Վերջին զանգ. Ափսոս են երեխաները (տեսանյութ)

Ինչո՞ւ Հայաստանը որոշեց անդամակցել Եվրասիական միությանը՝ հրաժարվելով Եվրոպային մաս դառնալու հեռանկարից: Որովհետև ռուսնե՞րը ճնշեցին, քանի որ գազը կթանկանա՞ր, ու երևի Ռուսաստանն Ադրբեջանին ավելի շա՞տ զենք կվաճառեր: Գուցե: Շատ հնարավոր է: Բայց այդ հարցերին նշված և նմանատիպ այլ պատասխանները գտնվում են քաղաքական, արտաքին քաղաքական հարթությունում: Ովքե՞ր են որոշումներ կայացնում այդ հարթությունում՝ հայտնի է՝ Հայաստանի իշխանությունները՝ կամավոր կամ ռուսների թելադրանքով: Բայց կա ևս մի հարթություն, որում այնքան էլ ընդունված չէ քննարկել քաղաքական գործընթացները: Խոսքը որոշումներ կայացնող անձանց անձնական, անհատական հարթության մասին է, որն իրականում շատ ավելի հիմնավոր պատասխաններ է տալիս հարցին՝ ինչո՞ւ է Եվրոպա գնալու փոխարեն՝ Հայաստանը գնում Եվրասիա, ինչո՞ւ է հետադիմությունը նախընտրում առաջադիմությանը:

Այդ հարցերի պատասխանները ստանալու համար բավական է ուշադիր նայել Հայաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների դեմքերին, բավական է լսել նրանց ելույթներն ու կարդալ նրանց հարցազրույցները, բավական է աչքի անցկացնել նրանց շրջապատի անդամներին: Բավական է, ի վերջո, լսել, թե ինչ երաժշտության տակ են Վերջին զանգի տոնական արարողության ժամանակ վալս պարում, օրինակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ մուղամային ինչ-որ կլկլոցի, որի ելևէջները լավագույնս բնորոշում են այն արժեքային համակարգը, որի կրողներն են այսօր Հայաստանում որոշումներ կայացնողները:

Կարող էր, չէ՞, Արմեն Աշոտյանը, որ վիրտուալ տարածությունում իրեն դրսևորում է՝ որպես ինտելեկտի անհաղթ արծիվ, այդ դպրոցի տնօրենին հուշել, որ եվրոպական մշակութային ժառանգությունը վալս պարելու համար տասնյակ, հարյուրավոր հրաշալի գործեր է պարգևել մարդկությանը, կարող էր, չէ՞, ասել, որ կլկլոցի փոխարեն, ասենք, Շտրաուսի կամ Մենդելսոնի ստեղծագործություններն ավելի բարեհունչ ու ավելի քաղաքակիրթ կլինեն: Բայց ոչ միայն չէր ասել, այլև ռեստորանային ուրախությամբ պարում էր աշակերտուհիներից մեկի հետ, ինչպես՝ Հովիկ Աբրահամյանը:

Հասկանալի է, որ այդքանն Աշոտյանը կարող էր գիտակցել, քանի որ քիչ թվով ՀՀԿ-ականներից է, ով նման ունակություն ունի: Բայց չի գիտակցել, այսինքն՝ գիտակցելով՝ ցույց է տվել, որ չի գիտակցում, որովհետև կարող էր հանկարծ վիրավորել արևելյան մտածողություն ու նախասիրություններ ունեցող Հովիկ Աբրահամյանին:
Հասկանալի է, որ խնդիրը երևանյան դպրոցներից մեկում անցկացված ցուցադրական միջոցառումը չէ:

Խնդիրն այն է, որ դա տեղի է ունենում դպրոցում, որն այսօր ավարտում են պատանիներ, ովքեր, ինչպես նշված է պաշտոնյաների ուղերձներում, մեր երկրի ապագան են ու վաղվա պաշտոնյաները: Հովիկ Աբրահամյանն ինքն է ասել՝ այսօր հանդիպեցի ապագա վարչապետների, նախարարների: Ասել է՝ վստահաբար չկարևորելով, որ իրենց վարքագծով, իրենց անձնական օրինակով իրենք այսօրվա շրջանավարտներին դարձնում են ոչ թե երկրի քաղաքացիներ, պետության սեփականատեր քաղաքացիներ, այլ քաղաքացիներ, ովքեր «բաշարելու» դեպքում՝ կդառնան այսօրվա պաշտոնյաների նման խոշոր սեփականատերեր, իմա՝ նաև վարչապետներ ու նախարարներ: Իսկ նրանք, բնականաբար, հենց դպրոցից պետք է վարժվեն մուղամին ու կլկլոցին, որովհետև չալաջաղն ու քյաբաբը, մաղարիչն ու ատկատն առանձնապես լավ են մարսվում հատկապես այդ ելևէջների ներքո:

Ու եթե այս իրողություններն աչքի առաջ ունենալով՝ ևս մեկ անգամ փորձենք պատասխանել հոդվածի սկզբում նշված հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը եվրոպական հեռանկարը փոխարինեց եվրասիական գորշությամբ, ապա հանուն արդարության՝ պետք է հանգիստ թողնենք ռուսներին ու բելառուսներին, ղազախներին ու ղրղըզներին: Որևէ մեկը, անգամ՝ բոլորը միասին, նույնիսկ ոչ թե Պուտինը՝ առանձին, այլ՝ Լուկաշենկոյի ու Նազարբաևի ձեռքը բռնած, չէր կարող Հայաստանի իշխանություններին ստիպել անդամագրվել Եվրասիական միությանն ավելի հզոր պարտադրանքով, քան նույն այդ իշխանությունը ներկայացնողների անձնական տեսակը, նրանց մարդկային որակներն ու արժեքները, որոնց, իբրև թե, դավանում են:

Հայաստանը հունիսին կամ հուլիսին հայտնվելու է այն տարածքում՝ Եվրասիական կամ այլ անվանումով, որտեղ Հայաստանի իշխանությունն իրեն զգալու է, ինչպես Պուտինը՝ ԽՍՀՄ-ում, ինչպես Սպիտակցի Հայկոն՝ Նաբերեժնիի ռեստորաններում, ինչպես Զորի Բալայանը՝ «Կիլիկա» առագաստանավում, ինչպես Գալուստ Սահակյանը՝ իր մտքերում… ինչպես Արմեն Աշոտյանը՝ Ֆեյսբուքում: Այս ամենի համատեքստում ու հատկապես այսօր՝ Վերջին զանգի օրը, մնում է միայն արձանագրել. ափսոս են երեխաները:

Տեսանյութեր

Լրահոս