«Այս ամենը սպասելի էր. զարմանում եմ, որ մարդիկ դեռ լուռ են, չի կարելի մի բաժակից ջուր խմել և թքել այդ նույն բաժակի մեջ, չի կարելի». Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
Երեկ ԱԱԾ-ականների կողմից ձերբակալված Արշակ սրբազանն այսօր դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Դատավորն այս անգամ ևս Մասիս Մելքոնյանն էր։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ:
Խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասին է:
Փաստաբան Արսեն Բաբայանը «անհեթեթ» էր համարել 7 տարվա վաղեմության մեղադրանքը և պնդել, որ նրա դեմ ուղիղ ցուցմունք չկա։
Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի խոսքով՝ Արշակ սրբազանի ձերբակալությունը սպասելի էր, սպասելի էր նաև երկամսյա կալանքը։
«Այս ամենը խիստ դատապարտելի է, ցավում եմ։ Սրբազանն այն կարևոր օղակներից մեկն էր, որպես դիվանապետի պաշտոոնը սբաղեցնող մարդ, այսպես ասած՝ ամբողջ վանքի համակարգողն էր։ Ինչպես Ավետարանն է ասում՝ հովվին հարվածեցին, հոտը ցրվելու է, իրենք հովիվներից են սկսել, ամենակարևոր պաշտոնները զբաղեցնողներից են սկսել։
Անկեղծ սրտով աղոթում եմ, որ ամեն բան լավ լինի, պայքարում ենք, չարչարվում ենք։ Արագածոտնի թեմի ողջ հոգևոր դասը հավատարիմ է իր սուրբ եկեղեցուն, Ամենայն Հայոց հայրապետին, հատկապես, որ մեր առաջնորդն այս պահին անազատության մեջ է, այս նույն ապրումներն ու զգացումներն ավելի ծանր ունեցել ենք, երբ տեսանք, թե ինչպես են մեր առաջնորդին տանում բանտարկության։ Լավ է լինելու, իրապես լավ է լինելու»,– 168.am-ի հետ զրույցում նշեց Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։
Հարցին՝ իշխանությունների այս գործողություններն արդյո՞ք միտված են նրան, որ հասնեն Վեհափառին և նրան ձերբակալեն, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը հարցով պատասխանեց՝ ուրիշ ճանապարհ կա՞։
«Իշխանությունն այլ բա՞ն է ասել է, ո՛չ, ինչ ասել է, այն էլ փորձում է անել։ Ցավում եմ, որ մարդիկ դրա մեջ են, անգամ հոգևորականները, էլ չեմ ասում բարձրաստիճան հոգևորականները։ Տերը ողորմի բոլորին, խելք ու իմաստնություն տա, որ փոխվեն, որովհետև մեզ համար էլ, մեր հայրենիքի համար էլ սա լավ չէ, որովհետև եկեղեցին բզկտված է։ Ու ես զարմանում եմ, որ մարդիկ դեռ լուռ են, մկրտվել են եկեղեցում, ընտանիք են ստեղծել, բայց լուռ են՝ չի կարելի մի բաժակից ջուր խմել և թքել այդ նույն բաժակի մեջ, չի կարելի»,- հավելեց Տեր Մանուկը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի խոստովանությանը, որ ԱԱԾ-ն նախապես գնում է այն քահանաների մոտ, որոնց պատարագներին պետք է մասնակցի Նիկոլ Փաշինյանը, և համոզում հոգևորականին, որ զեղչի կաթողիկոսի անունը, Տեր Մանուկն ասաց՝ ԱԱԾ-ի գործառույթներն այլ են, հոգևորականներին համոզելու համար չեն։
«Ցավում եմ, որ այդ համակարգը լծված է այդ գործին, իրապես շատ եմ ցավում, մենք այնքան անելիքներ ունենք՝ մեր սահմանի անվտանգության հետ կապված, հազար ու մի հարցեր կան։ Ավելի լավ կլիներ, որ մեր ուժայինները լրջանան, իրական հանցագործները վխում են մեր հայրենիքից ներս։ Բայց նրանք, ովքեր 30-40 տարի ամբողջ գիտակցական կյանքը նվիրել ու պայքարել են այս հայրենիք համար, եղել են հայրենիքի քաջ մարտիկները, նրանք փաստորեն բանտարկված են։ Աղոթենք, որ տերն իսկապես փոխի այս աննորմալ վիճակը»,- ընդգծեց հոգևորականը։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոստովանեց, որ եթե որևէ եկեղեցի գնում է պատարագի, ապա իրենից առաջ այնտեղ գնում են ԱԱԾ-ից մարդիկ, որպեսզի պատարագիչ քահանային հորդորեն պատարագի ընթացքում զեղչել Վեհափառ հայրապետի անունը։
Հիշեցնենք, որ բանտարկության մեջ են Առաքելական եկեղեցու արդեն 4 սրբազաններ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։
