Ո՞վ է Կոլերովի ուղերձի հասցեատերը՝ Պուտի՞նը, թե՞ Սարգսյանը

Երեկ ռուս փորձագետ, նախկինում՝ ավելի շատ, հնարավոր է նաև ներկայումս՝ Կրեմլի հետ իր կապերով հայտնի Մոդեստ Կոլերովը հանդես է եկել մի հրապարակմամբ՝ «Հայաստանը հրաժարվել է Եվրասիական ինտեգրումից և Ղարաբաղի մասնատումից» խորագրով:

«Սա սկանդալ է, սակայն մենք սովոր ենք սկանդալներին»,- այսպիսի տողերով է Կոլերովը սկսում իր հոդվածը, որի իմաստն այն է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Անտոն Ազարովի հայտնի հայտարարությանը (ՄՄ-ին կանդամակցի միայն Հայաստանը` միջազգայնորեն ճանաչված սահմաններով, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղը) Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից տրված պատասխանները վկայում են՝ Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղից հրաժարվելու գնով մաս կազմել Եվրասիական միությանը:

Կոլերովը, իհարկե, իր այս պնդումը հիմնավորելու համար ներկայացրել է որոշակի փաստարկներ, հղում է կատարել մի շարք հայտարարությունների: Սա այն դեպքն է, որ նրա ներկայացրած փաստարկներին կաւրելի է նույնքան հակափաստարկներ ներկայացնել: Սակայն, որքան էլ իռացիոնալ, այդուհանդերձ, նախընտրելի է հավատալ Կոլերովին ու հույս ունենալ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես նա շարադրել է իր հոդվածում:

Իրականում Կոլերովը որևէ ֆորմալ դերակատարում չունեցող վերլուծաբան է, և եթե չլինեին նախադեպերն ու հայկական, ինչպես նաև ռուսական մեդիա-քաղաքական դաշտում առկա իրողությունները, ապա նրա հրապարակմանը կարելի էր վերաբերվել՝ ընդամենը որպես փորձագետի կարծիքի:

Կարդացեք նաև

Սակայն Կոլերովի դեպքում այնուամենայնիվ արժե բացառություն անել: Նախկինում, երբ նա ղեկավարում էր ռուսական և ոչ միայն ռուսական շրջանակների քաղաքական շահերը սպասարկող «Ռեգնում» գործակալությունը, վերջինս համարվում էր Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողը, որի միջոցով Ռուսաստանի իշխանությունները, բացի քարոզչական «զոնդաժից», նաև շատ որոշակի մեսիջներ էին հղում իշխանություններին ու ընդդիմությանը:

Այսինքն՝ կար ժամանակ, երբ Կոլերովը զգալի դերակատարում ուներ ռուսական իսթեբլիշմենթի առնվազն քարոզչական քաղաքականության իրականացման հարցում: Նշենք, որ այդ ողջ ընթացքում Կոլերովը բավական ինտեգրվել էր Հայաստանի ինչպես՝ իշխանական, այնպես էլ՝ ոչ իշխանական որոշակի շրջանակների հետ: Մամուլում անգամ հրապարակումներ եղան այն մասին, որ Հայաստանի իշխանական կամ բիզնես շրջանակների ներկայացուցիչներից մեկից կողմից Կոլերովը Երևանում էլիտար բնակարան է նվեր ստացել:

Սա, իհարկե, շատ փոքր դետալ է, այդուհանդերձ դա ստիպում է առնվազն չբացառել, որ Կոլերովը կարող է արտահայտել արդեն ոչ միայն կամ ոչ թե ռուսական, այլ Հայաստանի իշխանական շրջանակների տեսակետները:

Այսինքն՝ բացառված չէ, որ Կոլերովի երեկվա հրապարակումը ոչ թե Կրեմլի ուղերձն է առ այն, որ նորմալ կվերաբերվի, եթե Հայաստանը՝ Ղարաբաղի պատրվակով, հրաժարվի առանց այդ էլ չկայացող Եվրասիական ինտեգրացիայից, այլ Երևանի ուղերձը Կրեմլին, որ նույն պատրվակով Հայաստանը կարող է մաս չկազմել «Նոր Ռուսիայի» պուտինյան նախագծին:

Թե հատկապես այս տարբերակներից որ մեկի հետ գործ ունենք, պարզ կդառնա կարճ ժամանակ անց: Երկու շաբաթից պակաս ժամանակ է մնացել Եվրասիական միության հիմնադրման փաստաթղթի ստորագրման՝ պաշտոնապես հայտարարված ժամկետին՝ մայիսի 29-ին: Պաշտոնապես ասվել է նաև, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու փաստաթուղթը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 1-ը:

Այնպես որ, ընդամենը 10-11 օր հետո հայտնի կլինի՝ արդյո՞ք Կոլերովն արդեն իսկ կայացած փաստի մասին է խոսում՝ ինչպես վկայում է նրա հոդվածի հաստատական վերնագիրը, թե՞ սա ինչ-որ կարևոր բանից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ էր:

 

Տեսանյութեր

Լրահոս