
Ինչո՞ւ ՀՀ բանկերի թիվը ոչ նվազում է, ոչ ավելանում

Կենտրոնական բանկի վերլուծական կարողությունները բավարար չեն դրսևորվում կամ չեն հրապարակվում: Նման տեսաակետ այսօր Ազգային ժողովի նիստում հնչեցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա հայտարարեց, որ բանկային տոկոսադրույքները շարունակում են բարձր մնալ, և խոշոր ընկերությունները ոչ շահութաբեր են սկսում աշխատել ու նոր վարկ վերցնելու համար պետք է վերաձևակերպեն:
«Դուք ընդունո՞ւմ եք, որ Հայաստանում կան ոչ սահմանված կարգով խաղի կանոններով օլիգոպոլիաներ: Դուք մասնակցում եք կառավարության նիստերին, այնտեղ երբևէ բարձրացրե՞լ եք այդ հարցը»,- ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարց ուղղեց Մ.Մելքումյանը:
Միաժամանակ նա նկատեց, որ ԿԲ-ն հայտարարում է, որ բանկերի լիցենզիաները շատ թափանցիկ է տրվում, բայց ՀՀ բանկերի թիվը 21 է ու չի փոփոխվում. «Այդ 21-ն ի՞նչ թիվ է, որ կանգնել ենք այդ թվի վրա և ոչ իջնում, ոչ ավելանում է բանկերի թիվը»:
Ա.Ջավադյանը հայտարարեց, թե ԿԲ վերլուծական կարողությունները տեղում են, ներկայումս ԿԲ վերլուծական և վիճակագրական վարչությունները տեղափոխվել են Դիլիջանի բաժանմունք, նաև հրավիրել են արտերկրի հայ մասնագետների. «Շատ հետաքրքրիր պրոդուկտներ ենք տալիս այնտեղից»:
Ըստ Ջավադյանի՝ ՀՀ-ում 60% դոլարիազացիա կա, ինչը նպաստում է տոկոսադրույքների բարձր լինելուն, բայց բանկերի կողմից թողարկված գովազդներ կան քարտատերերի համար՝, որոնց թիվն անցած 5 տարիների ընթացքում 500 հազարից բարձրացել է 1.5 մլն: Նա նշեց, որ 13%-ով վարկեր են առաջարկվում այն դեպքում, երբ ԱՄՆ-ում տոկոսադրույքներն ավելի բարձր է՝ 15%, Եվրոպայում մի քիչ ցածր է. «Այսօր վարկային գծերն էլ են շատ, նախկինում քարտային բիզնեսը ոչ թե կրեդիտ էր, այլ դեբիտ-քարտով, իսկ այսօր դրանք ռեալ կրեդիտ են»:
Բակերի թվի վերաբերյալ Ջավադյանը նշեց, որ որևէ սահմանափակում այդ մասով չկա, և հիմա փորձ է արվում նախապատվությունը տալ ինստիտուցիոնալ կառույցներին: ԿԲ նախագահը վստահեցրեց, որ վերջին 5 տարում որևէ մեկի լիցենզիայի պահանջ չի մերժվել, նման պահանջ չի եղել ՀՀ-ում:
«Զարմանալի է, որ բանկային բիզնեսն այսօր ամենածաղկող բիզնեսն է, և հայտ ներկայացնող չկա»,- հակադարձեց Մ.Մելքումյանը: