Ոչ մի հեռանկար կամ հոգեկոնչիտա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ի հեճուկս Հայաստանի տնտեսության զարգացման` Հայաստանի վարչապետը երեկ նշել է, որ կառավարության անդամների բիզնեսների մասին հրապարակումներին ինքը չի հավատում՝ փորձելով հավաստիացնել, որ օր ու գիշեր մտածում է փոքր ու միջին բիզնեսի զարգացման մասին:

Մամուլի հաստավիզ խմբագիրներն էլ քնում-զարթնում են, վարչապետին ու նրա կաբինետին հանիրավի դարձնում են խոցելի: Հարցը շատ պարզ է՝ կա՛մ Հովիկ Աբրահամյանն է խոցելի, կա՛մ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը, այսինքն` հասարակության միջին խավը, որ ունի կայացման կարիք թե իր, թե հասարակության ու պետության ապագայի համար: Եվ ուրեմն, եթե Հովիկ Աբրահամյանն իր «հոգեզավակներով» խոցելի չի դառնում, ուրեմն խոցելի է մնում Հայաստանի տնտեսության և հասարակության ապագան:

Ամեն ինչ առավել քան պարզ է, քան դեկլարացիաները, որ Հովիկ Աբրահամյանը կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյա հնչեցնում են տարբեր ամբիոններից, թե սրանից հետո վերջ՝ ամեն ինչ հավասար, ամեն ինչ օրենքով և այլն:

Խնդիրն այն է, որ միայն դրանք կարող էին Հայաստանի տնտեսությունը հասցնել թշվառ վիճակի, Հայաստանի քաղաքացուն հասցնել աղքատության և ընչազրկության, հասցնել այն բանին, որ միակ ելքը դիտարկվեր երկրից հեռանալը, միայն սուտն ու ցինիզմը կարող էին Հայաստանը դարձնել սնանկ և ռուսական տնտեսության կցորդ պետություն, միայն սուտն ու ցինիզմը կարող էին պետական աշխատավարձով իբր թե ապրող պաշտոնյաներին ապահովել շեյխական ռեալ կյանք: Հովիկ Աբրահամյանը, հայտարարում է, որ սրանից հետո ոչ մի արտոնություն չի լինելու, և անձամբ ինքն է հսկելու, որ ամեն ինչ հավասար լինի:

Նա խորհրդարանի ամբիոնից, փաստորեն, հայտարարում է պետական հանցագործության մասին, որովհետև Հայաստանում հավասարությունը, արտոնությունների բացակայությունը երաշխավորում է Սահմանադրությունը, ոչ թե վարչապետի պաշտոնը:

Այսինքն` Հովիկ Աբրահամյանը հրապարակավ հայտարարում է վարչապետի իր լիազորությունները գերազանցելու մասին՝ իր վրա վերցնելով դատական ֆունկցիաներ, դատավորի ֆունկցիաներ: Բայց մենք գործ ունենք կրկնակի հանցագործության խոստովանության հետ:

Հետևաբար` նրան պետք է հրավիրել որևէ իրավապահ մարմին և հարցնել, զրուցել նրա հետ, թե ինչ տեղեկություններ ունի «սրանից առաջ» եղած ստվերի, արտոնությունների և անհավասարությունների մասին: Եթե տեղեկություն չունի, ապա ինչի՞ հիման վրա է ասում, թե` «վերջ, սրանից հետո ոչ մի…»:

Չէ՞ որ «սրանից հետո» ինչ-որ բան խոստանալուց առաջ պետք է տեղյակ լինել հստակ, թե ինչ է եղել «սրանից առաջ»:

Ուրեմն` կա՛մ Հովիկ Աբրահամյանն ինչ-որ բան գիտի, բայց չի հայտնում, կա՛մ էլ նա ուղղակի զբաղված է պոպուլիստական հայտարարություններով, ու «սրանից հետո» էլ լինելու է ճիշտ այնպես, ինչպես «սրանից առաջ» էր, քանի որ «սրանից առաջ» էլ եղել են բազում բարձրաստիճաններ՝ նախագահներ, վարչապետներ ու նախարարներ, որ ոչ թե նույնիսկ մեկ, այլ մի քանի անգամ են ասել՝ «վերջ, սրանից հետո ոչ մի…»:

Այդ ամենից հետո արդյունքում «ոչ մի» է դարձել Հայաստանը, Հայաստանում գրեթե ոչ մի փոքր ու միջին բիզնես չի մնացել, որը կանոնավոր գործում է առանց պետական կամ քրեական կառույցների ճնշման, Հայաստանում գրեթե ոչ մի մարդ չի մնացել, որը երկրի հետ է կապում զավակների ապագան, իր սոցիալական խնդիրների պատշաճ լուծումը, Հայաստանում գրեթե ոչ մի ինքնիշխանության լծակ չի մնացել, և մեկ էլ՝ Հայաստանում, փաստորեն, այդպես էլ ի հայտ չի եկել, չի գալիս ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, որը հասարակությանը չի ստի, չի կեղծի, բացահայտ ցինիզմով չի զբաղվի՝ ոչ մի պաշտոնյա: Հայաստանում խոցելի են դառնում հենց այդ պաշտոնյաները, ու կարծես թե աստիճանաբար նաև մարդկային այդ տեսակն ընդհանրապես:

Ու դա գիտակցված քաղաքականության հետևանքն է, որպեսզի լղոզվի հասարակություն-իշխանություն հակադրությունը, և խնդիրը դուրս գա այդ շրջանակից, տարրալուծվելով և դառնալով «անսեռ»:

Այսինքն` այն, ինչի ֆիզիկական դրսևորման դեմ բողոքի է ելել հայաստանյան հասարակության մի ստվար զանգված, ըստ էության հոգեբանական-արժեքային առումով Հայաստանի իշխող համակարգը վաղուց իրականացրել է այդ հասարակության մեծ մասի հետ»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս