Պետությունը կօգտվի 500 միլիոն դոլարով, իսկ ժողովուրդը՝ 1 միլիարդով
1997թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Ավելացված արժեքի մասին» օրենքի այն փոփոխությունը, ըստ որի՝ ապրանքներ ներմուծողները ԱԱՀ մուծում են սահմանի վրա: Այս փոփոխությունը մշտապես դժգոհություն է հարուցել տնտեսվարողների մոտ, քանի որ նրանց համար անհասկանալի է, թե ինչու իրենք պետք է ԱԱՀ վճարեն այն ապրանքի համար, որը հայտնի չէ՝ կարո՞ղ են իրացնել, թե՞ ոչ: Օրենքի այս նորմը շատ դեպքերում բնորոշվում էր` որպես «գործարարների կողմից պետության վարկավորում»: Չնայած այդ դժգոհություններին, օրենքի այդ դրույթն արդեն գրեթե 17 տարի գործում է:
2013թ. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը ներկայացրել էր օրենսդրական մի նախաձեռնություն, որով առաջարկում էր ԱԱՀ գանձել ոչ թե սահմանի վրա՝ ապրանքը ներմուծելուց անմիջապես հետո, այլ 3 ամիս ժամանակ տալ: Այն ժամանակ ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, դեմ արտահայտվեց այս նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, որ ՀՀ բյուջեի մուտքերի զգալի մասը` տարեկան 240-260 միլիարդ դրամը, գոյանում է հենց ԱԱՀ-ի գանձումներից, իսկ այդ հարկի թեկուզ 90-օրյա հետաձգումը լուրջ խնդիրներ կառաջացնի պետության հարկաբյուջետային քաղաքականության իրականացման համար:
Այս քննարկումները տեղի են ունեցել գրեթե մեկ տարի առաջ`2013թ. մայիս-հուլիս ամիսներին. Այն ժամանակ Հայաստանն ակտիվորեն նախապատրաստվում էր եվրոասոցիացմանը: Հիմա պարզ է, որ 2015թ. հունվարի 1-ից Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը, որտեղ տարբեր ապրանքների մաքսային դրույքաչափերն անհամեմատ բարձր են նրանցից, որոնք գործում են Հայաստանում, ինչը նշանակում է, որ ՄՄ-ին անդամակցելուց որոշ ապրանքների գներ կտրուկ բարձրանալու են:
Արդյոք Հայաստանի գործարարները և անհատ քաղաքացիները կարո՞ղ են օգտվել գների նման փոփոխությունից, և ի՞նչ կարող է անել պետությունը՝ այդ գործում ՀՀ տնտեսվարողներին և քաղաքացիներին օժանդակելու համար: Այս հարցով մենք դիմեցինք գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին:
– Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունն իսկապես կարող է ինչ-որ քայլեր իրականացնել, որոնք կօգնեն Հայաստանի բիզնեսին օգտվել ստեղծված իրավիճակից, որովհետև Հայաստանի Մաքսային միություն մտնելու դեպքում կարող է ստեղծվել մի բացառիկ իրավիճակ, երբ Հայաստանում գտնվող ապրանքներն ավելի էժան կլինեն, քան ՄՄ անդամ մյուս երկրներում, որոնք կարելի է վերաարտահանել, և գործարարները միանգամից մեծ գումարներ վաստակելու հնարավորություն կստանան: Դրա համար նախ՝ պետությունը պետք է փոփոխություններ կատարի որոշ օրենքներում: Օրինակ, պետք է փոփոխություն կատարվի ԱԱՀ-ի մասին օրենքում, որն ապրանք ներմուծողներին ստիպում է ԱԱՀ մուծել հենց սահմանի վրա:
Բոլոր գործարարներն էլ գիտեն, որ դա սահմանափակում է բիզնեսը, քանի որ այն գումարը, որն ապրանք ներմուծողը վճարում է սահմանին՝ որպես ԱՀՀ, դա ինքը հանում է իր բիզնեսից: Այդ գումարը գործարարները շատ դեպքերում վարկ են վերցնում բանկերից, և դրան գումարվում են նաև բանկային տոկոսները:
Այնպես որ, եթե պետությունը հետաձգի ԱԱՀ վճարումը, ապա հնարավորություն կտա բիզնեսին ընդլայնվել: Այդ գումարով գործարարները կկարողանան ապրանքներ ներմուծել Հայաստան՝ իմանալով, որ ՄՄ մտնելու դեպքում դրանք կտրուկ թանկանալու են. ՄՄ տարածքում ավելի բարձր մաքսազերծման վճարներ են գործում: Ավելին՝ պետությունը ոչ միայն պետք է հետաձգի ԱԱՀ վճարումը, այլ պետք է բիզնեսի համար ապահովի հնարավորինս էժան վարկային միջոցներ, որպեսզի այդ գումարները ևս օգտագործվեն Հայաստան ապրանքներ բերելու և պահեստավորելու համար:
Նույնը վերաբերում է անհատ քաղաքացիներին. Նրանց ևս պետք է թույլ տրվի արտոնյալ պայմաններով ապրանքներ ներմուծել Հայաստան: Ես տեսնում եմ, որ ինչ- որ բան արվում է, օրինակ, թույլ տրվեց, որ քաղաքացիները տարեկան ոչ թե երկու, այլ անսահմանափակ անգամներ կարողանան մինչև 150 հազար դրամ արժողությամբ և մինչև 50 կգ ապրանքներ բերել: Բայց դա բավարար չէ: Պետք է կտրուկ իջեցնել, օրինակ, մեքենաների մաքսազերծման համար վճարվող մաքսավճարները:
Այդ դեպքում քաղաքացիները, մեկը՝ իր սեփական միջոցներով, մյուսը՝ վարկով, մյուսը՝ պարտքով, կարող են էժան մեքենա ձեռք բերել, ներմուծել Հայաստան, իսկ հետո վերաարտահանել Ռուսաստան կամ ՄՄ անդամ այլ երկիր: Այդ դեպքում կօգտվի և՛ պետությունը, որը կստանա իր հասանելիք ԱԱՀ-ն, քանի որ ապրանքն իրացվում է, և՛ գործարարը, ով գումար կաշխատի գների տարբերության վրա: Ես ուզում եմ ասել, որ սա շատ բացառիկ դեպք է, այսպիսի դեպք կարող է լինել մի քանի տասնամյակ հետո, կամ գուցե չլինել:
– Կառավարությունը խոստանում է փուլ առ փուլ բիզնեսն ազատել ԱԱՀ-ն սահմանի վրա մուծելու հնարավորությունից. արդյոք դա բավարար չէ՞:
– Շատ լավ է, որ կառավարությունը որոշել է նման բան անել, բայց ժամանակը շատ կարճ է, և պետք է ավելի արագ դա արվի, որպեսզի, ինչպես նշեցի՝ այդ ժամանակը և ազատված միջոցները գործարարներն օգտագործեն ապրանքներ ներմուծելու և պահեստավորելու համար: Եթե պետությունն իսկապես գնա օրենսդրական փոփոխությունների և կարողանա բիզնեսի համար էժան վարկեր ապահովել, ապա դրանից կօգտվի և՛ պետությունը, և՛ բիզնեսը: Իմ մոտավոր հաշվարկներով՝ պետության օգուտը կարող է կազմել 500 միլիոն դոլար, իսկ գործարարների և ժողովրդի օգուտը՝ ավելի քան 1 միլիարդ դոլար: Մնում է, որ պետությունն իսկապես արագ արձագանքի: