Բաժիններ՝

«Այնտեղ դու տեր չես, ծառա ես». Ի՞նչ խնդիրների են հանդիպում Ռուսաստանում աշխատանքային միգրանտները

Վայոց Ձորի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մեկնարկել են բիզնես դասընթացներ արտերկրից վերադարձած 29 միգրանտների համար: Ծրագրի Եղեգնաձորի Միգրացիոն ռեսուրս կենտրոնի տնօրեն Հասմիկ Ղազարյանը 168.am-ին հայտնեց, որ երկշաբաթյա դասընթացից հետո մասնակիցները պետք է ներկայացնեն բիզնես-նախագծեր, և նրանց 20%-ը կկարողանա շահել ԵՄ-ի կողմից հատկացվող դրամաշնորհներ՝ նախագիծն իրականացնելու նպատակով: Դրամաշնորհը չի տրվելու գումարի տեսքով, այլ շահառուին տրամադրվելու են բիզնեսի համար անհրաժեշտ սարքավորումները, իսկ 1 տարի շարունակ վերահսկումից հետո, եթե նրանք կարողանան աճեցնել բիզնեսը, գույքն ու սարքավորումը կնվիրվի նրանց:

migr-04

Անցած տարի մարտին չեխական «Մարդը՝ կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև ստորագրվել էր վերադարձած միգրանտներին ՀՀ աշխատաշուկա վերաինտեգրելու, աշխատանքային միգրացիոն գործընթացը կարգավորելուն ուղղված ծրագրեր իրականացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որով բաղադրիչներից է «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը: Դրա շրջանակներում «Մարդը՝ կարիքի մեջ» և «Հայ օգնության միություն» կազմակերպությունների համատեղ ջանքերով ՀՀ 4 մարզերում՝ Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք, հիմնվել են միգրացիոն ռեսուրս կենտրոններ:

Հ. Ղազարյանը տեղեկացրեց, որ ծրագրին մասնակցել ցանկացողներն ավելի շատ են եղել, բայց սահմանված են մի շարք պահանջներ, այդ թվում՝ շահառուները պետք է պարտադիր 6 ամիս և ավելի մնացած լինեն արտերկրում:

«Վերադարձածներն ունեն տան, աշխատանքի, շրջապատում վերաինտեգրվելու խնդիր: Մարդիկ կան, ծախել են իրենց բնակարանը, գնացել, հիմա վերադարձել են ու նաև տան խնդիր ունեն»,- ասաց Հ. Ղազարյանը՝ հավելելով, որ հիմնականում վերադառնում են ընտանիքների, ծնողների պատճառով, երբեմն ֆինանսական խնդիրներ են ծագում:

Մարզի Քարագլուխ համայնքի բնակիչ Շահեն Մովսիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ մի քանի անգամ աշխատելու նպատակով մեկնել է Մոսկվա, բայց վերջին 2 ուղևորություններն անհաջող ավարտ են ունեցել. «Նորմալ, իրենց ուզածով աշխատել եմ, բայց գումարը չեն վճարել, խաբել են վերջում: Ասել են՝ էսօր-էգուց, ես էլ հոգնել, թողել-եկել եմ»:

migr-01

«Դրսում հիմա շատ անկայուն է: Ես չեմ ուզում, որ որևէ մեկը գնա Հայաստանից, թեկուզ միայն աշխատելու նպատակով: Եթե կա իմ հայրենիքը, իմ սեփական հողը, ինչո՞ւ պետք է ստիպված լինեմ գնալ: Կարիքի դեպքում ռուսներից ոչ մեկը չի ցանկանում աջակցել, իսկ այստեղ մոտենում են, օգնում են: Ես շինարարությունում չնչին գներով եմ աշխատել: Արդյունքում՝ բանկից վերցրած որոշ գումար եմ փակել, ու վերջ: Ինչ ուզում ես՝ արա, այնտեղ դու տեր չես, ծառա ես, ամեն ինչ իրենց ձեռքն է: Ես տղայիս հետ էի Մոսկվայում, նա մնաց, հիմա էլ փոքրս է ուզում գնալ: Ջահել են, չեն հասկանում, որ էլի նույն բանն է լինելու: Խեղդվողը փրփուրից է կախվում, բայց խեղդվել՝ խեղդվել, ավելի լավ է հայրենիքում խեղդվես»,- ասաց Շ.Մովսիսյանը:

Նա մտադիր է հանրապետական ճանապարհի վրա սննդի կենտրոն բացել, որը նաև մի քանի աշխատատեղ կապահովի: Մովսիսյանի խոսքով՝ Հայաստանում բիզնեսին խոչընդոտում են հիմնականում հարկային դաշտն ու վարկային բարձր տոկոսադրույքները:

Եղեգնաձորի բնակիչ Աշոտ Ենոքյանը ՌԴ Տյումեն քաղաքում 6 տարի որպես շինարար աշխատելուց հետո վերադարձել է Հայաստան. «Կարոտից ետ եմ եկել: Իմ գործը վատ չէր, այնքան էի աշխատում, ինչքան ինձ պետք է եղել: Բայց միևնույն է, այնտեղ դու սև ես, ոչ մի տեղ այնպես վստահ չես զգում, ինչպես քո սեփական հողում: Հիմա ուզում եմ իմ հողի վրա, իմ ընտանիքի հետ լինել ու աշխատել»:

migr-03

Ա.Ենոքյանը Եղեգնաձորում արդեն զբաղվում է փոքր բիզնեսով՝ լիմոնադ է արտադրում: Ծրագրին մասնակցելով՝ ցանկություն ունի մեծացնել արտադրությունը:

«Հայաստանում հեշտ չի, շատ դժվար է բիզնես անելը: Խնդիրները շատ են՝ ֆինանսական, արտադրանքի իրացման, հարկային և այլն: Մեր երկրում հարկերը շատ են, արտադրում ես, չես կարողանում հարկայինի ու աշխատողի հետ հաշիվներդ փակել: Ինձ կարոտը բերեց, թե չէ էնտեղ ապրելը հեշտ էր, աշխատանք կա, աշխատում ես, ամեն դեպքում գումար ունես գրպանումդ, իսկ այստեղ շատ դժվար է գումար աշխատել: Ստիպված ենք գնում, որովհետև մենք էլ ենք ուզում մի քիչ ավելի լավ պայմաններում ապրել՝ տուն վերանորոգենք, մեքենա գնենք, երեխա նորմալ մեծացնենք»,- նշեց Ա.Ենոքյանը:

Ենոքյանը նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ, աճեցնում է խնձոր, խաղող, ծիրան և այլն, բայց, ըստ նրա, գյուղատնտեսությունն այսօր շահութաբեր չէ, այլ աշխատանք է հարկավոր:

Վայքի բնակիչ Իշխան Զաքարյանը մեզ հետ զրույցում բողոքեց Ռուսաստանում արտերկրյա աշխատողների հանդեպ խտրական վերաբերմունքից. «Ես Նագինսկ քաղաքում էլեկտրիկ եմ աշխատել: Նախքան գնալս աշխատանք ունեի, այստեղ աշխատում էի էլեկտրացանցում, բայց վճարը շատ քիչ էր, իսկ ես այն տարիքի եմ, որ երեխաները հասունանում են, ծախսը մեծանում է: 60-80 հազար դրամ էր աշխատավարձս, իմ 3 երեխաներին չէր կերակրում: 3 տարի է, գնում-գալիս էի Ռուսաստան: Սկզբում նորմալ վճարում էին, իսկ հետո իջեցրեցին աշխատավարձի չափը: Բայց ռուսին վճարում էին 60 հազար ռուբլի, ինձ` 28 հազար, աշխատաժամերն էլ էին տարբեր՝ իրենք ժամը 9:00-17:00-ն էին աշխատում, ես՝ 8:00-20:00-ն: Գերհոգնածություն էր առաջանում, բայց դրանց չէի նեղվում, վիրավորական էր վերաբերմունքը»:

migr-05

Ի. Զաքարյանը նշեց, որ այստեղ շուկան ուսումնասիրել է, հաշվարկել, որ, եթե ամսական 150 հազար դրամի չափով եկամուտ ունենա, կարող է գոյատևել: Ի.Զաքարյանը տեղեկացրեց, որ եթե շահի դրամաշնորհ, մտադիր է էլեկտրական սարքավորումների վերանորոգման կենտրոն հիմնել: «Մնում է՝ միայն բախտս բերի»,- հավելեց  նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս