Բաժիններ՝

Բելգիայի խորհրդարանն օվացիայով է ընդունել վարչապետի որոշումը ՌԴ-ի ակտիվները ԵՀ-ին հանձնելուց հրաժարվելու մասին

Բելգիայի խորհրդարանի պատգամավորներն օվացիայով են ընդունել վարչապետ Բարտ դե Վևերի ելույթը, որտեղ նա հաստատել է, որ հրաժարվում է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) վերահսկողությանը հանձնել Ռուսաստանի սառեցված ակտիվները՝ նշելով, որ ԵՀ-ն չպետք է «Բելգիայից պահանջի անհնարինը»: Այդ մասին հաղորդել է VRT հեռուստաալիքը:

Դե Վևերը նշել է, որ «բելգիացիները հավատարիմ եվրոպացիներ են և լիովին պատրաստ են աջակցել Ուկրաինային», ինչպես նաև ընդգծել է, որ ինքը գործում է ոչ Ռուսաստանի օգտին և կանի ամեն ինչ, որպեսզի ակտիվները չապասառեցվեն և չվերադարձվեն Մոսկվային: «Բայց դուք չեք կարող մեզ խնդրել անել անհնարինը», – շարունակել է Դե Վևերը՝ անդրադառնալով Ուկրաինայի համար «ռեպարացիոն վարկի» սխեմայով ռուսական ակտիվների բռնագրավման՝ Եվրոպական հանձնաժողովի ծրագրին:

Վարչապետը կրկնել է,  որ Բելգիայի կողմից Եվրոպական հանձնաժողովի ծրագրի հաստատման համար ԵՄ բոլոր երկրները պետք է տան իրավաբանական երաշխիքներ, որ լիովին կկիսեն Բելգիայի ֆինանսական ռիսկերը: Բացի այդ, նա  պահանջել է, որ Ռուսաստանի բոլոր սուվերեն ակտիվները, որոնք արգելափակված են ԵՄ մյուս երկրներում, բռնագրավվեն այն նույն պայմաններով, ինչպես որ Բելգիայում։

Եվրոպայում արգելափակված է Ռուսաստանի մոտ 210 միլիարդ եվրո սուվերեն ակտիվ, որից 185 միլիարդ եվրոն գտնվում է Euroclear-ի հաշիվներում։ Մնացած 25 միլիարդ եվրոյի ճշգրիտ գտնվելու վայրը ո՛չ Եվրահանձնաժողովը, ո՛չ էլ ԵՄ երկրները պաշտոնապես չեն հայտնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս