ՌԴ-ն ուսումնասիրում է միջուկային զենքի փորձարկումներ սկսելու հնարավորությունը․ Պուտինը ԱԽ հրատապ նիստ է անցկացրել

Նախօրեին Մոսկվայում կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք գերատեսչությունների՝ բոլոր հատուկ ծառայությունների և Պաշտպանության նախարարության ղեկավարներին հանձնարարել է իրենց նկատառումները ներկայացնել միջուկային զենքի փորձարկումների վերսկսման վերաբերյալ։

Այս թեման հրատապ է դարձել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախորդ շաբաթ հնչեցրած հայտարարությունից հետո, որի համաձայն՝ Վաշինգտոնն «անհապաղ վերսկսում է միջուկային սպառազինության փորձարկումները»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, իրականացրել են ստորգետնյա միջուկային փորձարկումներ, և, որ Միացյալ Նահանգները կհետևի նրանց օրինակին։ «Ռուսաստանի փորձարկումը, Չինաստանի փորձարկումը: Բայց նրանք դրա մասին չեն խոսում: Դուք պարտադիր չէ, որ իմանաք, թե որտեղ են նրանք փորձարկումներ անում։ Նրանք ստորգետնյա փորձարկումներ են անցկացնում, և մարդիկ ճշգրիտ չգիտեն, թե ինչ է կատարվում փորձարկման հետ: Ես ասում եմ, որ մենք փորձարկելու ենք միջուկային զենք, ինչպես անում են այլ երկրները»,- CBS-ի «60 րոպե» ծրագրում ասել էր ԱՄՆ նախագահը՝ հավելելով, թե  չի ցանկանում, որպեսզի ԱՄՆ-ը լինի միակ երկիրը, որը փորձարկում չի անում։

Թրամփի այս հայտարարություններին հաջորդած ՌԴ ԱԽ նիստի ընթացքում  պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն առաջարկել է «անհապաղ սկսել լայնածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստում»՝ վկայակոչելով փոփոխված միջազգային իրավիճակը։ Պուտինն իր հերթին՝ հանձնարարել է ԳՇ պետ Վալերի Գերասիմովին ներկայացնել ռազմական հրամանատարության դիրքորոշումն այս հարցի մասին: Պուտինն ասել է նաև, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հեռագիր է ուղարկել Մոսկվա՝ Դոնալդ Թրամփի խոսքերի վերաբերյալ պարզաբանումներով: Ըստ ՌԴ ՊՆ ղեկավարի, նպատակահարմար է անհապաղ սկսել «Նոր Երկիր» զինափորձարանում լայնամասշտաբ միջուկային փորձարկումների անցկացման նախապատրաստական աշխատանքները: Նա նշել է, որ ԱՄՆ-ը հոկտեմբերին վարժանքների ժամանակ մշակել է Ռուսաստանին ուղղված կանխարգելիչ միջուկային հարվածը և զբաղվում է իր ռազմավարական հարձակողական սպառազինությունների արագացված արդիականացմամբ:

ԱԴԾ ղեկավար Պատրուշևն էլ Վլադիմիր Պուտինին խնդրել է հատուկ ծառայություններին ժամանակ տալ, որպեսզի պարզեն միջուկային փորձարկումներ անցկացնելու ԱՄՆ մտադրությունների հետ կապված իրավիճակը։ Լսելով ՌԴ ԱԽ բոլոր ներկայացուցիչներին՝ Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը միշտ անշեղորեն հետևել է և շարունակում է հետևել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին, և այդ պարտավորություններից հրաժարվելու որևէ ծրագիր չկա։

Կարդացեք նաև

«Միաժամանակ, դեռևս 2023 թվականին՝ իմ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում, ես ասել էի, որ եթե Միացյալ Նահանգները կամ այդ պայմանագրի մյուս մասնակից երկրները իրականացնեն նման փորձարկումներ, ապա Ռուսաստանն էլ ստիպված կլինի ձեռնարկել համարժեք պատասխան քայլեր։ Այս կապակցությամբ հանձնարարում եմ Արտաքին գործերի նախարարությանը, Պաշտպանության նախարարությանը, հատուկ ծառայություններին և համապատասխան քաղաքացիական կառույցներին՝ հավաքել լրացուցիչ տեղեկատվություն այս հարցի վերաբերյալ, իրականացնել դրա վերլուծություն Անվտանգության խորհրդի շրջանակում և ներկայացնել համաձայնեցված առաջարկություններ՝ միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստական աշխատանքներ սկսելու հնարավորության վերաբերյալ»,- հայտարարել է Պուտինը։

Հիշեցնենք՝ միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագիրը, որն ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1996 թվականին, արգելում է ցանկացած միջուկային պայթյուն: Ռուսաստանը 2000-ին այն վավերացրել է, ԱՄՆ-ը՝ ոչ։ 2023 թվականին Վլադիմիր Պուտինն արդեն հայտարարել էր, որ Մոսկվան հայելային պատասխան կտա, եթե Վաշինգտոնը կամ այլ երկրներ վերսկսեն փորձարկումները։

Տեսանյութեր

Լրահոս