Բաժիններ՝

Քառյակը կվճարի՞ «ռեֆորմների հոր համար»

Քառյակը հիմնավորապես մասնատվել է: Սա են վկայում երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի շուրջ քննարկումների արդյունքները: Կառավարության նոր առաջարկները, մասամբ, բայց ընդունելի են ՀՅԴ-ի համար, ՀԱԿ-ը շարունակում է դեմ լինել, ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել, իսկ «Ժառանգությունը» գերադասեց լռել և տեսակետ չարտահայտել: Այսօր, ըստ ամենայնի, կուտակայինի վերաբերյալ փոփոխված օրինագիծն առաջին ընթերցմամբ կընդունվի: Երեկ օրենքի ներկայացման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախորդ քառօրյայում ներկայացված օրինագիծն ընդամենը ժամանակ շահելու համար էր բերվել, և ոչ թե` փարատելու ամբողջ մտահոգությունները:

Ըստ նրա` այս ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել, և այսօր ԱԺ է ներկայացվել մեկ այլ նախագիծ, որով ուժը կորցրած է ճանաչվում 76-րդ հոդվածը, այսինքն՝ վճարներ չփոխանցելու կամ ուշացնելու դեպքում պատասխանատվություն այլևս չկա, իսկ վարձու աշխատող և պայմանագրային եկամուտներ ստացող մարդկանցից կուտակային վճարներ չեն հաշվարկվելու, եթե աշխատողը ներկայացնում է դիմում, որով հրաժարվում է մասնակցել պարտադիրին:

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ թեև քառյակի պահանջն էր, որ քաղաքացին դիմում ներկայացնի կուտակայինին մասնակցելու և ոչ թե` հրաժարվելու վերաբերյալ, ամեն դեպքում, կառավարության այս առաջարկն էլ, որ հաշվի է առնում քաղաքացու կամարտահայտությունը, դրական քայլ է: Նա նշեց, որ կառավարությունն առաջարկել է նոր իրավակարգավորում` պետական բյուջեից հատկացումները ֆոնդերին շարունակվելու են, եթե անգամ քաղաքացին հրաժարվում է վճարել: Մինասյանը պնդեց, որ կառավարության կողմից պետք է հստակ հայտարարվի, որ որևէ ձևով մտադիր չեն շարունակել պարտադիրը պահելու քաղաքականությունը, և որևէ ձևով քաղաքացու պարտավորություն չի դիտարկվում:
Ըստ պատգամավորի` դրական ձեռքբերում է այն հստակեցումը, որ քաղաքացու կամարտահայտության դրույթն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ին, այսինքն` օրենքը հետադարձ ուժ է ստանում, և ովքեր չեն փոխանցել գումարներ, նրանք ազատվում են փոխանցելու պարտավորությունից. «Սա նշանակում է, որ պարտադիր բաղադրիչը չկա, պարտադիր կուտակային համակարգը չկա»: Այս հիմնավորմամբ էլ` Ա.Մինասյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը չի կարող դեմ լինել կառավարության ներկայացրած նախագծին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին կառավարության նոր առաջարկները չեն գոհացրել: «Ոչ թե մեր գումարները վերադարձնում են, այլ բանակցում են, թե ինչքան հնարավոր է` քիչ վերադարձնեն»,- ասաց նա՝ մասնավորեցնելով, որ թեև կառավարությունը հանում է պատժամիջոցները, բայց առաջարկում է քաղաքացիներին իրենցից բռնագանձված փողերը ստանալու համար պասիվ իրավունք, այսինքն` տարված գումարը ետ ստանալու համար դիմում են ուզում:
«Կառավարությունն իրեն նորից պահում է` որպես մի բռնի կառույց, որը սեփականացրել է մեր` սեփականատերերիս տնօրինման իրավունքը»,- ասաց Զուրաբյանը` ՀՀ կառավարությանը համեմատելով վայրի հորդաների հետ, որ թալանում են ժողովրդին, հետո կանչում իրենց մոտ` թալանը վերադարձնելու խնդիրք ներկայացնելու համար:

Կարդացեք նաև

Նրա խոսքով` մինչ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, թե պարտադիրն այլևս չի գործում, ամբողջ հանրապետությունում շարունակում են հավաքել գումարները: Զուրաբյանը հարցադրում արեց` այդ ինչո՞ւ Աբրահամյանը եկավ քառյակի հետ հանդիպման, և ինքն էլ պատասխանեց, որ նպատակը սեպարատ գործարք կնքելն էր. «Մենք սեպարատ գործարքի չենք գնա, մենք ժողովրդի շահերն ենք ներկայացնում և չենք վերցնի այդ խաբեության պատասխանատվությունը: Սա Սերժ Սարգսյանի ծրագիրն է և իրականացվելու է մինչև վերջ: Սա պետք է գիտակցել: ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու այս «կիսամիջոցներին»»:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ Հովիկ Աբրահամյանը դժվարին իրավիճակում է հայտնվել, միջազգային կառույցների մոտ ՀՀ վարկը պետք է պահպանի, նաև ինչ-որ պահի պետք է հայտարարի, որ պարտադիրը չի գործում: Ըստ Մելքումյանի` եթե նախկինում նախատեսված ծավալով փոխանցումներ չլինեն ֆոնդերին, ապա բարեփոխումը կձախողվի: Պատգամավորը հարցադրում արեց, թե ի՞նչ է լինելու մինչ այս ֆոնդեր փոխանցված 1.3 մլրդ միջոցների ճակատագիրը, և խնդրեց պարզաբանել բյուջեի մասնակցության հարցը: Մ.Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ի քվեարկությունը պայմանավորված կլինի կառավարության դիրքորոշումով` շարժվում ենք առա՞ջ, ե՞տ ենք գնում, թե՞ դոփում ենք տեղում:
«Ռեֆորմների հայր կոչվելու համար մեր ժողովուրդը շատ բարձր գին է վճարում»,- նկատեց Մ.Մելքումյանը:

«Էստեղ առերեսում չի գնում, թաղի տղերքի շահը չի, մենք հասարակության շահի հարցն ենք քննարկում»,- հայտարարեց ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նա պնդեց, որ ռեֆորմը շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, քանի որ ՍԴ որոշումը վերաբերում էր միայն օրենքի 8 հոդվածներին: Պահված ու չպահված գումարները Հակոբյանին այնքան էլ չեն հուզում։

«Վերջում վերահաշվարկ կանենք ու բոլոր գումարները կտեղավորենք այնտեղ, որտեղ կնախատեսվի օրենքով»,- ասաց նա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ հայտարարեց, որ ՍԴ որոշումից հետո կան տարբեր կարգավիճակներով մասնակիցներ համակարգի, կան անձինք, ում համար գումարները պահվել և փոխանցվել են, կան, որ պահվել և չեն փոխանցվել, կան, որ չեն պահվել, չեն փոխանցվել: Նախարարի կարծիքով` ՍԴ որոշումն ապահովելու համար անհրաժեշտ է տեղեկատվական շտեմարանում հստակեցնել բոլորի կարգավիճակները, և մինչև ամբողջական փաթեթի ներկայացումը պետք է ժամանակավոր լուծումներ ներկայացվեն: «Խնդիրը ծանրացնելու կարիք չկա, պետք է հասկանալ, թե այս նախագծի շրջանակներում ինչ խնդիրների ենք լուծում տալիս»,- հորդորեց Ասատրյանը:

Ի դեպ, կենսաթոշակային բարեփոխումների ճակատագիրը վերջին օրերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և կուտակային ֆոնդերի ու միջազգային կառույցների ներկայացուցիչների օրակարգում է: Չնայած պաշտոնական տեղեկատվությունը քննարկումների բուն էությունը շրջանցում է, բայց հասկանալի է, որ օտարերկրյա «բարերարներն» անհանգստացած են գումարների հավաքագրմանը սպառնացող իրադարձություններից: Միջազգային կառույցների ջանքերի վրա ԱԺ նիստում ուշադրություն հրավիրեց նաև Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ

ԱՄՀ-ն և ՀԲ-ն փորձում են շարունակել կուտակային բաղադրիչը. «Մենք չպետք է մեր ինքնորոշման իրավունքը զիջենք միջազգային կառույցներին: ՀԲ-ն և ԱՄՀ-ն տարիներ առաջ շատ հստակ էին ասում, որ պարտադիր կենսաթոշակային համակարգը չի կարող ՀՀ-ում գործել, որովհետև ՀՀ-ում չկա արժեթղթերի զարգացած շուկա: Մենք պետք է պատրաստ լինենք երկրորդ փուլին` պայքարելու համար»:
«Դ!ԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստներից Մանե Թանդիլյանը «168 Ժամին» հայտնեց, որ հետևել են ԱԺ քննարկումներին, բայց շարժումն իր վերջնական տեսակետը կհայտնի առաջիկայում: «Կառավարության նոր առաջարկներում թե՛ դրական և թե՛ բացասական կողմեր կան»,- նկատեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս