Բաժիններ՝

Փոքր ՀԷԿ-ը խախտել է Գեղարոտ գետի հիդրոերկրաբանական վիճակը. ԱԻՆ-ի մասնագետ

Գեղարոտ գետի գույնի փոփոխությունը բնապահպանական խնդիր է, այլ ոչ թե երկրաշարժի նշան: Այս եզրակացությանն են եկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության մասնագետները` ուսումնասիրելով գետի քիմիական կազմի փոփոխության պատճառները:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներով ահազանգ էր տարածվել Գեղարոտ գետը գույնի փոփոխության վերաբերյալ: Այն ամբողջովին դարձել է դարչնագույն: ՀՀ Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչների խոսքով` այն թունավոր է եւ ոչ մի բանի համար պիտանի չէ: Բնակիչները գետի այս վիճակը պայմանավորում են գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երով:

Հենց ահազանգի հետքերով էլ «ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի երկրաբանության բաժնի վարիչ Ռաֆայել Հարությունյանի և կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի գլխավոր մասնագետ Վալերի Խոնդկարյանի մայիսի 8-9-ը գործուղվել են Արագած գյուղ:

ՀՀ ԱԻՆ-ի «ՍՊԾ» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը ԷկոԼուրի հետ զրույցում պարզաբանեց. «Գետում երկաթի երեւակումներ կան, որոնցից ժանգ է առաջանում եւ բնական ճանապարհով գունափոխում գետի գույնը` դարձնելով այն դարչնագույն: Սակայն մինչ այժմ գետը կարողացել է ինքնամաքրվել: Հիմա ՀԷԿ-ը խախտել է գետի հիդրոերկրաբանական վիճակը, եւ գետը չի կարողանում իր ճանապարհին մաքրվել»:

Հարցի առնչությամբ ԷկոԼուրը նաեւ դիմեց ՀՀ բնապահպանության նախարարությանը: «Ահազանգը ստանալուն պես, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Արագածոտնի ստորաբաժանումը մեկնել է դեպքի վայր: Ուսումնասիրությունների արդյունքում գետը աղտոտող ուրիշ տնտեսական կառույցներ չեն հայտնաբերվել, սակայն ասել, որ ՀԷԿ-ն է պատճառը, դա էլ չենք կարող, քանի որ վարարաման սեզոն է»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը: Վերջինս նշեց նաեւ, որ միայն մասնագիտական փաստարկների դեպքում նախարարությունը գործողություններ կձեռնարկի:

Նշենք, որ Գեղարոտ գետի վրա կառուցված են «Գեղարոտ» եւ «Արագած-1» փոքր ՀԷԿ-երը, որոնք, ըստ ԷկոԼուրի «էկոլոգիական ռիսկերի մոդելի» համաձայն, գետը հասցրել են ճգնաժամային վիճակի են ստեղծել գետի համար: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված են նաեւ «Ալպիական-1» եւ «Լուսարփի» ՓՀԷԿ-ի լիցենզիաները: Որոնց կառուցման դեպքում գետը կհայտնվի աղետալի վիճակում:

ecolur.org

Լուսանկարը`mes.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս