Բաժիններ՝

Ինչ է խոսել Հովիկ Աբրահամյանը խոշոր հարկատուների հետ (տեսանյութեր)

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանի խոշոր հարկատու գործարարների շուրջ 1-ժամյա հանդիպման օրակարգային հարցը տնտեսության զարգացման խնդիրներն էին: Հանդիպմանը ներկա էին «համատեղությամբ» նաև ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Մանվել Բադեյանը, Գուրգեն Արսենյանը, Հակոբ Հակոբյանը, Արման Սահակյանը, Ալիկ Պետրոսյանը, Արտակ Սարգսյանը, պետական պաշտոնյաներ՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Հանդիպումից հետո գործարարներից շատերը մեծ արագությամբ հեռացան՝ հրաժարվելով խոսել լրատվամիջոցների հետ և պատճառաբանելով, որ հանդիպումը փակ էր: Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, թե ինքն այսօր չի խոսելու և հորդորեց ներկա բազմաթիվ գործարարներին ուղղել հարցերը. «Քանի հոգի մարդ կա ստեղ, ինչի՞ եք ինձ հարցնում»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ, ով «ՄԱՊ» գործարանի սեփականատերն է, հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկվել է բոլոր գործարարների կողմից հարկային պարտավորությունները կատարելու և բոլոր խնդիրներն անձամբ հետևելու կառավարության պատրաստակամության մասին. «Մի խոսքով, ամեն ինչ արվի, որ երկրի տնտեսությունը մեկ քայլ առաջ գնա, երկու քայլ առաջ գնա, ժողովրդի համար նոր աշխատատեղեր, որն էլ ինքնստինքյան արտագաղթը կկանգնեցնի»:

Ա. Պետրոսյանի խոսքով՝ շատ կարևոր է, երբ կառավարության ղեկավարը նման հանդիպումներ է կազմակերպում բիզնես աշխարհի և կառավարության անդամների ներկայությամբ, և բոլորն էլ հավատում են, որ ամեն ինչ լավ է լինելու: Ըստ նրա՝ ներդրումների համար երաշխիքն էլ այն կլինի, որ ո´չ իշխանության, ո´չ ինչ-որ մարդկանց կողմից խոչընդոտներ չլինեն: «Ես բիզնեսի ոլորտից չեմ, բայց ես տեսնում եմ երաշխիքներ: Հոռետեսներ չկային, բոլորը կառավարության ղեկավարին արդեն վաղուց ճանաչում են»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ խոսք է գնացել հավասար մրցակցային դաշտի, ստվերի նվազեցման, բոլորի համար նույն խաղի կանոնների, փաստաթղթաշրջանառության 100% պահպանման մասին. «Բավական է այս վիճակով, որակ ու մթնոլորտ պետք է փոխել, որ տնտեսությունը զարգանա, արտագաղթն էլ կասեցվի»:

Մեր դիտարկմանը, որ բոլորը խոսում են, որ ստվերը խոշորում է, Ա.Ղազարյանը պատասխանեց, թե ստվերն ամենուր է՝ և´ խոշորում, և´ փոքրում, հավասարպես երկուսն էլ պետք է շտկվեն. «Ես հակված չեմ, որ մի կողմի վրա մտածենք, որ ստվերը մի կողմում է: Խաղը փչացնում են երկուստեք»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ հանդիպման նպատակը գործարարներին ու արտադրողներին կառավարության ծրագրին ծանոթացնելն էր: Անդրադառնալով ներդրումների երաշխավորմանը՝ նախարարը նշեց, որ ներդրումների համար, կարևոր չէ դա 100 հազար դրամ է, թե 100 միլիոն դոլար, կարևորը՝ շարժառիթներն են, որքան կառավարությունն իր իրավասությունների շրջանակում կարող է տրամադրել: Ճշմարիտյանը չհամաձայնեց լրագրողների մեկի դիտարկմանը, որ գործարարները մտահոգ հայացքներով էին. «Ես էդպիսի բան չնկատեցի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս