Բաժիններ՝

Թրամփի միջնորդությամբ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը և Ռուանդան Սպիտակ տանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հյուրընկալել է Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) առաջնորդներին՝ երկու երկրների միջև հակամարտությանը վերջ դնելու համար խաղաղության համաձայնագիր ստորագրելու նպատակով։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը: 

«Այս պատմական փաստաթուղթն ամրապնդում է տասնամյակներ տևած հակամարտությունը դադարեցնելու, տնտեսական համագործակցությունը խթանելու և երկարատև խաղաղության հիմք ստեղծելու պարտավորությունները։ Վաշինգտոնյան համաձայնագրերը վերահաստատում են կողմերի պարտավորությունը՝ իրականացնելու ԿԴՀ-ի և Ռուանդայի միջև 2025 թվականի հունիսի 27-ին Վաշինգտոնում կնքված խաղաղության համաձայնագիրը և Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման շրջանակի տեսլականը՝ խաղաղության, անվտանգության և աննախադեպ տնտեսական աճի համար համարձակ ճանապարհային քարտեզ ստեղծելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։

Վաշինգտոնյան համաձայնագրերից բացի, պետքարտուղար Ռուբիոյի հյուրընկալությամբ ստորագրվել են հետևյալ երկկողմ փաստաթղթեր՝ Միացյալ Նահանգների և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր, Միացյալ Նահանգների կառավարության և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր՝ ընդլայնված անվտանգության գործընկերության վերաբերյալ, ԱՄՆ-Ռուանդա համատեղ տնտեսական բարգավաճման շրջանակ։Ստորագրման արարողության ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «մեր ամենամեծ և հզոր ընկերություններից մի քանիսին կուղարկի երկու երկրներ»։

«Եվ մենք արդյունահանելու ենք հազվագյուտ մետաղներ, որոշ ակտիվներ և վճարելու ենք, – ասել է նա։ – Բոլորը շատ գումար են վաստակելու»։

Ստորագրման արարողությանը մասնակցել են մի շարք առաջնորդներ ու տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Քենիայից, Անգոլայից, Բուրունդիից, Տոգոյից, Ուգանդայից, ԱՄԷ-ից, Կատարից։

Կենտրոնական Աֆրիկայի Կոնգո պետությունը տասնամյակներ շարունակ բախվել է ավելի քան 100 զինված խմբավորումների հետ, որոնցից ամենաուժեղը Ռուանդայի կողմից աջակցվող M23 ապստամբներն են։ Հակամարտությունը սրվել է այս տարի, երբ M23-ը աննախադեպ առաջխաղացմամբ գրավեց գլխավոր Գոմա և Բուկավու քաղաքները՝ վատթարացնելով մարդասիրական ճգնաժամը։

Ռուանդան հերքում է M23-ին աջակցությունը, չնայած ՄԱԿ-ի փորձագետների խոսքով՝ նրա  բանակը «փաստացի վերահսկողություն ունի M23-ի գործողությունների նկատմամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս