Եվրոպացի վերլուծաբան. Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցությունը միանշանակ կարող է հետաձգվել

Որքանո՞վ է հավանական առաջիկայում Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի ստորագրումը: Նախորդ ամիս Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչը, ի պատասխան 168.am-ի հարցմանը, մասնավորապես նշել էր, թե ԵՄ-ն պատրաստ է առաջ տանել Հայաստանի հետ հարաբերությունների ոչ միայն քաղաքական կողմը, այլև զարգացնել առևտրային հարաբերությունները: Իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանում հայտարարել էր, որ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի աշխարհաքաղաքական առանձնահատուկ պայմանները, և «Եվրոպան Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր պետք է ընդունի»:

168.am-ի հետ զրույցում թեմային անդրադարձավ Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» (European Policy Centre) վերլուծաբան, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի փորձագետ Ամանդա Փոլը:

Փոլը նշեց, թե չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը շարժվում է դեպի Մաքսային միության անդամակցություն, Երևանը դեռևս ցանկանում է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այդուհանդերձ, նրա կարծիքով` հետագայում կերևա, թե համագործակցությունը կոնկրետ որ ոլորտները կներառի, և հաշվի առնելով երկրի վրա Մոսկվայի ուժգնացող ազդեցությունը` կարելի է վստահ լինել, որ Ռուսաստանն ուշադրությամբ հետևելու է Հայաստանի ամեն մի քայլին:

«Այժմ ակնհայտ է, որ ԵՄ-ն այլևս չի կարող Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ կիրառել «նույն չափսը բոլորի հագով է» մոտեցումը, քանի որ գործընկերներից յուրաքանչյուրի ակնկալիքները ԵՄ-ից տարբեր են: Հետևաբար, ԵՄ-ի և այդ երկրներից յուրաքանչյուրի միջև հարաբերությունները պետք է մշակվեն յուրովի` իհարկե հիմքում դնելով ԵՄ-ի` «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքը:

Հայաստանի դեպքում հավանական է Ասոցացման համաձայնագրի «թեթև» տարբերակը («Association Agreement-Light») կամ դրա նման մի բան: Այս համաձայնագիրը կարող է հիմնվել ոչ միայն հարաբերությունների քաղաքական մասի զարգացման վրա, այլև ներառել տնտեսության որոշ հատվածներին վերաբերող համաձայնագրեր, թեև դրանք, ամենայն հավանականությամբ, սահմանափակված կլինեն»,- նշեց վերլուծաբանը:

Իսկ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման այս հեռանկարը որևէ կերպ կապվա՞ծ է Մաքսային/Եվրասիական տնտեսական միության նախագծի ներկայիս անորոշության հետ, և արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստանն ընդհանրապես չստորագրի Մաքսային միության պայմանագիրը:

Պատասխանելով մեր այս հարցադրմանը` Ամանդա Փոլն ասաց. «Մաքսային միությանը միանալը ինչ-որ իմաստով գլխացավանք է: Խոչընդոտներ, իհարկե, կան. օրինակ, Հայաստանը Մաքսային միության անդամ պետություններից` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստան, որևէ մեկի հետ ընդհանուր սահման չունի, բացի այդ, ո´չ Ղազախստանը, ո´չ Բելառուսը առանձնակի չի ուրախացնում այն հանգամանքը, որ ստիպված են լինելու ընդլայնել արտոնյալ պայմանները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անդամակցության համար: Գործընթացը պահանջում է նորմատիվային, օրենսդրական և, հնարավոր է, նույնիսկ սահմանադրական փոփոխություններ: Եվ, վերջապես, ակնհայտ է, որ Հայաստանն այդ անդամակցությունից որևէ լուրջ տնտեսական օգուտ չի ստանալու: Ուստի անդամակցությունը միանշանակ կարող է հետաձգվել»:

Տեսանյութեր

Լրահոս