
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու կժամանեն մայիսի 19-ին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ադրբեջանական այցի ժամկետը: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ նրանք Ադրբեջան կժամանեն մայիսի 19-ին:
Պլանավորված է, որ այցի շրջանակներում դիվանագետները հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Համանախագահներն այցելելու են նաև Ստեփանակերտ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը սրանից առաջ հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանելու մայիսի 16-ին: