
Լյուկ Դուբլե. Ցանկացած քայլ անելուց առաջ պետք է դրա մասին լավ մտածել, որ այն խելացի լինի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած առաջին պետական այցի ժամանակ նրան ուղեկցում էր ֆրանսիացի գործարարների պատվիրակություն, որի անդամներից շատերը Հայաստանում առաջին անգամ էին: Նրանց թվում էր նաև ֆրանսիական հայտնի «ԴՈՒԲԼԵ» միջազգային խմբի հիմնադիր խորհրդի նախագահ Լյուկ Դուբլեն: 1832թ. ստեղծված «ԴՈՒԲԼԵ» ընկերությունը մասնագիտացած է կառավարման հարցերում, իրականացնում է միջազգային տարբեր միջոցառումների կազմակերպում ու կառավարում, բրենդինգ, տեխնոլոգիական խնդիրների լուծում: Ընկերության դուստր ձեռնարկությունները գործում են Գերմանիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում և ԱՄՆ-ում: Մեզ հաջողվեց Հայաստանի տնտեսական խնդիրների շուրջ զրուցել Լյուկ Դուբլեի հետ:
– Պարոն Դուբլե, Հայաստանի ներդրումային միջավայրն ինչպե՞ս եք գնահատում:
– Ես այստեղ բավականին ծանոթացա իրավիճակին և իմացա, որ միջավայրն ավելի շուտ նպաստավոր է ներդրումների համար, և Ձեր կառավարությունը, կարծես, ամեն հնարավոր քայլ անում է, որպեսզի ներդրումային քաղաքականությունը բարելավվի, նպաստավոր լինի, և հնարավորինս շատ ներդրումներ ներգրավվեն Հայաստան: Բացի այդ ամենից, Հայաստանի բնակիչներն էլ շատ հաճելի ու գրավիչ արտաքին ունեն: Կարծում եմ, հայ-ֆրանսիական հարաբերությունների երկար ու ջերմ պատմությունն ավելի նպաստավոր կամուրջ է հանդիսանում նոր ներդրումների համար: Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա Հայաստանը ճանաչելու:
– Վերջին տարիներին, սակայն, Հայաստանում ներդրումները պակասում են, այդ թվում՝ ֆրանսիական: Մասնավորապես, 2008թ. ֆրանսիական ներդրումները ՀՀ տնտեսությունում ավելացել են գրեթե 5 անգամ, 2009թ.՝ 2.5 անգամ, և կազմել 197.4 միլիոն դոլար, իսկ անցած տարի, նախորդի համեմատ, դրանք կրճատվել են մոտ 57%-ով և կազմել 99.1 մլն դոլար: Ձեր կարծիքով` ինչո՞ւ է այդպես և ի՞նչը կարող է ներդրողներին ետ վերադարձնել:
– Աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամ էր, և ներդրումների նվազումը, կարծես թե, նորմալ է: Բայց հիմա աշխարհի տնտեսությունը զարգացման նոր սկզբի շեմին է և ներդրումների տարբերակներն օրեցօր շատանում են: Եվ այս նախագահական այցը շատ կարևոր էր մեզ համար, որովհետև այս այցի շնորհիվ մենք կարող ենք նախապատվությունը տալ Հայաստանին, քան մեկ այլ երկրի: Սա, մասնավորապես, ինձ համար ձեր երկրի իրական բացահայտում էր, քանի որ ես միայնակ գուցե չորոշեի գալ Հայաստան, իսկ հիմա արդեն տեղիք է տալիս մտածելու ներդրումներ կատարելու մասին և, գիտեք, ձեր լոլիկները շատ համեղ են, իսկ ֆրանսիացիների համար, ինչպես գիտեք, ուտելիքը շատ կարևոր է:
– Ո՞ր ոլորտներն են Ձեզ հետաքրքրել:
– Բոլոր ոլորտները, որոնք կվերաբերեն իմիջին, ապրանքային նշանի ստեղծմանն ու կառավարմանը: Պետք է բավարար չափով կարևորել, որ միջոցառումների արտաքին տեսքը շատ կարևոր է, բայց այս ոլորտում Հայաստանում դաշտը դատարկ է, ոչինչ չկա, այսինքն՝ մասնագետների համար մեծ աշխատանք կա անելու, և բոլոր հնարավորությունները բաց են:
– Եվ Դուք անձամբ մտադի՞ր եք ներդրումներ անել մեր երկրում:
– Երբեք պետք չէ գաղտնիքները մինչև վերջ բացահայտել, բայց ոչինչ բացառված չէ, որովհետև դուք անպատճառ կունենաք միջազգային միոջոցառումներ, որոնք տեղի կունենան Հայաստանում, և իմ աջակցությունն այդ ժամանակ պահանջված կլինի: Եթե ցանկանում եք, որ Հայաստանի պատկերն արտաքին աշխարհում իդեալական լինի, պետք է բոլոր ջանքերը գործադրվեն: Եվ մենք պատրաստ ենք այդ հարցում ձեզ օգնել:
Մենք ամեն ինչ պատրաստում ենք 3D տեխնոլոգիաներով և ամբողջ աշխարհում ենք աշխատում տարբեր ընկերությունների իմիջների բարձրացման ու կատարյալ լինելու ուղղությամբ: Մենք այստեղ ենք բերում նոու-հաու, թե ինչպես կատարել ինչ-որ գործողություններ՝ առավելագույն արդյունքի հասնելու համար:
– Մեր երկրում բրենդինգի խնդիր է դրված: Ըստ Ձեզ՝ այսօր Հայաստանի պատկերն աշխարհում ինչպիսի՞ն է:
– Ֆրանսիացու տեսանկյունից` այն միանշանակ շատ լավն է: Եվ պետք է փորձել այն ավելի զարգացնել, և, կարծում եմ, որ ձեր կառավարությունն այդ առումով բավականին ջանքեր գործադրում է: Իսկ այսօրվա աշխարհում բրենդինգը շատ մեծ անհրաժեշտություն է դարձել, և հաջողությամբ զարգանալու համար հարկավոր է որակյալ ու բնորոշիչ բրենդ ունենալ:
– Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն ինչպե՞ս եք գնահատում, ու ի՞նչ հեռանկարներ կան, Ձեր կարծիքով, Հայաստանի համար այդ առումով:
– Քանի որ ես եվրոպացի եմ, կարծում եմ, որ բոլոր սահմանները պետք է բաց լինեն և բոլոր հնարավորություններն օգտագործվեն: Սակայն ցանկացած քայլ անելուց առաջ պետք է դրա մասին լավ մտածել, որ այն խելացի լինի: Այնուամենայնիվ, ինչքան հնարավոր շատ բաց ճանապարհներ կան, այնքան լավ` պետության համար:
– Այստեղ տեսակետ է հնչում, որ Հայաստանը Եվրոպայի համար որպես պատուհան կծառայի դեպի Մաքսային միություն:
– Համամիտ եմ, կարծում եմ, որ դա այդպես է, տրամաբանական է: Բայց երբեմն այն, ինչ տրամաբանական է, իրագործելի չէ:
– Այսինքն, Ձեր կարծիքով` համագործակցությունն այդ ուղղությամբ կարող է և չստացվե՞լ:
– Ժամանակը ցույց կտա: