«Ադրբեջանի տարածքով Հայաստան եկած ցորենի համար հայ ազգը ծանր գին է վճարելու. Ադրբեջանն իր նախապայմանները չի թաքցնում»

Երեկ երեկոյան Էկոնոմիկայի նախարարն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայ հասարակությանը մեծ հպարտությամբ ազդարարեց՝ «Ադրբեջանի տարածքով, վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Հայաստան ժամանեց հացահատիկով բեռնված գնացքը։

Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ արդեն ունենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության արտացոլումը հողի վրա՝ տնտեսական կյանքում»։

Ի դեպ, Կառավարության պաշտոնական էջի միջոցով էլ ուղիղ եթեր էր ապահովվում, թե ինչպես է այդ ցորենը հասնում Հայաստան։

Այսօր Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում իր գոհունակությունն արտահայտեց Ադրբեջանին՝ իր տարածքով Հայաստան ցորեն փոխադրելը թույլ տալու համար։

Կարդացեք նաև

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանի տարածքով ցորենը հենց այնպես չի հասել Հայաստան, դա իր գինն ունի Հայաստանի համար։

«Մինչ այս, այդ ցորենը Հայաստան է հասել հիմնականում Ռուսաստանից, բերվել են Վրաստանի տարածքով. սկզբից՝ ծովով, հետո՝ արդեն երկաթգծով։

Խնդիրն այստեղ սա չէ. ովքեր քիչ թե շատ հասկանում են քաղաքականությունից, ապա կիմանան, որ Ադրբեջանն այնքան բարյացակամ չէ, որ իր տարածքը հենց այնպես տրամադրի Հայաստան ցորեն փոխադրելու համար, դրա համար նրանք նախապայմաններ են առաջ քաշել, ընդ որում՝ դրանք Ադրբեջանը չի թաքցնում։

Նախ, ըստ Ալիևի, պետք է 300.000 ադրբեջանցի վերադառնա «Արևմտյան Ադրբեջան»։ Այսինքն՝ այդ ցորենն Ադրբեջանի տարածքով է Հայաստան հասել, որ ադրբեջանցիները գան ու վերաբնակեցվեն Հայաստանում։

Երկրորդը՝ պետք է «միջանցքը» լինի և Ադրբեջանին տրվի «անկլավները», այստեղ առաջին հերթին խոսքը վերաբերում է Տիգրանաշենին։ Այս ամենի հետ կապված մեր կասկածները չեն փարատվում, իսկ հայկական կողմը հորթի հրճվանքով ընդունում է  այն ամենը, ինչ անում է Ալիևը»,- 168.am հետ զրույցում նշեց Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այստեղ կան նաև այլ խնդիրներ. օրինակ. պետք է հասկանալ, թե այդ ցորենն ինչպիսի՞ տարիֆներով է անցնելու Ադրբեջանի տարածքով, որքանո՞վ է դրա ինքնարժեքն իջեցվելու, արդյո՞ք դրանով ՀՀ-ում հացի արժեքը նվազելու է, որն այսօր շեշտակի բարձրացել է։

«Ուղղակի մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ ամեն ինչի տակ կան գաղտնի պայմանավորվածություններ, դրա համար պետք է հասկանանք՝ արդյո՞ք սա մեզ անհրաժեշտ էր այս ձևով, թե՞ ոչ։ Այս ամենից հետո Ադրբեջանից շատ լուրջ կխոսեն 300.000 ադրբեջանցու Հայաստան բերելու մասին, երբեք Հայաստանում այդ թվով ադրբեջանցիներ չեն եղել, եղել է ընդամենը 150.000։ Նրանք Հայաստանից հեռացել են  ոչ թե ուժի գործադրմամբ, ինչպես արցախցիներին նրանք բռնի տեղահանեցին, այլ կարողացել են իրենց տները վաճառել կամ փոխանակել, այնուհետև վերադառնալ Ադրբեջան։ 

Մինչդեռ Ադրբեջանից 700.000-ից ավելի հայ փախստական ունենք, նրանք ապրել են իրենց բնօրրանում։ Հետևաբար, երբ խոսում են 300.000 ադրբեջանցու վերադարձի մասին, սա ոչ թե նոնսենս է, այլ դրանով թքում են մեր երեսին, եթե չենք կարողանում դրան դիմագրավել»,- հավելեց Արամ Սարգսյանը։

Նա բոլորի ուշադրությունը հրավիրեց այն խնդրի վրա, որ այսօր ՀՀ իշխանությունը որևէ կերպ պայման առաջ չի քաշում Արցախ՝ արցախահայերի վերադարձի մասին, որոնք էթնիկ զտման են ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Մինչդեռ Ադրբեջանը խոսում է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին, որոնք Հայաստանում ընդամենը եղել են քոչվորի կարգավիճակում։

«Հիմա նստել ու հրճվում են, որ ադրբեջանցիներն իրենց տարածքով ցորեն են բաց թողել, որ գա, հասնի Հայաստան։

Այս պայմաններում, երբ հայկական կողմը չի խոսում հայ գերիների վերադարձի, օկուպացված տարածքների մասին, ի՞նչ խաղաղության մասին են խոսում։

Հիշեցնեմ, դեռ 1947 թվականին, երբ Հայաստանը պատրաստվում էր ընդունել մեր հայրենակիցներին սփյուռքից, Կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Հարությունովը դիմում է գրում Մոսկվա՝ Քաղբյուրոյին, որ «հաշվի առնելով այն, որ հայերը ներգաղթելու են դեպի հայրենիք, Լեռնային Ղարաբաղն առաջարկում ենք վերադարձնել Հայաստանին, որպեսզի կարողանանք մեր հայրենակիցներին բնակեցնել այնտեղ»։ Սուսլովն այս ամենի մասին հաղորդում է Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Բահիրովին, նա էլ նամակ է գրում ու պատասխանում. «Քանի որ հայերը վերադառնում են, մենք պատրաստ ենք Հայաստանից 100 հազար ադրբեջանցու վերադարձնել Ադրբեջան՝ հայերի համար տեղ ազատելու համար»։ Երբ հայերը սփյուռքից վերադարձան Հայաստան, այստեղ ադրբեջանցի գրեթե չկար, սակայն դրանից հետո աստիճանաբար նրանք կրկին եկան՝ հովվի ու այլնի տեսքով, նրանք քոչվոր են եղել Հայաստանում»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։

Նա նաև մտավախություն հայտնեց՝ ադրբեջանցիներն այդպես արել են նախկինում, այդպես են անելու նաև հիմա։ Դրա համար հայ ազգը պետք է լայնախոհ լինի ու խորը մտածի, գիտակցի, թե Ադրբեջանի տարածքով Հայաստան հասած ցորենն ի՞նչ վտանգներ է պարունակում։

Տեսանյութեր

Լրահոս