
Ինչ է ստուգել Կենտրոնական բանկը

«Արտահանման ապրանքների համար գործող ֆակտորինգով նախատեսվում է ապրանքների ընդհանուր գումարի 90% ֆինանսավորում, բայց բանկերը պահանջում են գրավի առարկա: Արդյոք դրանով չի՞ վերանում ֆակտորինգի գաղափարը ևչի վերածվում պարզ վարկավորման»,- այսօր ԱԺ նիստում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց պատգամավոր Լևոն Դոխոլյանը:
Ա.Ջավադյանը պատասխանեց, թե ֆակտորինգն իր բնույթով պարտավորության իրավունքի զիջում է և, եթե խոսքը գնում է ոչ ռիսկային ապրանքների մասին, գրավադրման առարկա չի պահանջվում: Սակայն, ըստ նրա, երբեմն բանկը ստիպված է լինում կիրառել նման գործիք, բայց շատ այլ դեպքեր կան, որ գրավադրման կարիքը չի լինում:
Պատգամավորի հարցին, թե 2012 թ-ի բանկի հաշվետվությունում նշված է, որ 211 տեղերում ստուգումներ են արվել, ի՞նչ է ստուգվել, Ջավադյանը պատասխանեց, որ խոսքը ֆինանսական համակարգում անցկացված ստուգումների մասին է. «ԿԲ-ն ապագայում ստուգվելիք օբյեկտների ցանկը նախօրոք հրապարակում է և դրանում, բացի բանկերից, մտնում են լոմբարդները, փոխանակման կետերը և այլն: Արդյունքները տարբեր են, բանկերի մասով արդյունքներն ավելի հստակ են, իսկ փոխանակման կետերի և լոմբարդների մասով լինում է որ տարվա ընթացքում ավելի քան 50 լիցենզիաներ են ետ վերցվում»: