
Թայլանդում ռազմական դրություն է մտցվել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թայլանդի բանակը քաղաքական ճգնաժամի մեջ հայտնված թագավորությունում այսօր մտցրել է ռազմական դրություն: Զինվորականները տվյալ որոշումը բացատրել են մի քանի ամիս տևած հակակառավարական բողոքի ակցիաներից հետո կարգուկանոնը վերականգնելու անհրաժեշտությամբ:
Այդ ակցիաների հետևանքով զոհվել է 28 և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: Զինվորական հրամանատարության տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ ռազմական դրություն մտցնելու նպատակը «խաղաղության ու կարգուկանոնի վերականգնումն է՝ հանուն մարդկանց»: Զինվորականներն ընդգծել են, որ իրենց այդ քայլը չի հանդիսանում հեղաշրջում:
Սակայն դրա հետ մեկտեղ նրանք ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ որևէ խորհրդակցություն չեն անցկացրել գործող կառավարության հետ: Թայլանդի սահմանադրության համաձայն, բանակն իրավունք ունի ռազմական դրություն հայտարարել այն դեպքում, եթե անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հասարակության անվտանգության ապահովման համար:
Թայլանդի ընդդիմությունը 2013 թվականի նոյեմբերից փորձում է հասնել իշխանությունից «կարմիրվերնաշապիկավորների» հեռացմանը՝ պահանջելով երկրում ստեղծել «ժողովրդական խորհուրդ», որը կկատարի կառավարության գործառույթներ: