Մերցը հայտարարել է, որ լուրջ է վերաբերվում ՌԴ ակտիվների առնչությամբ Բելգիայի մտահոգություններին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ լուրջ է վերաբերվում սառեցված ռուսական ակտիվների վերաբերյալ Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի անհանգստություններին և նշել է, որ նրա հետ կքննարկի ՌԴ ակտիվների հնարավոր օգտագործման տարբերակներն Ուկրաինային օգնության համար։
Այս մասին Մերցը հայտնել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։
«Ես հետաձգել եմ իմ վաղվա ուղևորությունը Նորվեգիա, քանի որ վաղը երեկոյան ցանկանում եմ Բելգիայի վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ քննարկել, թե Եվրոպական խորհրդում ինչպես ապահովել ձայների մեծամասնություն իմ առաջարկության համար, որը Եվրոպական հանձնաժողովն արդեն վերածել է իրավաբանական տեքստի։ Դա հատկապես վերաբերում է Բելգիայի կառավարությանը, քանի որ ռուսական ակտիվների դեպոզիտարիա Euroclear-ը գտնվում է Բրյուսելում», – ասել է Մերցը Գերմանիայի դաշնային երկրամասերի վարչապետների հետ դեկտեմբերի 4-ին կայացած խորհրդակցություններից հետո։
Նա ընդգծել է, որ իր նպատակն է համոզել ոչ միայն Բելգիայի կառավարությանը, այլև Եվրոպական խորհրդին։ Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ քննարկումներն այժմ ընթանում են երկու մակարդակով։
«Մի մակարդակը եվրոպականն է», – նշել է նա։ Մերցը բացատրել է, որ անհրաժեշտ է Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների ընդհանուր դիրքորոշումը։ Մասնավորապես, անհրաժեշտ է համաձայնության հասնել Բելգիայի հետ։
Դեկտեմբերի 4-ին Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ Մերցի՝ դեկտեմբերի 5-ին պլանավորած ուղևորությունը Նորվեգիա հետաձգվել է:
Դրա փոխարեն Գերմանիայի կանցլերը դեկտեմբերի 5-ի երեկոյան կմեկնի Բելգիա՝ այդ երկրի վարչապետ Բարտ դե Վևերի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ աշխատանքային ընթրիքի: Բանակցություններում սպասվում է Կիևի համար «ռեպարացիոն վարկի» սխեմայով ռուսական ակտիվների բռնագրավման թեմայի քննարկումը:
