Իրանի հրթիռային կարողություններն աճել են հունիսյան պատերազմից ի վեր․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի պաշտպանական և հրթիռային կարողություններն ամրապնդվել են հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո՝ ընդգծելով, որ թշնամուն չի հաջողվել հակամարտության ընթացքում հասնել իր նպատակներից որևէ մեկին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim  գործակալությունը։

Ելույթ ունենալով Համադան նահանգի վարչական խորհրդի նիստում՝ Արաղչին նշել է, որ թշնամին 12-օրյա պատերազմի ընթացքում պարտվել է իր բոլոր նպատակներում։

Արաղչին նաև հավելել է, որ «հակամարտության ընթացքում սիոնիստական ​​ռեժիմի երկինքը, չնայած իր բազմաշերտ պաշտպանական համակարգերին և արևմտյան օժանդակությանը, գտնվում էր իրանական հրթիռների հասանելիության սահմաններում»։

Նա շեշտել է, որ Իրանի տեղական արտադրության հրթիռները, որոնք առաջին անգամ օգտագործվել են իրական պատերազմում, դարձել են ավելի ճշգրիտ և արդյունավետ, քանի որ դրանց թույլ կողմերն ամեն օր բացահայտվել ու շտկվել են։

Նա դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում՝ հավելելով, որ ԱՄՆ-ի աջակցությամբ իսրայելական կողմը խախտել է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները։

Տեսանյութեր

Լրահոս