Իրանն ակնկալում է օտար ներդրումների խոշոր ներհոսք
Iran.ru-ի փոխանցմամբ՝ Իրանն ակնկալում է, որ միջազգային պատժամիջոցների չեղյալ հայտարարումից հետո իրանական տնտեսությունում կգրանցվի օտար ներդրումների մեծ ներհոսք:
Այս մասին հայտարարել է Իրանի Ներդրումների և տնտեսական ու տեխնիկական օգնության կազմակերպության Արտաքին ներդրումների դեպարտամենտի տնօրեն Աբուֆազլ Քուդեին:
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ օտար պատվիրակություններն ու օտար ընկերությունների ներկայացուցիչները, որոնց քանակը հաշվվում է տասնյակներով, ուշադիր հետազոտում են իրանական շուկան.
«Նախնական բանակցությունների ընթացքում նկատվում է այդ ընկերությունների միջև համառ մրցակցություն: Ընդ որում, Իրանի Ներդրումների կազմակերպությունն արդեն իսկ նրանցից մի քանիսին թույլատրել է ներդրումային գործունեություն ծավալել երկրում:
Հաշվի առնելով, որ խոշոր ընկերությունների բազմաթիվ ներկայացուցիչներ ու բազում երկրների քաղաքական պատվիրակություններ բանակցելու նպատակով ժամանում են Իրան՝ կարելի է ենթադրել, որ միջազգային բնույթի խնդիրների լուծման դեպքում Իրանի տնտեսությունն արտաքին աղբյուրներից կստանա զգալի ֆինանսական միջոցներ, և դա պայմանավորված է Իրանի ներդրումային մեծ պոտենցիալով»:
Հիշեցնենք, որ Իրանն ու «Վեցյակը» նպատակադրվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր ստորագրել մինչև հուլիսի 20-ը, ինչն էլ վերջ կդնի Իրանի հանդեպ սահմանված միջազգային պատժամիջոցներին: