Հուսով եմ, որ համապարփակ միջուկային գործարքը կհամաձայնեցվի մինչև հուլիսի 20-ը. Ռոուհանի
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Շանհայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը չի շտապում Արևմուտքի հետ համապարփակ միջուկային գործարք կնքելու հարցում, սակայն պատրաստ է այն համաձայնեցնել պայմանավորված ժամկետում.
«Եվ այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ երկու կողմն էլ կշահեն գործարքի կնքումից, համաձայնեցման ձգձգումը կորուստներ կպատճառի երկու կողմին էլ: Հուսով եմ, որ համապարփակ միջուկային գործարքը կհամաձայնեցվի մինչև հուլիսի 20-ը:
Իրանի տնտեսական իրավիճակն այժմ ավելի լավ է՝ համեմատած նախորդ տարվա հետ: Ի տարբերություն նախկին վարչակազմի՝ մեր կառավարությունը հրաժարվում է անել այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են օգտագործվել Իրանի դեմ»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Իրանում միջուկային ծրագրի խնդրի լուծվելուց հետո ակնկալում են օտար ներդրումների խոշոր ներհոսք: