Բաժիններ՝

«Հարսնաքարի» գործով դատապարտված Արման Բաղդասարյանի պաշտպան. Դատարանը կաշկանդված է եղել

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ, առաջին ատյանի դատարանի վճռով 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի դատապարտված Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը վերաքննիչ դատարանից պահանջել էր Ա. Բաղդասարյանի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնել կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը ՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանում ապացույցներով հաստատվել է ոչ թե Ա. Բաղդասարյանի մեղավորությունը, այլ անմեղությունը:

Մայիսի 30-ին վեաքննիչ քրեական դատարանում նշանակված է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Լրագրողները պաշտպանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ սպասելիքներ ունի նա: «Ամեն դեպքում ես կարծում եմ՝ սույն քրեական գործով կայացված դատավճիռը, որն արդեն հասանելի է նաև հասարակության անդամենրերին, այսպես կոչեցյալ՝ «Հարսնաքարի» գործով, որևէ հարցի պատասխան չտվեց, որը հետաքրքրում էր հասարակությանը:

Այսինքն՝ ընդհանուր քրեական գործի, դեպքի բացահայտում, իմ կարծիքով, տեղի չունեցավ: Սույն քրեական գործի քնության շրջանակներում ակնհայտորեն անմեղ մարդիկ, մասնավորապես՝ իմ պաշտպանյալ Արման Բաղդասարյանը, նաև Արման Խաչատրյանը, դատապարտվեցին շատ խիստ չափով պատժաչափի: Քավ լիցի, ոչ ոք չի ցանկանում, որ հանցագործություն կատարվի և որևէ մեղավոր անձ անմեղ մնա: Այս մարդկանցից ոչ մեկն էլ չի նշում՝ արդարացրեք բոլորին, որևէ մեկը թող պատասխանատվություն չկրի:

Բոլորը խնդրում են, որ նորմալ, անաչառ դատաքննության տեղի ունենա, օբյեկտիվորեն բացահայտվեն գործի բոլոր հանգամանքները: Տվյալ պարագայում դա տեղի չունեցավ քրեական գործի դատաքննության շրջանակներում»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Կարդացեք նաև

Հարցին՝ արդյոք ամբաստանյալների հարազատների բողոքի ակցիաները կարո՞ղ են ազդեցություն ունենալ դատարանի որոշման վրա, փաստաբանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ բողոքի ակցիաների արդյունքում մարդիկ հասկացել են, որ պետք է բացահայտվի օբյեկտիվ իրականությունը.

«Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ քրեական դատարանում մայիսի 30-ին արդեն իսկ նշանակված է գործի քննությունը, ես իմ պաշտպանյալի հարազատներին հորդորելու եմ այլևս չիրականացնել բողոքի ակցիաներ, որպեսզի դա չդիտարկվի որպես դատարանի վրա ճնշման փորձ:

Այսինքն՝ ես իմ պաշտպանյալի հարազատներին հորդորելու եմ, որ այլևս բողոքի ակցիաներ չիրականացնեն՝ մինչև վերաքննիչ դատարանում քննվում է գործը: Իսկ բողոքի ակցիաներն իրենց արդյունքը կտան, թե չեն տա… Ինձ թվում է՝ ավելի շատ լուսաբանելու առումով արդյունք կտան, այլ ոչ թե քրեական գործի քննության վրա էական ազդեցություն ունենալու:

Մենք գիտենք, որ քրեական գորով արդարադատություն իրականացնում են դատարանները, իսկ դատարանի վրա ցանկացած ճնշում օրենքով անթույլատրելի է:

Այսինքն՝ նպատակը ոչ թե որոշակի անձանց, որոշակի հաստատությունների կողմից ճնշում ապահովելն է, այլ որպեսզի հասարակությունը և այն անձինք, որոնք ի պաշտոնե պարտավոր են ապահովել դատական իշխանության բնականոն գործունեությունը, ուշադրություն դարձնեն սույն քրեական գործով տեղի ունեցած խախտումների և բացթողումների վրա»:

Միհրան Պողոսյանից հետաքրքրվեցինք նաև՝ ինչպե՞ս է ստացվել, որ Արման Բաղդասարյանը մեղավոր է ճանաչվել, այն դեպքում, երբ, ըստ փաստաբանի, դատարանում հիմնավորվել է նրա անմեղությունը:

Փաստաբանն ասաց, որ իր կարծիքով՝ դատարանը որևէ փաստականորեն հիմնավորված եզրահանգման չի եկել. «Դատարանը կաշկանդված է եղել՝ դա կլինի հասարակական ճնշմամբ, թե այլ բանով, սույն քրեական գործով արդարադատություն իրականացնելուց: Ինչպես և տեղի է ունենում բազմաթիվ այլ քրեական գործերով, դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան, ինչը և հաստատվել է դատարանի կնիքով»:

Նշենք, որ այսօր ևս «Հարսնաքարի» գործով հինգ ամբաստանյալների հարազատները  բողոքի ակիցիա էին իրականացնում նախագահական նստավայրի դիմաց: Նրանք  բողոքում են, իրենց կարծիքով, անարդար դատավճռի դեմ, նրանք արդարություն են պահանջում՝ նշելով, որ ամբաստանյալներից յուրաքնաչյուրը պետք է դատապարտվի միայն իր արարքի համար, իսկ իրենց կարծիքով՝ անմեղ անձինք պետք է արդարացվեն:

Նշենք նաև, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը «Հարսնաքարի» գործով վճիռը հրապարակել է մարտի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս