«Հրազդան» ՔԿՀ աշխատակցի կողմից գողություն կատարելու գործը՝ ՀՔԾ վարույթում
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. դեկտեմբերի 4-ին` ժամը 20.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Լեռնիկ Մելքոնյանը պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Դդմաշեն գյուղի բնակչուհի Անահիտ Մ.-ի բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` շուրջ 170.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ նեթբուք տեսակի համակարգիչ և բջջային հեռախոս:
Բացի այդ, Լ. Մելքոնյանը 2014թ. հունվարի 19-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել նույն` Դդմաշեն գյուղի բնակիչ Գարիկ Գ.-ի առանձնատուն և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` 300.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ նոութբուք տեսակի համակարգիչ:
Լեռնիկ Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն