
Հովիկ Աբրահամյանը հաշիվը կփակի անձամբ կամ Ծառուկյանի միջոցով

Երեկ ոչ իշխանական չորս ուժերը հերթական հանդիպումն են անցկացրել խորհրդարանում, որի ընթացքում, ըստ նրանց ներկայացուցիչների պաշտոնական տեղեկատվության, քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ համատեղ հանրահավաք անցկացնելու մասին հարցը: Ինչպես և կարելի էր սպասել, դեռևս որևէ հստակ տեղեկատվություն/որոշում չկա՝ երբ, որտեղ, ինչ օրակարգով է անցկացվելու այդ հանրահավաքը, եթե, իհարկե, անցկացվելու է: Քառյակը հանրահավաք ազդարարելու ու չանելու փորձ արդեն ունի՝ ապրիլի 28-ի եռօրյա շուրջօրյա հանրահավաքի խոստումը դեռևս չի մոռացվել:
Բայց ավելի հետաքրքիր է քառյակի այսօրվա հանդիպման ընթացքում քննարկված և վերջնական որոշման չարժանացած մյուս՝ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու հարցը: Ինչպես հայտնել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, այդ հարցով քննարկումները դեռևս շարունակվում են: Սակայն նա վստահեցրել է, որ քառյակն այդ հարցում հանդես կգա միասնական դիրքորոշմամբ:
Մինչև քառյակը կշարունակի իր հանդիսավոր ու դռնփակ հանդիպումները, կարելի է գրեթե վստահաբար պնդել՝ քառյակը, լավագույն դեպքում, չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը: Դա են վկայում ոչ միայն վերջին շրջանում քառյակի լղոզված գործելաոճն ու քառյակի հիմնական անդամի՝ ԲՀԿ-ի անխզելի կապը կառավարության հետ, այլ նաև ոչ պաշտոնական, սակայն հավաստի տեղեկություններն այն մասին, որ կառավարության ծրագրի քվեարկությունը բոյկոտելու հարցում ոչ իշխանական ուժերի միջև կոնսենսուսը գրեթե կայացել է: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Եթե Լ. Զուրաբյանը պնդում է, որ «անկախ եղանակից»՝ քառյակը միասնական դիրքորոշում է ցուցաբերելու կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ, ապա միակ հնարավոր տարբերակը չմասնակցությունն է: Մյուս երկու տարբերակները բացառվում են: Հասկանալի է՝ քառյակը, առնվազն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», չեն կարող կողմ քվեարկել, որքան էլ դա ցանկալի լինի նրանց ավագ ընկերոջ՝ ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի համար: Քառյակը չի կարող նաև դեմ քվեարկել, որքան էլ դա ցանկալի ու դեմքը պահպանելու հնարավորություն լինի քառյակի կրտսեր անդամների՝ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» համար: Մնում է չմասնակցելը: Միջանկյալ տարբերակ է նաև ձեռնպահ քվեարկելու որոշումը, սակայն դա լրիվ կվարկաբեկի առանց այն էլ վարկաբեկված ՀԱԿ-ին ու այդ ճանապարհին գտնվող «Ժառանգությանը»:
Մի խոսքով, խորհրդարանական չորս ուժերը, մեծ հավանականությամբ, իրենց սկզբունքային չմասնակցությունը կցուցաբերեն կառավարության ծրագրի քվեարկությանը: Չմասնակցությունը դարձել է միակ զբաղմունքը, որին դեռևս ընդունակ են քառյակի ուժերը կամ նրանց կորիզը: Նրանք չեն մասնակցում նախագահի ընտրությանը, չեն մասնակցում նաև խորհրդարանի ղեկավարի ընտրությանը, չեն մասնակցի նաև կառավարության ծրագրի քվեարկությանը: Արտաքուստ «հուժկու ընդդիմադիր» թվացող այդ դիրքորոշումն իրականում այն է, ինչ անհրաժեշտ է իշխանությանը: Դրա համար էլ իշխանությունը մշտապես պատրաստ է վճարել չմասնակցության համար:
Հասարակությունը ևս, մեծ հաշվով, չի մասնակցում երկրի քաղաքական կյանքին՝ դրա մասնակցության ամենաարտահայտիչ ակտի՝ ընտրությունների ժամանակ վարձատրվելով իշխանության ու այլընտրանքի կողմից՝ ընտրակաշառքի, բարեգործության, այլ նյութական խթանների միջոցով: Իշխանության թեկնածուին կամ իշխանական ուժերին գումարի դիմաց տրված քվեն ևս չմասնակցություն է՝ ակտիվ չմասնակցություն:
Իսկ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում հասարակությունը քաղաքական կյանքին պետք է մասնակցեր կուսակցությունների միջոցով: Իշխանական կուսակցություններին հասարակությունը ոչ թե ընտրում է, այլ վաճառում է ձայնը, իսկ դրանք, համաձայնեք, տարբեր հասկացություններ են: Իսկ ոչ իշխանական կուսակցությունների մի մասին՝ ընտրում, մյուսներին՝ կրկին վաճառում է ձայնը, սակայն նրանք իրենց հերթին վաճառվում են իշխանությանը: Վճարվելով կամ չվճարվելով, բայց ոչ թե կոնկրետ ինչ-որ բան անելու, այլ ոչինչ չանելու, այսինքն՝ չմասնակցության դիմաց:
Բայց նրանք իրենց վաճառվածությանը վերաբերվում են ճիշտ այնպես, ինչպես քվեն 5000 դրամով վաճառող ընտրողները: Փորձեք որևէ այդպիսի մեկին հարցնել՝ ինչո՞ւ է դիմել այդ քայլին, նա այնպիսի հանդիմանանքով կպատասխանի ձեզ՝ ասելով, որ՝ «էս իշխանությանը հասնում ա, հլը ավել պտի մուծվեր», որ արդյունքում հարցնողին կներկայացնի՝ որպես իշխանությանը ծախված: Նույնն է ոչ իշխանական կուսակցությունների դեպքում: Նրանք իրենց կոտորում են, օր ու արև չեն տալիս, մտածում-տանջվում են ազգի համար… չմասնակցելով:
Կայացած ժողովրդավարական համակարգերում հանրային-քաղաքական կյանքի հիմնական ուղղությունն այն է, ինչն անվանում են «մասնակցողական ժողովրդավարություն» (participatory democracy): Հայաստանում, ահա, զարգանում է հակառակը՝ ապամասնակցողական կամ չմասնակցողական ժողովրդավարությունը, ավելի ճիշտ՝ ավտորիտարիզմը: Որովհետև, երբ իշխանությունից բացի՝ մյուս ուժերը հրաժարվում են մասնակցել որևէ գործընթացի, ինքնաբերաբար իշխանությունը դառնում է ավտորիտար:
Հարցը՝ թե չմասնակցության առանձին վերցրած ծառայության համար հատկապես ով է վճարում քառյակին, և, ասենք, որքան կվճարի Հովիկ Աբրահամյանը կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցելու դիմաց, իհարկե, սպորտային հետաքրքրություն առաջացնում է, բայց տեխնիկական, դետալային է: Այնպես, ինչպես բովանդակային իմաստով կապ չունի՝ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը բաժանում են ՀՀԿ-ական Սքեն ու Լո՞շտը, ԲՀԿ-ական Բակլանն ու Բի՞զը, թե՞ այլ թաղային հեղինակություններ: Կարևորը՝ դրա արդյունքում հասարակությունը չի մասնակցում ընտրություններին, այլ մասնակցում է՝ դիտորդներին ցույց տալու համար, որ Հայաստանում ընտրություններ էլ են անցկացվում:
Այնպես որ, բացառված չէ, որ կոնկրետ կառավարության ծրագրի քվեարկությանը չմասնակցելու համար քառյակի մնացած անդամներին վճարի, օրինակ, Գագիկ Ծառուկյանը: Կամ որևէ մեկը՝ ՀՀԿ-ից. Դիցուք՝ «Պիսկեմ Վաչոն»: Հավատացեք՝ որևէ տարբերություն չկա: