«Տեր Գառնիկ քհն. Ավոյանին ուզում եմ մի քանի միտք հղել…». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Մինչ կիրակի օրը Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին տիրադավերի շրջիկ «աղոթախմբով» կստանա ութերորդ վերքը, Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:

Իմ լավագույն բարեմաղթանքները Տեր Գառնիկ քհն. Ավոյանին և ուզում եմ մի քանի միտք հղել իրեն: Ինձ համար հայ հոգևորականը ունի ինստիտուցիոնալ դիմադրողականության մոդել: Նա ճգնավոր չէ, ֆանատիկ չէ:

Երուսաղեմի Սուրբ Գերեզման տաճարում ժամանակ առ ժամանակ արձանագրվող բախումները հայ ու հույն հոգևորականների միջև առաջին հայացքից կարող են թվալ որպես անհասկանալի միջադեպեր։ Սակայն դրանք արտահայտում են մի պարզ և կարևոր տրամաբանություն․ հայ հոգևորականը պաշտպանում է ոչ թե միայն տարածք, այլ նաև ինստիտուցիոնալ շարունակություն։ Այդ տարածքը սիմվոլ է, որի վրա հիմնվում է հայկական ներկայության իրավական, պատմական և ինքնության լեգիտիմությունը։ Իսկ դրա պահպանումը պահանջում է ոչ միայն հոգևոր, այլ նաև մարմնական, երբեմն՝ ֆիզիկական դիմադրունակություն։

Այս մոդելը երբեք չի սահմանափակվել Երուսաղեմով։ Հայ հոգևորականը պատմականորեն գործել է ոչ թե որպես կրոնական ճգնավոր, այլ որպես ազգային և ինստիտուցիոնալ շահերի կրող, որը կարող է գործել ուժային հարթություններում ևս։ Նրա դերը եղել է պետականության մարմնավորման շարունակական աղբյուր, կրթական համակարգ, միջնորդական ավանդույթ, մշակութային ինքնության փոխանցում, ներքին բարոյական կարգավորման ինստիտուտներ։

Այդ պատճառով ժամանակակից քաղաքական համատեքստում հոգևորականը հաճախ հայտնվում է այնպիսի դիրքում, որն առանձին քաղաքական գործիչների համար դժվար հասանելի է։ Քաղաքական գործիչը կախված է քվեից, շրջակա իրավիճակից, հանրային տրամադրություններից։

Հոգևորականը կախված է ինստիտուցիոնալ պատկանելիությունից, որը չի փոխվում ընտրական ցիկլերով։

Այսօր, երբ Հայաստանի իշխանությունը փորձ է անում սահմանափակել եկեղեցու դերակատարությունը կամ այն ներկայացնել որպես անցանկալի ինստիտուցիոնալ մրցակից, փաստացի բախվում է մի ուժի, որը գործում է ոչ թե կարճաժամկետ քաղաքական շահով, այլ պատմական ինստիտուցիոնալ պատասխանատվությամբ։

Հոգևորականի կեցվածքը՝ նույնիսկ ճնշումների, հալածանքների կամ համակարգային արշավների պայմաններում, առավել կայուն է հենց այդ պատճառով։ Նա ներկայացնում է ոչ թե քաղաքական կամ կուսակցական շահ, այլ ինստիտուցիոնալ հիշողություն, որը չի կարող «վերընտրվել» կամ «անընդունվել»։

Եվ այստեղ է ընդգծվում հիմնական քաղաքական և հոգևոր եզրահանգումը.

Հայ հոգևորականը, լինելով պատմական ինստիտուտի մաս, պատրաստ է պաշտպանել ոչ միայն հավատը, այլ նաև հայկական պետականության և ինքնության շարունակականությունը։ Երուսաղեմի բախումները ընդամենը տեսանելի ձևն են այդ ինստիտուցիոնալ հոգեբանության, որը նույն ուժով արտահայտվում է նաև ներսում՝ հատկապես այն դեպքում, երբ պետական իշխանությունը փորձում է վերադասավորվել ազգային ինստիտուտների հաշվին։

Սիրելի Տեր Գառնիկ, Աստված պահապան Ձեր հրաշք ընտանիքին: Ամուր հավատք, անկոտրում կամք: Վստահ եմ Գյումրին Ձեր անդրանիկ Սուրբ Պատարագի ժամանակ կլինի Ձեզ հետ:

P.S. Խնդրում եմ ընկերներիս տարածել այն ինչ մերն է, մեզ նման է մեսամասնական է և հիմնարար: Խնդրում եմ հույսով, որ այս խավարի նկատմամբ հաղթանակը ոչ թե սևի առավել մգեցումն է այլ լույսի առավել պայծառեցումը»:

Տեսանյութեր

Լրահոս