Մոտ ապագայում Հայաստանը չի անդամակցի ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին. 1in.am

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը:

-Պարոն Մարկով, Հայաստանն արդեն Մաքսային միության անդամակցության շեմին է, և նախատեսվում է, որ Հայաստանը մայիսի 29-ին կմիանա Բելառուսին, Ղազախստանին և Ռուսաստանին՝ ստորագրելով Եվրասիական տնտեսական տարածքի ձևավորման փաստաթուղթը, սակայն հիմնավոր կարծիքներ են շրջանառվում, որ Հայաստանի անդամակցության գործընթացը ձգձգվում է ՄՄ-ում Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված անհամաձայնության պատճառով: Իր հերթին, ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս ասել էր. «Մեկ տարածք ենք մենք լինելու, և իմ կարծիքով՝ որևէ այլ ձևակերպում այդ հարցում չի կարող լինել»: Հայաստանյան կողմի այս հայտարարությունը, ըստ Ձեզ, նշանակում է, որ Հայաստանը չի՞ կարողանա միանալ ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին, երբ Դուք պնդում էիք, որ ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև մաքսային անցակետ է տեղակայվելու:

-Ռուսաստանն այսօր չի կարող Հայաստանին միացնել Մաքսային միությանը Լեռնային Ղարաբաղի հետ միասին, որովհետև Ռուսաստանը նախատեսում է Մաքսային միության կազմում ընդգրկել Ադրբեջանին ևս: Իսկ ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին ԼՂ-ի հետ միասին կնշանակեր ճանաչել ԼՂ-ն Հայաստանի կազմում: Ուստի, ես կարծում եմ, որ այստեղ Ռուսաստանի դիրքորոշումը բավական հստակ է՝ ՄՄ-ին անդամակցելու է միայն Հայաստանը:

Մյուս կողմից՝ մեկ այլ դիտարկում ևս ունեմ: Աբխազիան և Հարավային Օսիան ֆորմալ կերպով հանդիսանում են ՄՄ-ի անդամ, ուստի լուրջ խնդիրներ ես ԼՂ-ի կարգավիճակի հետ կապված չէի փորձի փնտրել, ըստ իս, չէին կարող լինել խնդիրներ: Այսինքն՝ խնդիրը սա չէ: Ես ենթադրում եմ, որ ՀՀ ղեկավարությունը, սկսելով ՄՄ անդամակցության գործընթացը, փոքր-ինչ շտապել է, քանի որ ՀՀ ղեկավարությունը դեռ չի կայացրել միանշանակ որոշում:

Հաշվի առնելով այն հայտարարությունները, որոնք հնչել են ՀՀ ղեկավարների կողմից՝ ես կարծում եմ, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին, կարող է շատ երկարաժամկետ, նույնիսկ անվերջանալի գործընթաց լինել: Սրա նպատակն ազատություն ունենալն է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում: Վերջնարդյունքում Հայաստանը հետևում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին. Ռուսաստանը տարածաշրջանի լիդեր երկիրն է, Ռուսաստանը, պայմանավորված տարածաշրջանային զարգացումներով, ենթարկվում է մասշտաբային հարձակումների ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ՄՄ-ի և Եվրասիական միության ոչնչացման նպատակով: Ինձ թվում է, որ ՀՀ ղեկավարությունը դեռ չգիտի, թե ով կհաղթի այս պայքարում, և որոշել է ժամանակավորապես սառեցնել այս գործընթացն ու չշտապել ՄՄ անդամակցության հարցում: Այսինքն՝ Հայաստանն առաջնորդվում է հաշվարկով՝ մտածելով, որ գուցե ԱՄՆ-ին ու ԵՄ-ին հաջողվի տապալել այս պրոյեկտները: Այսինքն՝ Հայաստանը պաուզա է վերցրել:

Հարցազրույցն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս