Թրամփն առաջ է մղում Կենտրոնական Ասիայի հետ «C5+1» ձևաչափը. Կներդրվի՞ արդյոք նմանատիպ ձևաչափ հարավկովկասյան երկրների հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարների հետ՝ «C5+1» ձևաչափի երկրորդ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Այս ձևաչափը ստեղծվել էր 2015 թվականին՝ նպատակ ունենալով խթանել համագործակցությունն ԱՄՆ-ի և Կենտրոնական Ասիայի պետությունների միջև։ Գագաթնաժողովը դիտարկվում է որպես ռեգիոնում Վաշինգտոնի դերի վերագնահատման և տարածաշրջանում քաղաքականության համակարգման ուղղությամբ մի միջավայրում, երբ Կենտրոնական Ասիայի երկրները որոշակի դիվերսիֆիկացիայի են ձգտում արտաքին քաղաքական հարաբերություններում։
Նոյեմբերի 6-ին Կենտրոնական Ասիայի երկրների նախագահները կհավաքվեն Վաշինգտոնում, նման հավաքն աննախադեպ է, քանի որ տեղի է ունենալու Սպիտակ տանը, և, ըստ էության, Կենտրոնական Ասիայի առաջնորդների մեծ մասը երբեք պաշտոնական այց չի կատարել ԱՄՆ մայրաքաղաք, առավել ևս՝ միանգամից։
«The Diplomat» պարբերականը գրում է, որ մեկ տասնամյակ շարունակ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Կենտրոնական Ասիայում իրականացվել է C5+1-ի միջոցով։ Վեց երկրների արտաքին գործերի նախարարների տարեկան հանդիպումների վրա կենտրոնացած C5+1-ը հնարավորություն է տվել Միացյալ Նահանգներին մոտենալ և զբաղվել հեռավոր տարածաշրջանով։ Սա հատկապես կարևոր է, քանի որ տարածաշրջանի տեղն ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ զարգացել է Աֆղանստանի պատերազմից անկախ։
Միևնույն ժամանակ պարբերականն արձանագրում է, որ Կենտրոնական Ասիայի հինգ պետությունները՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, խորացրել են տարածաշրջանային համագործակցությունը՝ ընդդեմ Ռուսաստանի և անընդհատ ընդլայնվող Չինաստանի։ Արևմտյան ԶԼՄ-ներն արձանագրում են, որ վերջին տարիներին Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի ազդեցությանը զուգահեռ՝ աճել է Չինաստանի տնտեսական ներկայությունը, իսկ Եվրամիությունը նույնպես ակտիվացնում է իր նախաձեռնությունները՝ կազմակերպելով ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողով Սամարղանդում։
Միաժամանակ, ըստ հրապարակումների, քննարկվում է Ադրբեջանի ներգրավումը ներկայիս «C5+1» ձևաչափում՝ այն ընդլայնելով մինչև «C6+1»։
Բաքուն, լինելով Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև կապող օղակ, դիտարկվում է՝ որպես կարևոր գործընկեր տարածաշրջանային հաղորդակցության նախագծերում։ Օրերս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն աջակցել էր Կենտրոնական Ասիա-ԱՄՆ C5+1 առաջիկա գագաթնաժողովին Ադրբեջանի մասնակցության գաղափարին: Տոկաևն Ադրբեջանն անվանել էր «Մեծ Կենտրոնական Ասիայի բնական մաս»:
«Ես ցանկալի եմ համարում Ադրբեջանի մասնակցությունը նման կարևոր ֆորումին: Իր էներգետիկ ռեսուրսների, բարենպաստ աշխարհագրական դիրքի, ռազմավարական տեսլականի և նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքի շնորհիվ երկիրը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում և դրանից դուրս՝ արդյունավետորեն դառնալով տարածաշրջանային տրանսպորտային, լոգիստիկ և էներգետիկ հանգույց»,- նշել էր Տոկաևը:
«The Diplomat» պարբերականն առաջարկում էր նաև այլ ձևաչափ՝ «C3+1»՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի միջև, որն, ըստ գաղափարի հեղինակների, կարող է նպաստել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ներկայության ամրապնդմանը, տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի ընդլայնմանը և տարածաշրջանային համագործակցության խորացմանը։
Ուշագրավն այն է, որ Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների խորացմանը ձգտում են թե Ադրբեջանն ու Թուրքիան, ԵՄ-ն, Ռուսաստանը, Չինաստանն ու ԱՄՆ-ը: Պատահական չէ, որ անցյալ տարի կազմակերպվեց ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց փոխկապակցվածության, ճանապարհների, նոր միջանցքների հարցը: Վերջերս կայացավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, ապա Ռուսաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը, որը ևս համեմատաբար նոր ձևաչափ է, և ահա սպասվում է նաև ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողով Սպիտակ տանը: Եվ այս բոլոր զարգացումներն ունեն նաև կապ այն զարգացումների, ձեռք բերվող պայմանավորվածությունների հետ, որոնք կայանում են Հարավային Կովկասում:
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Կենտրոնական Ասիան իր աշխարհագրական դիրքի (Ռուսաստան-Չինաստան-Աֆղանստան միջակայքում), բնական պաշարների և տրանսպորտային տարանցիկ հնարավորությունների շնորհիվ վերջին տարիների ընթացքում վերածվել է աշխարհաքաղաքական մրցակցության կենտրոնի։
Ըստ նրա, այս տարածաշրջանն այսօր հանդես է գալիս՝ որպես նոր դիրքավորման դաշտ, որտեղ փոքր ու միջին ուժերը փորձում են մանևրել խոշոր ուժերի միջև։
«Կենտրոնական Ասիան վերջին տարիներին վերածվել է համաշխարհային ուժերի մրցակցության առանցքի՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի միջև։ Եվ զարմանալի չէ, որ այս ուժերը ձգտում են խորացնել հարաբերություններն այս ռեգիոնի երկրների հետ՝ մասնակցելու համար աշխարհաքաղաքական տարանցիկ պրոյեկտների, որոնք բավականին շատ են, և դեռ լիովին հասկանալի չէ, թե այդ պրոյեկտներն ինչպե՞ս են համադրվելու, կամ ո՞ր պրոյեկտներն են, ի վերջո, գործելու: Այստեղ ծրագրեր ունի՝ ինչպես Չինաստանը, այնպես էլ՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, և դեռ պարզ չէ՝ այս ամենն ինչպես է գործնականում աշխատելու:
Թերևս, կարող ենք ասել, որ ներկայումս այդ շահերի առաջմղման և ազդեցության ընդլայնման փուլն է: Եվ բնական է նաև այն, որ ԱՄՆ-ը ևս գագաթնաժողով է անցկացնում Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ինչպես դա արեց Ռուսաստանը, իսկ ավելի վաղ՝ ԵՄ-ն: Ակնհայտորեն, ԱՄՆ-ը այս համագործակցությունը ցանկանում է խորացնել ընդդեմ Ռուսաստանի ու Չինաստանի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայում պատերազմական զարգացումների ֆոնին Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ թուլացրել են իրենց խիստ ռուսամետ արտաքին քաղաքական դիրքավորումը»,- ասաց Ռաևսկին:
Նա գտնում է, որ նոր աշխարհակարգի ձևավորման ճանապարհին փոխվում են ազդեցությունները, ռեգիոնները, և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի միջև առկա երբեմնի կտրվածությունը վերանում է, քանի որ առաջացել է փոխկապակցվածության հնարավորություն: «Այս գործընթացներն ուղիղ և անուղղակի ազդեցություն ունեն Հարավային Կովկասի վրա, քանի որ քննարկվում է Միջին միջանցք, այլ պրոյեկտներ, որոնց կարող են մաս կազմել Հարավային Կովկասով ճանապարհները:
Այստեղ Ռուսաստանը ևս փորձում է մասնակցել գործընթացներին և, ինչպես տեսանք, Ադրբեջանի տարածքով ռուսական ցորեն է տեղափոխվում Հայաստան, ինչն ուշադրության արժանի իրադարձություն է: Թվում է՝ Ռուսաստանը չի մասնակցում ռեգիոնալ բանակցություններին, չունի ազդեցություն, սակայն մաս է կազմում կոնկրետ պայմանավորվածությունների: Պետք է ընդունել, որ վերջին տարիներին տեղի է ունեցել Ռուսաստանի ազդեցության աստիճանական նվազում Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, սա առանցքային հանգամանք է, սակայն կա նաև պայմանավորվածություններից դուրս չմնալու գործնական աշխատանք, ինչը հաջողվում է»,- նման կարծիք հայտնեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Նա գտնում է, որ Կենտրոնական Ասիայի արտաքին քաղաքական դիրքավորումը և աշխարհաքաղաքական բալանսավորումը գլոբալ ներկայիս զարգացումների կոնտեքստում նման է հարավկովկասյան երկրների դիրքավորմանը:
«Հենց այս զարգացումներն էլ ցույց են տալիս, որ նախկին աշխարհակարգը գոյություն չունի, մեծ ու միջին ուժերը ներկայումս պայքարում են նոր աշխարհակարգում իրենց տեղի համար, սակայն դեռ հայտնի չէ, թե այդ նոր աշխարհակարգը կլինի երկբևե՞ռ, թե՞ բազմաբևեռ»,- ասաց նա:
Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ Թրամփը կարող է նմանատիպ մի ձևաչափ էլ հարավկովկասյան երկրների հետ ձևավորել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև պայմանավորվածություններ միջնորդեց:
«Ես կարծում եմ, որ կարող է նաև շարունակել խորացնել այդ տրամաբանությունը, կախված շատ այլ աշխարհաքաղաքական զարգացումներից»,- ասաց նա:

