Հովիկ Աբրահամյանն առաջարկել է գիծ քաշել անցյալում եղած-չեղածի և նոր էջից սկսել. Գագիկ Մակարյան
«Առաջին կարևոր մեսիջն այս հանդիպման այն էր, որ բոլորը բիզնեսում հավասար լինեն, և վարչապետն ասել է, որ առաջինը սկսելու է իրենից ու իր մերձավորներից, որ օրենքի առաջ հավասար լինեն»,- այսօր ՀՀ վարչապետի ու գործարարների հանդիպումից հետո լրագրողներին ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա՝ հանդիպման ժամանակ նշվել է, որ հարկերի հավաքման բեռն ավելի ու ավելի շատ պետք է տեղափոխվի խոշորի վրա, այսինքն՝ փոքրերի նկատմամբ արտոնությունների կիրառման մեխանիզմ լինի, ՊԵԿ-ին հանձնարարվեց, որ փաստաթղթավորման միջոցով խստացնի ստուգումները, որ խոշոր բիզնեսը մինչ այդ մտածի և փորձի ավելի թափանցիկ աշխատել, եթե ոչ՝ հուլիսի 1-ից տարբեր ստուգումներով փորձելու են բերել հարկման դաշտ:
Մակարյանը հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է գիծ քաշել անցյալում եղած-չեղածի միջև և նոր էջից, նոր մոտեցումներով սկսել. «Մենք իրավունք չունենք չհավատալու, ի վերջո, հանրապետության վարչապետն է դա ասում, և պետք է որոշակի ժամանակ տանք այդ խնդիրները հասկանալու համար: Բայց ամեն դեպքում պետք է նաև հասկանալ՝ ուր ենք հասել, ինչը չի ստացվել»:
Նրա խոսքով՝ Սամվել Ալեքսանյանը, Մանվել Բադեյանը, և մյուսներն ասել են, որ եթե կանոնները հավասար են լինելու, իրենք խնդիր չեն տեսնում:
«Շատ երկրների օրինակով կարող եմ ասել, որ գալիս է ժամանակ, որ իրավիճակ է փոխվում: Օրինակ՝ այլընտրանքային ստուգումների մասին օրենքն ունի մի հետաքրքիր դրական կողմ՝ գալիս է մի ժամանակ, որ այդ նույն օլիգարխը, խոշորը, որը տարբեր ճանապարհով վաստակել է այդ գումարը, կարիք ունի որ այդ գումարները ձևակերպվեն, օրինականացման ու ժառանգականության խնդիր ունի: Հայրերը չեն ուզենա, որ իրենց ժառանգները, հետնորդները ընկնեն խնդիրների մեջ, կուզեն, որ մաքրված համակարգ լինի: Հիմա այս օրենքը թույլ է տալիս մաքրվել և «վհուկների որսի» խնդիրը լուծվում է այս մեխանիզմով: Օրինակ՝ Վրաստանում 1 անգամ կիրառվեց «հարկային ներում»: Մեզ մոտ մեխանիզմներն այլ են, բայց պարբերական բնույթ ունեն: Այստեղ խնդիրները շատ են՝ որքանով են այդ ցուցակները թափանցիկ լինելու, որքանով կիմանանք, թե ով ինչքան էր սխալվել, ինչքան մուծեց, արդյոք կոռուպցիոն ռիսկեր չկան»,- ասաց Գ.Մակարյանը:
Միության նախագահի կարծիքով՝ Այլընտրանքային ստուգումների վերաբերյալ օրենքի դրական կողմը նաև այն է, որ ներդրումներին կօգնի, այսինքն՝ այսօր խոշոր բիզնեսը եթե ուզում է ներդրում կատարել արտերկրում կամ մեր երկրում, կամ արտասահմանյան գործընկեր վերցնել, միշտ առաջանում է փողերի ծագման հարցը. «Խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն իրենք էլ են ասում, որ ուզում են գա մի օր, որ իրենք հանգիստ քնեն: Ուկրաինայի, Մոլդովայի օրինակները ցույց տվեցին, որ կոռումպացված բիզնեսն ընդհանուր աշխարհաքաղաքական առումով լուրջ խնդիրներ է առաջացնում, և ընդհանուրի շահն է, որ մի օր կանոնակարգվի դաշտը»: