«Այդ ճանապարհը չի կառուցվի…». ինչպես Կարեն Դեմիրճյանը թույլ չտվեց կառուցել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը

Նորագույն պատմության ընթացքում Մեղրու առեղծվածը պարբերաբար դուրս է գալիս մեծ քաղաքականություն, դառնալով աշխարհաքաղաքական դիվանագիտության բախումների առիթ, երբեմն էլ այն վերաճում է ռազմական ընդհարման: Ի հաստատումն դրան կրկին ներկայացնում ենք Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» գրքում ներկայացված 1970-80-ական թվականների պատմության մեկ դրվագ.

«…Մեղրի-Քաջարան ճանապարհի շինարարության սկզբում Հեյդար Ալիևը հանդես եկավ առաջարկությամբ` կառուցել նաև Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհ ադրբեջանական Նյուվադի գյուղի միջով, որը Ադրբեջանի սահմանից հեռու էր 15 կիլոմետրով, միաժամանակ վերակառուցել 18 կմ գրունտային ճանապարհ` Նախիջևանից մինչև Նյուվադի: Այդ ճանապարհի շինարարությունը նշանակում էր նպաստել ադրբեջանցիների բնակեցմանը Մեղրու շրջանում, իսկ հեռանկարում` ամբողջ Զանգեզուրում: Հենց այդ նպատակն էր հետապնդում Ալիևը, դրա համար էլ չէր համաձայնվում ճանապարհի այլընտրանքային տարբերակների հետ, որ առաջարկում էր հայկական կողմը: Առաջարկվող ճանապարհներն անցնում էին հայերով խիտ բնակեցված տարածքով, ինչը դժվարացնում էր ադրբեջանցիների ներխուժումը: Բանակցությունները տևական էին և ծանր: Հարցը մի քանի անգամ քննարկվեց ԽՍՀՄ Մինիստրների խորհրդում, Քաղբյուրոյում: Մի անգամ վերադառնալով Մոսկվայից, Կարենը մտահոգված ասաց, որ գործը բարդանում է, քանի որ Ալիևը դիմել է երկրի ռազմական ղեկավարությանը, և Նախիջևան-Ադրբեջանական ԽՍՀ ճանապարհը հայտարարվել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհ և այժմ այդ հարցով անձամբ զբաղվում է զինված ուժերի հրամանատար մարշալ Սոկոլովը:

Կարենի արխիվում պահպանվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատար գեներալ-գնդապետ Կուլիշևի նամակը, որտեղ նա խնդրում է համաձայնություն` ճանապարհի շինարարության համար, «…որը կնպաստի ժողովրդատնտեսական կարևոր հարցերի լուծմանը, կազատի ավելորդ շրջանցումներ կատարելու անհրաժեշտությունից» և այլն: Այդ նամակը, ինչպես նաև հաջորդող մյուս նամակները Կարենը ուղարկում էր Ֆադեյ Սարգսյանին համապատասխան ցուցումներով, իսկ նա տարբեր պատճառաբանություններով մերժում էր, այդ թվում նաև նշելով ճանապարհի շինարարության` իրեն չարդարացնող բարձր արժեքը: Կուլիշևը դարձյալ դիմում է Դեմիրճյանին խնդրանքով, միաժամանակ, հաղորդելով, որ Նախիջևանի ԻԽՍՀ-ն պատրաստ է իր վրա վերցնել ճանապարհի կառուցման բոլոր ծախսերը: Այդ նամակի հետագա ճակատագրի մասին ինձ պատմեց Կարենի օգնական Սամվել Դանիելյանը. «Կարեն Սերոբովիչը կանչեց ինձ, ցույց տվեց նամակը և ասաց, որ ես ընթացք չտամ, ոչ մեկին ցույց չտամ և ուղարկեմ արխիվ»: Դա նշանակում էր, որ պատասխանը տրվել է, և ուրիշ պատասխան չի լինի:

Մնում է միայն զարմանալ, թե ինչպես ընդդիմանալով ամենազոր Ռազմաարդյունաբերական համալիրին և անձամբ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, գլխավոր քարտուղարի ամենամոտիկ մարդուն` Հեյդար Ալիևին, հայկական ղեկավարությանը հաջողվեց պաշտպանել իր հանրապետության շահերը: Ահա այն ժամանակվա ավտոճանապարհների շինարարության մինիստր Գ.Մելքումյանի վկայությունը. «Արդյունքի չհասնելով Ալիևը դիմեց մի աննախադեպ քայլի. ԽՍՀՄ տրանսպորտային շինարարության նախարարությանը դարձրեց Հայաստանի տարածքում կառուցվելիք ճանապարհի շինարարության և պատվիրատու, և նախագծող, և կապալառու:

Եվ այսպես, սկսվեց Ադրբեջանի սահման – Նախիջևան ճանապարհի շինարարությունը: Մինչև հիմա էլ մեզ պարզ չէ, թե ինչ մեթոդներով, ինչ գերբնական իմաստությամբ և խորհրդավոր հիմնավորումներով հաջողվեց Կարեն Սերոբովիչին հասնել այն բանին, որ սկսված և դեռ չավարտված չարաբաստիկ շինարարությունը դադարեցվեց: Եվ հենց այստեղ մենք հիշեցինք խորհրդակցությունում ասված նրա խոսքերը. «Այդ ճանապարհը չի կառուցվի…»

Տեսանյութեր

Լրահոս