Հովիկ Աբրահամյանի ծրագրի ականջները. «Առավոտ»

«Ես ինքս ինձ խոսք էի տվել սպասել 100 օր և նոր միայն անդրադառնալ նորաթուխ վարչապետին (իբրև վարչապե՛տ նորաթուխ, իսկ ընդհանրապես՝ լավ էլ հնաբնակ է) ու նրա գործունեությանը»,- գրում է «Առավոտ»-ի «Մեսրոպագիր» խորագրի հեղինակ Մեսրոպ Հարությունյանը՝ ավելացնելով.

«Բայց մայիսի 20-ին կառավարության ծրագիրը ԱԺ-ում ներկայացնելիս Հովիկ Աբրահամյանն էնպիսի բաներ ասաց, որ Երևանի բոլոր գրիլ-ապարատներում հանգիստ իրենց համար շուռումուռ եկող չաղլիկ հավիկները ծիծաղից կրկին մեռան: Դե, ես էլ չդիմացա դրանց (հավիկների թմփլիկ տեսքի չէ, Հովիկ Աբրահամյանի ասածների) մասին գրելու գայթակղությանը: Եվ այսպես, ներկայացնելով կառավարության ծրագիրը, Հայաստանի Հանրապետության վարչապետ աշխատող մարդն ասաց.

«Եթե ես շատ հակիրճ բնութագրեի կառավարության՝ ձեր դատին ներկայացվող ծրագիրը, ապա այն կանվանեի առաջին հերթին իրատեսական, խստապահանջ և ականջալուր: Իրատեսական՝ խոստումների և ռեսուրսների գնահատման առումով, խստապահանջ՝ հավասար պայմանների և երկակի ստանդարտների բացակայության տեսանկյունից, և ականջալուր՝ հանրային մտահոգությունների և քաղաքական ուժերի բարձրացրած բոլոր հարցադրումների քննարկման պատրաստակամությամբ»:

Երկակի ստանդարտներին, համոզված եմ, մամուլը մեկ անգամ չէ, որ դեռ կանդրադառնա, իսկ մենք էլ ականատես կլինենք՝ «հավասարությանը» և հավասարների մեջ ամենահավասարների և առավել հավասարների բազմաթիվ արտոնություններին: Բայց եթե անգամ մամուլը գրի երկակի ստանդարտների մասին՝ Հովիկ Աբրահամյանը ականջալուր կլինի՞ դրան: Ես արդեն պատկերացնում եմ, թե հայելու առաջ իր տեքստը փորձարկելիս որքան է չարչարչավել խեղճ մարդը՝ այդ ականջալուր բառը հստակ արտասանելու համար: Իսկ հիմա՝ հարց. տեսնես Հովիկ Աբրահամյանը մինչ այ պահը կյանքում լսե՞լ էր էդ «ականջալուր» բառը, թե՞ պարզապես «ականջից բամբակը հանել» և «ականջները կախ» «ականջալուր է եղել» խորհրդականների «ականջականչին» և նրանց ասածները «ականջի քամակ չի գցել…»»:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս