղ դեպքում ընտանիքը կկազմավորվի, բայց ամուսիններով կպայմանավորվեն, որ իրենց ամուսնությունը կգրանցեն միայն ՕԵԿ-ի իշխանության գալու դեպքում: Պատկերացնո՞ւմ եք, ինչ թիվ կկազմեն առաջիկա երեք տարիների ընթացքում նոր ընտանիք կազմողները, նրանց ծնողները և նույնիսկ նրանց բարին կամեցողները:

ՕԵԿ հաջորդ թիրախը հաշմանդամներն են: ԵՕԿ խմբակցության ներկայացրած օրենքի հաջորդ նախագիծը վերաբերում է «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությանը»: Այս օրենքի նախագծի հմայքն այն է, որ նախատեսում է ստեղծել «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ազգային հանձնաժողով», որը պետք է ունենա 11 անդամ: Հանձնաժողովի անդամներից 6-ը լինելու են հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, իսկ մյուս հինգը` հաշմանդամների հետ կապված բժշկական, իրավական գործառույթներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրենքի նախագծով նախատեսվում է. «Հանձնաժողովի և նրա աշխատակազմի աշխատողների վարձատրության և պարգևավճարների չափերը հաստատում է հանձնաժողովը»: Շատ խելոք է մտածված. հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին գործ ու աշխատավարձ խոստանալ. որպեսզի նրանք էլ իմանան, թե ընտրությունների ժամանակ դեպի ուր են կողմնորոշում հաշմանդամ ընտրողներին:
ՕԵԿ-ը ներկայացրել է նաև օրենքի նախագիծ «Արտադպրոցական կրթության մասին»: Թե այս նախագիծն ընտրողների որ խմբին է ուղղված և ինչ էլեկտորատ այն կարող է ապահովել ՕԵԿ-ին, դժվար է ասել: Բայց որ օրենքը գրվել է ու ներկայացվել ԱԺ, ուրեմն «տակը մի բան կա»:

Ինչ խոսք, սա դեռ սկիզբն է. և առաջիկայում ՕԵԿ խմբակցությունը հանդես կգա նոր օրենսդրական նախաձեռնություններով: Օրինակ, ինչո՞ւ միանվագ դրամական օգնություն չհատկացնել դպրոցը նոր ավարտողներին, բանակից զորացրվածներին կամ համալսարանավարտներին: Ինչո՞ւ չգրել օրենքի նախագիծ քաղաքացուն աշխատանքով ապահովելու կամ նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ սահմանելու մասին:

Իհարկե, ՕԵԿ-ում գաղափարների պակաս չկա, և մենք առաջիկայում կտեսնենք մեր և մեր շրջապատի կյանքն ու կենցաղը դեպի դրականը փոխելուն ուղղված նոր օրենքի նախագծեր, որոնց մեծ մասը գործող իշխանությունը չի ցանկանա կամ չի կարողանա իրականացնել, և, եթե մենք ուզում ենք տեսնել այդ գաղափարների իրականացումը, պետք է ամեն ինչ անենք հանուն նրա, որ հաջորդ կառավարությունը լինի ՕԵԿ-ական:

Տեսանյութեր

Լրահոս