«Հեզբոլլահ»-ը մերժել է Իսրայելի հետ բանակցությունները
Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք օրինական իրավունք ունեն «դիմադրելու իսրայելական օկուպացիային»։ Զինյալները հայտարարել են, որ Լիբանանը պարտավոր չէ ներքաշվել Իսրայելի հետ քաղաքական բանակցությունների մեջ։
«Լիբանանի ներկայիս առաջնահերթությունն ագրեսիան դադարեցնելն է՝ համաձայն հրադադարի հռչակագրի և սիոնիստական թշնամուն ճնշելը, որպեսզի նա պահպանի հրադադարը։ Լիբանանը չպետք է ագրեսիվ շանտաժի ենթարկվի կամ սիոնիստական թշնամու հետ քաղաքական բանակցությունների մեջ ներքաշվի։ Նման բանակցությունները չեն ծառայում ազգային շահին և ստեղծում են գոյաբանական ռիսկեր»,-ասվում է հայտարարության մեջ։
«Հեզբոլլահ»-ից հայտնել են, որ շարունակելու են պայքարը Լիբանանի ինքնիշխանության պահպանման նպատակով։ «Մենք հաստատում ենք մեր օրինական իրավունքը՝ դիմադրելու օկուպացիային և ագրեսիային, ինչպես նաև կանգնելու մեր բանակի և մեր ժողովրդի կողքին՝ մեր երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
«Հեզբոլլահն» իր ուղերձն ավարտել է՝ կոչ անելով լիբանանյան բոլոր խմբավորումներին ընդունել միասնական և արժանապատիվ ազգային դիրքորոշում։ Շարժումը պնդել է, որ միայն նման միասնությունը կարող է արդյունավետորեն դիմակայել արտաքին սպառնալիքներին։
Նոյեմբերի 4-ին Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է Իսրայելի հետ բանակցությունների անհրաժեշտության մասին՝ նշելով, որ իր երկիրն այլընտրանք չունի։

