Գագիկ Ղազինյան. Դեռ հայտնի չէ, թե որ կառավարման ձևը կընտրվի

Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները, ըստ նախնական ծրագրի, պետք է ավարտվեն մինչև հուլիսի 1-ը, երբ պետք է ներկայացվի հայեցակարգը, որը հաստատվելուց հետո կսկսվի փոփոխությունների տարբերակի մշակումն` ըստ հոդվածների: Թե ինչպե՞ս կազդեն սահմանադրական փոփոխությունները գործարար միջավայրի վրա, զրուցեցինք ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Հայաստանի իրավաբանների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի հետ:

– Պարոն Ղազինյան, սահմանադրական փոփոխություններն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանում գործարար միջավայրի վրա, խորհրդարանական կառավարման համակարգին անցումն ի՞նչ կտա բիզնեսին:

– Սահմանադրական բարեփոխումները գործարարության հետ ուղիղ կապ չունեն, սակայն դատական իշխանության հետ կապված արդարադատության ավելի արդյունավետ իրականացման առումով, բնականաբար, դրական փոփոխություններ կլինեն, որովհետև նորմալ, վստահելի արդարադատություն իրականացնող դատական իշխանության ճյուղ ունենալը պետք է նպաստի, որպեսզի գործարար մթնոլորտը բարելավվի, գործարարներն իրենց լավ զգան, ներդրումներն ավելանան: Եթե կա նոր դատական իշխանություն, որն արդարացի լուծումներ կտա ցանկացած վեճի, այդ թվում` նաև տնտեսական, բնականաբար, գործարար միջավայրը կլավանա: Բայց Դուք ինչո՞ւ որոշեցիք, որ անպայման անցում կկատարվի խորհրդարանական կառավարման համակարգին: Դեռ հայտնի չէ, թե որ կառավարման ձևը կընտրվի:

– Կարծես թե ամեն ինչ դրան է գնում, ՀՀ նախագահն էլ դրական է արտահայտվել:

Կարդացեք նաև

– Բայց առաջին անգամ Արդարադատության խորհրդում հանդիպման ժամանակ նախագահն իր կարծիքը հայտնեց հակառակ խորհրդարանականի, ասաց, որ կողմնակից է գործող կարգին:

– Այո, բայց օրերս ՀՀԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը կողմ արտահայտվեց խորհրդարանական կառավարման համակարգին:

– Բոլոր դեպքերում, եթե նախագահի մոտ այդ կարծիքն է ձևավորվել, դեռ հասարակությունը պետք է գնահատական տա: Կառավարման ձևն, իհարկե, ամեն ինչի հետ կապ ունի, բայց առավել կարևորը դրա արդյունավետ իրականացումն է: Դա կլինի խորհրդարանական թե կիսանախագահական, կարևորը մեր պայմաններում իրացումն է և, բնականաբար, եթե արդյունավետ է կառավարումը, ուրեմն մնացած բոլոր ինստիտուտներն էլ արդյունավետ են գործում:

– Ձեր կարծիքով` դատական համակարգին այսօր ի՞նչն է խանգարում արդար որոշումներ կայացնելու, որպեսզի վստահությունը բարձրանա, և հատկապես օտարերկրյա ներդրողները գան Հայաստան:

– Եթե ընդհանուր դատական իշխանության (դատարանները դատական իշխանության մաս են և իրացնող սուբյեկտներն են) մասին ենք խոսում, սկսած նրանց անկախության երաշխիքներից, որոնք բազմաթիվ են, և որոնցից շատերն ամբողջությամբ իրացված չեն կամ չկան, անկախությունը միայն նյութական, սոցիալական, քաղաքական և այլ բաղադրիչները չեն, դրանք բոլորը միասին են անկախությունը երաշխավորում, նաև Արդարադատության խորհուրդը, նշանակման կարգը, նրանց ներկայացվող պահանջները, խորհրդի անկախությունը, այս բոլոր հանգամանքները որոշակիորեն կատարյալ չեն, որի հետևանքով էլ նաև մարդկային գործոնը, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը՝ և՛ իրենց մակարդակը, և՛ հասարակության մշակույթը:

Այսինքն, եթե մենք գործ ունենք լավ օրենքների հետ, որոնք կյանքում չեն կիրառվում, չէ՞ որ կա կանխակալ կարծիք, որ օրենքները լավն են, ուղղակի լավ չեն կիրառվում, նշանակում է` առնվազն 2 մեղավոր կա` իրավակիրառողները (դատավորները) և կիրառվողները (հասարակությունը), որն ինքն էլ որոշակի մեղքի բաժին ունի, որովհետև մեր հասարակության մեջ արդարության հասարակական պահանջը չկա:

Հասարակությունը, կարծես, հաշտվել է այն մտքի հետ, որ դատարանը որպես կանոն` պետք է սուբյեկտիվ լինի, մենք էլ, դրա դեմ պայքարելու տարբերակ չունենալով, գնանք ծանոթ գտնենք, որ տարբեր միջոցներով փորձենք դատարանի վրա ազդել: Ի նկատի ունեմ անվստահության սինդրոմը, որ համոզված չենք, որ դատարանը կլինի արդարացի, օբյեկտիվ և այլն: Ստացվում է, որ ոչ թե օրինական բոլոր միջոցներով պայքարում ենք, որ դատարանը լինի արդար, օբյեկտիվ, հիմնավոր վճիռներ կայացնի, այլ փնտրում ենք ուղիներ, որ ազդենք դատարանի վրա` մեր ուզած վճիռը կայացնելու համար, անկախ նրանից՝ ճի՞շտ ենք, թե՞ սխալ: Հակառակ դեպքում վճիռը սխալ ենք համարում:

– Պարոն Ղազինյան, բայց կան նաև դեպքեր, որ օտարերկրյա ներդրողները ՀՀ-ում անօրինականությունների հանդիպելով` ժողովրդի լեզվով ասած` «քցվելով», դիմել են ՀՀ դատարան, արդարադատություն չեն գտել, և արդեն իսկ գործեր կան ՄԻԵԴ-ում:

– Ես լրիվ համաձայն եմ, իսկ ո՞վ ասաց, որ արդարադատությունը կա, մենք չենք գտնում, ո՞վ ասաց, որ դատարանները միշտ արդարացի կամ հիմնավոր վճիռ են կայացնում: Եթե դատարան դիմած քաղաքացին հենց առաջին վճռից դժգոհ է և ասում է՝ մինչև Եվրոդատարան է գնալու, պարզ է, որ վստահություն չունեն մեր դատական համակարգի նկատմամբ: Սա է շրջապտույտի հիմնական պատճառը:

Հաճախ հարցնում են` իսկ ինչո՞ւ քաղաքակիրթ երկրներում գործերը չեն հասնում Եվրոդատարան, չեն անցնում շատ ատյաններ, շուտ են ավարտվում, և այլն, որովհետև քաղաքացին վստահություն ունի և գիտի, որ եթե անգամ դատարանն իրեն ոչ հաճելի վճիռ է կայացրել, ապա դա է ճիշտը, և որտեղ էլ գնա, հաջորդ ատյան դիմի, պետք է ընդամենը գումար ու ժամանակ ծախսի, բայց միևնույն է, իր ցանկացածը չի լինելու, որովհետև դա օրինական ու օբյեկտիվ է, ինչքան էլ ձեռնտու չէ: Իսկ մեզ մոտ հաճախ, երբ առաջին ատյանն ի վնաս իրեն է վճիռ կայացնում, քաղաքացին գնում է ծանոթ գտնելու, որ հաջորդ ատյանում որոշումն իր օգտին լինի: Այդ անվստահությունից է գալիս դատարանների հանդեպ այդպիսի մոտեցումը, որում, իհարկե, մեղավոր են դատարանները, որովհետև հիմք են տվել, որպեսզի հասարակությունն իրենց մասին նման կարծիք ունենա:

– Եթե, այնուամենայնիվ, անցնենք խորհրդարանական կառավարման համակարգի, դա ինչո՞վ կնպաստի, որպեսզի ուժի, օլիգարխիայի և մյուս բոլոր նման ազդեցությունները դատական համակարգի վրա չեզոքանան:

– Եթե նկատի ունեք, որ դրանով կբացառվեն այդ ազդեցությունները, և դատարաններն ավելի լավ կգործեն, ապա բացարձակ ուղիղ կապ չկա: Ցանկացած կառավարման ձևի դեպքում խոսքը վերաբերում է արդյունավետ կառավարման իրացմանը, այսինքն՝ ինչպես կգործի: Եթե նույնիսկ իդեալական տարբերակ գտնենք, չի ստացվի, եթե կիրառությունը, մեղմ ասած, ոչ արդյունավետ է: Ի՞նչ տարբերություն:

Ես շատ կարևորում եմ ձևակերպումները, սահմանադրական լուծումները, որոնք հիմք կստեղծեն լավ դատական համակարգ ունենալու և կփոքրացնեն սողանցքները օրենսդրական ձևակերպումներով դրանք շրջանցելու համար, նկատի ունեմ` ոչ բարեխիղճների կողմից, բայց լուրջ նշանակություն ունի նաև օրենքը կիրառողների գործոնը:

– Օրենքը կիրառողների հետ կապված անձերի փոփոխության խնդիրը կարևորո՞ւմ եք, դա էակա՞ն հանգամանք է:

– Միայն անձերը ոչինչ չեն որոշում: Անհատն, իհարկե, շատ բան է որոշում պատմության մեջ, բայց որպեսզի ամեն ինչ միայն ինքը որոշի, դժվար է պատկերացնել: Համակարգի, մտածելակերպի փոփոխություն է պետք, ինչը բացակայում է մեզ մոտ՝ արժեքների ընկալում, մշակույթի փոփոխություն: Իրավագիտակցության, սոցիալական, տնտեսական, նյութական պայմանները միասին ձևավորում են մի մշակույթ, որի արդյունքում կարող է ծնվել լավ կամ վատ կիրառություն, բայց միայն թողնել մշակույթին, դա էլ չի լինի:

Այսինքն` պետք է զուգահեռ լինի` ձևավորել համապատասխան օրենսդրական դաշտ՝ սահմանադրությունից սկսած, հետն էլ կարողանալ դաստիարակել և՛ կիրառողներ, և՛ կիրառվողներ: Այդ դեպքում գուցե հասնենք մի վիճակի, որ օրենքները կլինեն հնարավորինս կատարյալ, և կիրառվողներն էլ հնարավորինս պատրաստ՝ իրենց բոլոր հատկություններով այդ օրենքը կիրառելու:

Տեսանյութեր

Լրահոս