Սամվել Նիկոյան. Մտահոգվելու խնդիր չկա, որ մենք հիմնադիր անդամ չենք

Ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ կողմերին խնդրել է  Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու ժամկետ սահմանել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը:

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը` իշխող Հանրապետական, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մեզ հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ որևէ անակնկալ բան տեղի չի ունեցել:
«Այստեղ որևիցե անակնկալ չկա, և գլոբալ առումով արտաքին քաղաքականության կուրսի փոփոխություն չկա»,- 168.am-ին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը:

Սերժ Սարգսյանի հայտարարությունից քիչ անց հայտնի դարձավ, որ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևը և Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն ստորագրել են  Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը, որը, ինչպես նախատեսվում է, պետք է ուժի մեջ մտնի 2015 թ. հունվարի 1-ի: Հանրապետական Սամվել Նիկոյանն ինքն է փաստում, որ Հայաստանը ցանկանում էր դառնալ միության հիմնադիր պետություն, բայց ողբերգություն չի համարում, որ այդպես չեղավ:

«Ամեն դեպքում նախագահի հայտարարությամբ Հայաստանը փաստում է, որ ինքը բոլոր առումներով պատրաստ է  միանալ այդ միությանը, և եթե մանր խնդիրներ լինեն, դրանք շատ կարճ ժամանակում լուծվող խնդիրներ են: Մտահոգվելու խնդիր չկա, որ մենք հիմնադիր անդամ չենք: Դրան շատ պարզ պատճառ կա. Հայաստանը միայն վերջերս է ակտիվ մասնակցություն ցուցաբերում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին: Իսկ այդ երեք երկրները, որոնք հիմնադիր են, վաղուց են նախաձեռնել այդ միության ստեղծումը և հսկայական աշխատանք են տարել: Եվ արդարացի չէ, որ մենք պահանջեինք կամ շատ խիստ դնեինք հարցը, որ Հայաստանը լինի միության հիմնադիր անդամներից մեկը: Եվ եթե մենք ստորագրում ենք այդ փաստաթուղթը, ասենք, 15 օր կամ մեկ ամիս հետո, դրանից ոչինչ չի փոխվում»,- նշեց Սամվել Նիկոյանը:

Իսկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր Միքայել Մելքումյանի կարծիքով` Եվրասիական միությանը միանալու ժամկետների հարցում որևէ փոփոխություն չկա, քանի որ նախատեսված է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը գործելու է հաջորդ տարվա հունվարի 1-ից:

Melqumyan

«Այստեղ պարզապես խնդիրն այն է, որ մենք միանո՞ւմ ենք, թե՞ դառնում ենք այդ Եվրասիական միության հիմնադիր: Որքան ես տեղյակ եմ, շուրջ 850-900 զգայուն ապրանքների հարցը, որոնց շուրջ Հայաստանը բանակցում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ, կարծես թե լուծված է: Սա լինելու է դրա հիմքում, այսինքն` եթե հանում ենք քաղաքական բաղադրիչը, ապա տնտեսական հարցերն, ըստ էության, արդեն ստացել են իրենց լուծումը: Եվ մոտ ապագայում միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզի» 267 միջոցառումների ծրագիրը կբերվի Ազգային ժողովի վավերացմանը: Այնպես որ, ես չեմ կարծում, որ այսօր որևէ անակնկալ է եղել»,- նշեց Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, երեկ լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մայիսի 29-ին ստորագրելու է Մաքսային միությանը միանալու պայմանագիրը, ասել էր էր` Աստանան կկայան` կտեսնեք:

Տեսանյութեր

Լրահոս