Արթուր Ջավադյանի վերջին հնարավորությունը
Անցած 6 տարիներին Հայաստանի Կենտրոնական բանկը ղեկավարած Արթուր Ջավադյանը ՀՀ նախագահի կողմից կրկին առաջադրվել է հաջորդ ժամկետում երկրի գլխավոր դրամատունը կառավարելու համար: Երեկ Ազգային ժողովում սկսվեց ԿԲ նախագահի նշանակման հարցի շուրջ քննարկումը, իսկ այսօր կկայանա փակ գաղտնի քվեարկությունը:
Եթե Ջավադյանը վերընտրվի ԿԲ նախագահի պաշտոնում, ապա դա նրա վերջին հնարավորությունը կլինի այս կառույցը ղեկավարելու հարցում, քանի որ, ըստ ՀՀ Սահմանադրության, նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ նշանակվել Կենտրոնական բանկի նախագահ:
Ինքը՝ Ջավադյանը, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ այս հնարավորությունը որակեց` որպես «ծառայություն ժողովրդին» և «մեծ պատասխանատվություն ՀՀ քաղաքացիների հանդեպ»: Ջավադյանը պայծառ գույներով ներկայացրեց անցած ժամանակաշրջանում ԿԲ հաջողությունները, մասնավորապես՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերը, գնաճի զսպման նպատակով ձեռնարկված միջոցառումները, և այլն: Սակայն, ոչ իշխանական պատգամավորների գնահատականներով, ԿԲ գործունեությունն այնքան էլ արդյունավետ չի եղել:
«Վերջին տարիներին դրամի կուրսը սահուն չի արժեզրկվել, այլ պետությունն արհեստականորեն պահել է դրամի կուրսը մինչ այն ժամանակ, երբ տարբեր ճնշումների պատճառով 2 անգամ եղել է դրամի փլուզում՝ 2009-ի մարտի 3-ին, երկրորդը` խորհրդարանական ընտրություններից հետո: Այժմ թեթևակի, բայց ՀՀ դրամի փոխարժեքն արժևորվել է»,- հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ նույն սխալը կրկնում են ու տնտեսությանը կործանարար հարվածներ են հասցնում, իսկ ԿԲ-ն դարձել է մի քանի ներկրող օլիգարխների շահերի սպասարկման գործիք:
Նրա բնորոշմամբ՝ ՀՀ-ում գործում է բանկային կոնսերվատիվ համակարգ, որն արտագաղթի, տնտեսական անկման, սնանկությունների, գործարար ակտիվությունների անկման համատեքստում` բարգավաճում է: «Դրա բացատրությունը միակն է»,- ասաց Զուրաբյանն ու հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանը, Նավասարդ Կճոյանն ու Աշոտ Սուքիասյանը «Ամերիաբանկից» վարկ էին վերցրել, որը գոյություն չունի, իսկ Փայլակ Հայրապետյանի գրավադրված գույքն անցել է բանկին. «Սա տարածված է ամբողջ հանրապետությունում, որ մարդիկ չեն կարողանում վարկերը մարել, և իրենց ունեցվածքն անցնում է բանկին: Բանկը ծառայում է ժողովրդի ունեզրկմանը»:
Լ. Զուրաբյանը հիշեցրեց նաև 11 տարում Հայաստանից 6 մլրդ դոլարի արտահոսքի մասին հրապարակումը: Ա.Ջավադյանը փորձեց արդարանալ, թե` «որպես ԿԲ` տիրապետում են բոլոր հոսքերին և արտահոսքերին, և վերջին 5 տարիներին ներհոսքը դեպի ՀՀ ավելի շատ է եղել, քան արտահոսքը»: Ըստ Ջավադյանի՝ ՀԲ նախկին մասնագետների ուսումնասիրության մեթոդաբանությունն է այլ եղել, հաշվի չի առնվել ՀՀ-ում առկա առանձնահատկությունը, հսկիչ գների հանգամանքը:
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով` ԿԲ-ն չի կարող գների կայունացման ֆունկցիա կատարել, և գործառութային հիմքով հակասություն կա. «Մենք ստիպել ենք, որ ԿԲ-ն լինի մի հրեշ կառույց, որի լիազորությունները երբեք չեն կարող ապահովել արդյունավետ տնտեսավարում: Ինչքան էլ լավ տնտեսագետ լինեն Արթուր Ջավադյանն ու ԿԲ մասնագետները, ֆունկցիոնալ մակարդակում հակասությունը դրված է»:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ ԿԲ վերլուծական կարողությունները բավարար չեն դրսևորվում կամ չեն հրապարակվում, իսկ բանկային տոկոսադրույքները շարունակում են բարձր մնալ: «Դուք ընդունում եք, որ Հայաստանում, ոչ սահմանված կարգով խաղի կանոններով, կան օլիգոպոլիաներ: Դուք մասնակցում եք կառավարության նիստերին, այնտեղ երբևէ բարձրացրե՞լ եք այդ հարցը»,- հետաքրքրվեց Մելքումյանը՝ միաժամանակ նկատելով, որ ԿԲ-ն հայտարարում է, որ բանկերի լիցենզիաները շատ թափանցիկ են տրվում, բայց ՀՀ բանկերի թիվը 21 է ու չի փոփոխվում. «Այդ 21-ն ի՞նչ թիվ է, որ կանգնել ենք այդ թվի վրա, և ոչ իջնում, ոչ ավելանում է բանկերի թիվը»:
Ա.Ջավադյանը հայտարարեց, թե ԿԲ վերլուծական կարողությունները տեղում են, ներկայումս ԿԲ վերլուծական և վիճակագրական վարչությունները տեղափոխվել են Դիլիջանի բաժանմունք, նաև հրավիրել են արտերկրի հայ մասնագետների. «Շատ հետաքրքրիր պրոդուկտներ ենք տալիս այնտեղից»: Բանկերի թվի վերաբերյալ Ջավադյանը հավաստիացրեց, թե որևէ սահմանափակում այդ մասով չկա, վերջին 5 տարում որևէ մեկի լիցենզիայի պահանջ չի մերժվել, ու նման պահանջ չի եղել ՀՀ-ում:
«Զարմանալի է, որ բանկային բիզնեսն այսօր ամենածաղկող բիզնեսն է, և հայտ ներկայացնող չկա»,- հակադարձեց Մելքումյանը:
Իր գործընկերոջը լրացնելով՝ Նաիրա Զոհրաբյանը տարակուսանք հայտնեց, թե կայուն զարգացող բանկային համակարգի դեպքում ինչպե՞ս կարող է լինել օրեցօր փլուզվող տնտեսություն, և նշեց, որ դժվար է չհամաձայնել այն վերլուծաբանների հետ, որոնք պնդում են, որ բանկային համակարգն աշխատում է լոմբարդի, այսինքն` վաշխառուական սկզբունքով:
Պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարևորեց բանկերի՝ ՓԲԸ-ներից ԲԲԸ-ների վերածվելը:
Ի պատասխան Բագրատյանի հարցի, թե` խոստում եք տալիս՝ բանկերը շուտով ՀՀ-ում կլինե՞ն բաց բաժնետիրական, ինչպես ամբողջ աշխարհում կատարվում է, և ե՞րբ այդ օրենքը կընդունեն, Ա.Ջավադյանը հայտարարեց, թե համանման դիրքորոշում ունի. «Ես ինքս էլ, ԿԲ-ն էլ քաղաքականություն է տանում, որ ոչ դանդաղ տեմպով հասնենք դրան, որ բոլոր բանկերը լինեն բաց բաժնետիրական, հատկապես այն մասը, որ գործ ունի հասարակության փողերի հետ»:
Հ.Բագրատյանը կարևորեց նաև ներդրումային բանկի ստեղծումը, քանի որ սովորական առևտրային բանկը չի կարող վարկավորել ներդրումները: Բագրատյանի խոսքով` ներդրումային բանկերի համար պետք է պայմաններն այլ լինեն: Ա.Ջավադյանն ասաց, որ ՀՀ-ում կան ունիվերսալ բանկեր, հնարավորություն է ստեղծվել ներդրումային ընկերությունների համար, մի քանիսն արդեն ստեղծվել են, որոնց կարգավորման դաշտն էլ տարբեր է առևտրային բանկերի կարգավորման դաշտից:
Ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն կարող կողմ լինել և չեն մասնակցի ԿԲ նախագահի ընտրության քվեարկությանը, թեև Արթուր Ջավադյանի անձի դեմ ոչինչ չունեն: Իրենց որոշումը նրանք հիմնավորեցին քաղաքական խնդիրներով, իսկ Լ.Զուրաբյանն էլ պայման դրեց՝ «քանի դեռ հաշվիչ հանձնաժողովում բալանսը չի վերականգնվել, մենք զերծ կմնանք որևէ փակ քվեարկության ժամանակ քվեարկելուց»:
Ի դեպ, իշխանական կոալիցիայից հեռացած ՕԵԿ-ի պատգամավորներն ազատ կլինեն քվեարկության հարցում: