Բաժիններ՝

Արծվիկ Մինասյան. Աուդիտի վերացումը ձեռնտու է այն կազմակերպություններին, որոնք գործում են ստվերում

«Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե նպատակահարմար չի համարում խոշոր կազմակերպությունների համար աուդիտի վերացումը, քանի որ այն կարող է հանգեցնել հաշվառման և հաշվետվությունների նկատմաբ վերահսկողության բացակայության:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խոշոր կազմակերպությունների համար վերացնել պարտադիր աուդիտը:

«Այս նախագծի ընդունմամբ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները և հաշվառումը կարող է թերի լինել կամ ընդհանրապես չլինել: Սա կարող է ձեռնտու լինել միայն նրանց, ովքեր ցանկանում են, որպեսզի ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ վերահոսկություն չլինի: Դրանք կարող են լինել այն կազմակերպությունները, որոնք գործում են ստվերում»,- ասաց նա՝ հավելելով, թե ֆինանսական հաշվետվություններից առաջ աուդիտ անցնելը հնարավորություն է տալիս հասկանալու, թե որքանով է այս կամ այն կազմակերպությունը թափանցիկ աշխատել և կատարե՞լ է արդյոք ֆինանսական հաշվետվությունը բոլոր պահանջներին և օրենքին համապատասխան:

«Պետք չէ վերացնել աուդիտը և ասել, թե հարկային մարմինը ստուգումներ անցկացնում է և չարաշահումներ է բացահայտում: Աուդիտորական կազմակերպություններ և հարկայինը տարբեր մարմիններ են և տարբեր գործառույթներ են իրականացնում: Պետք չէ ասել, թե հարկայինը խախտումներ է բացահայտում և աուդիտ պետք չէ»,- ասաց Մինասյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս