Բանակցությունների հաջողությունը կամ ձախողումը կախված է կողմերի քաղաքական կամքից և ոչ թե համանախագահներից. Ուորլիք
Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացի հաջողությունը կամ ձախողումը կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից և ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից.
«Ես շատ եմ ցանկանում աշխատել իմ ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ` հանուն նրա, որպեսզի առաջ քաշենք նոր գաղափարներ և օգնենք կողմերին` գտնելու խաղաղության համաձայնագրի իրական բանակցություններ տանող ուղին»:
Անդրադառնալով Սարսանգի ջրամբարը համատեղ շահագործելու մասին իր առաջարկին` Ուորլիքը հայտարարել է. «Փոխադարձ ընդունված որոշումն ունակ է նպաստել հուսալի էլեկտրաէներգիայի ու ոռոգման ջրի պահանջարկի լուծմանը, ինչպես որ դա եղել է հակամարտությունից առաջ:
Շփման գծի երկու կողմում գտնվող մարդիկ կարող են աշխատել համատեղ, որպեսզի ունենան ուղիղ, դրական ազդեցություն նրանց վրա, ովքեր բնակվում են հակամարտությունից տուժած գոտում: Մենք աջակցում ենք ամեն տիպի միջոցների, որոնք կարող են նվազեցնել լարվածությունը և վերականգնել կողմերի միջև վստահությունը»: