«Թվացյալ հաջողակ հասարակարգերը ստվարաթղթից տնակներ են, որ ամեն պահի կարող են փլուզվել»

Հայկական իրականությունն այսօր հետաքրքիր փոփոխությունների առջև է կանգնած. մի կողմից` անընդհատ խոսվում է արտագաղթի, երկիրը լքող հայերի մասին, մյուս կողմից` Հայաստան են վերադառնում արտասահմանում երկար տարիներ ապրած հայեր, ովքեր մեծ ցանկություն ունեն իրենց փորձը, գիտելիքները ներդնել հատկապես Հայաստանում: Հայաստանում գործող մի քանի առաջադեմ կառույցների շուրջ համախմբված այդ մարդիկ նոր որակ են բերում` կրթության, ձեռնարկատիրության, այլ ասպարեզների մեջ, մարդկային հարաբերությունների, կենցաղավարության, մտածելակերպի առումով:

Նրանցից մեկն էլ Մոսկվայում երկար տարիներ ապրած և վերջերս Երևան տեղափոխված, ABBYY աշխարհահռչակ ընկերության փոխնախագահ, «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից Արամ Փախչանյանն է, որ Հայաստանում հունիսից աշխատելու է որպես «Այբ» դպրոցի տնօրեն: Երևան հասնելուն պես Արամ Փախչանյանը նույնիսկ հասցրել է մասնակցել հիվանդ երեխաների օգնության համար մայիսի 2-ին անցկացված վազքարշավին: Անչափ հետաքրքիր է զրուցել մեկի հետ, ով հայաշխարհի, հայ մարդու, ժամանակակից հասարակարգերի մասին ունի սեփական ինքնատիպ վերլուծությունները:

– Արամ, Հայաստան տեղափոխվելով` նշանակո՞ւմ է արդյոք, որ թողնելու եք ABBYY-ն:

– Քանի որ ընկերության հիմնադիրներից եմ և աշխատում եմ շատ վաղուց, միանգամից անհնար է հրաժեշտ տալ: Ես դեռ կարող եմ օգտակար լինել ընկերությանը, այդ պատճառով որոշեցինք, որ չնայած տեղափոխվում եմ Երևան և ակտիվ մասնակցություն չեմ կարող ունենալ ABBYY-ի աշխատանքներին, ներգրավվելու եմ ընկերության որոշ սոցիալական, կազմակերպչական բնույթի նախագծերում:

Կարդացեք նաև

– Հաճախ եք շփվում դրսում ապրող հայերի հետ, ինչպիսի՞ն են առհասարակ նրանց` Հայաստան վերադառնալու միտումները:

– Դրսում ապրող շատ հայերի մոտ բացահայտ նախանձ կա նրանց նկատմամբ, որոնց հաջողվել է Հայաստան գալ և իրենց տեղը գտնել այստեղ: Մարդկանց մտավախությունը հիմնականում այն է, որ այստեղ իրենց կարողություններն ու ցանկություններն ամբողջությամբ չեն կարող իրագործել, և դա իրենց ետ է պահում Հայաստանից: Խոսքը վերաբերում է և՛ գաղափարական, և՛ առօրյա ցանկություններին: Ասենք, օրինակ, նրանք երեխաներ ունեն, որոնք դրսում ինչ-որ լավ դպրոցներում են սովորում, այդ դպրոցներ ընդունվելը բավականին բարդ խնդիր է եղել, հիմա երեխաներին հանել-բերել Հայաստանում ինչ-որ դպրոց` մի քիչ համարձակ քայլ է:

Երրորդը` պարտավորությունն է. որքան դու հաջողակ մարդ ես, այնքան ավելի պետք ես Հայաստանին, բայց դու պետք ես ոչ միայն Հայաստանին, դու պետք ես քո ընկերությանը, քո շրջապատին, և այդ ամենից կտրվելն ու Հայաստան գալը նույնպես հեշտ չէ: Գիտե՞ք ինչպիսին է ինքնախաբեության ճանապարհը. սկզբից գալիս են ընդամենը հանգստանալու, հետո զգում են, որ այստեղ լավ է, կյանքը հաճելի է, ամեն ինչ շատ համեղ է, մարդիկ բարեհամբույր են… Որոշում են մի փոքր տուն գնել, կամ` հողակտոր են գնում, շինարարություն են սկսում, հետո գալիս են` ամառն անցկացնելու, ամառը դառնում է ձմեռ, աշխատանք, ներգրավվածություն… Բայց այս ամենին հասնելու համար երկար ճանապարհ է պետք:

– Դրանք Հայաստանից գնացածնե՞րն են, թե՞ նաև սփյուռքահայեր են:

– Ամենասուր կարոտը հիմնականում այն հայաստանցիների մոտ է, ովքեր Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո են գնացել: Նրանք, ովքեր ավելի ուշ են գնացել, վերադառնալու ցանկություն չունեն, նրանք փախել են Հայաստանից, որովհետև իրենց տեսակետից` Հայաստանը կործանված մի երկիր է, որն ապագա չունի: Իրենք իրենց մտքում արդեն ձևակերպել են դա, և վերաձևակերպելու համար ժամանակ է պետք: Սակայն, հատկապես վերջիններս մի շատ կարևոր բան պիտի գիտակցեն. աշխարհում թվացյալ հաջողակ հասարակարգերը ստվարաթղթից տնակներ են, որ ամեն պահի կարող են փլուզվել: Այդ մարդկանց չափազանց վստահությունն այն ընկերությունների հաջողություններին, ուր իրենք աշխատում են, իրենց սեփական կարիերային, ապագային, պետության ամրությանը, տնտեսական հզորությանը, ինչպես ցույց տվեցին աշխարհի վերջին իրադարձությունները, 2008թ. ճգնաժամը, շատ հարաբերական են:

Այն պահերին, երբ երկրում սրվում է սոցիալական վիճակը, դու` որպես օտար մարդ, շատ սուր ես զգում, ընտրությունը միանգամից դառնում է շատ ազգայնական. երեկ դու շատ անհրաժեշտ մարդ էիր, բայց այդ պահին հանկարծ դառնում ես օտարգ Ընդհանրապես աշխարհում ամեն ինչում կա բևեռացում. հասարակությունների մեջ բևեռացում է առաջանում աղքատների և հարուստների միջև, կա տեսակետների բևեռացում, այլ բևեռացումներ…

Եվ այդ վիճակում մեկը, ով ապրում է իր ազգից հեռու, չի ապրում իր նմանների մեջ, կարող է սուր զգալ այդ ամեն ինչը: Դա հատկապես երևում է երեխաների վրա… Այսպիսի հարցերն են նաև մարդկանց դրդում նայել հայրենիքի ուղղությամբ: Բայց, ցավոք, հայրենիքից եկող նորություններն այնքան էլ հուսադրող չեն: Քաղաքական ու տնտեսական իրավիճակը վախեցնում է շատերին, որոնք ուզում են Հայաստան գալ: Եվ եթե նույնիսկ կարճ ժամանակով են գալիս, տեսնում են, որ աշխատուժի տեսակետից` Հայաստանը չքնաղ տեղ չէ… Հաճախ տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ այստեղ պարտաճանաչ չեն, նախընտրում են չաշխատել, քան` աշխատել…

– Դա խորհրդային հասարակարգի՞ց է գալիս:

– Ոչ: Դա, իմ կարծիքով, գալիս է այն տնտեսական իրականությունից, երբ տեսնում ենք, որ Հայաստան եկող գումարների մեծ մասը Հայաստանից դուրս աշխատողների ուղարկած գումարներն են: Վաշխառուների (ռանտյեների) մի ամբողջ դասակարգ է ձևավորվել, որ առանց ինչ-որ բան անելու` կարող է հոգալ իր օրվա հացի և այլ հոգսերը: Դա հասարակական տրամադրություն է ստեղծում, որ նախընտրելի է դիտվում: Ասենք, ինչքան լավ է` բոլորը նախանձում են նրանց` ոչինչ չես անում, ապրում ես նորմալ…

Եվ եթե անգամ այդ երիտասարդը մտածում է աշխատելու մասին, դիմում է աշխատանքի, առաջարկում են, ասենք, 80 հազար դրամ, նա այդ 80 հազար դրամը համեմատում է իր հոր կամ հարազատի ուղարկած գումարի հետ, տեսնում է, որ կազմում է մեկ տասներորդը կամ քսաներորդը` ասում է` ձե՞ռ ես առնում, ու թողնում-հեռանում է… Նա չի մտածում, որ այդ 80 հազար դրամն այսօր է, վաղը կդառնա 100, 200, ավելիգ չի մտածում, որ հայրը, որ ուղարկում է այդ փողը, միշտ կենդանի չի լինելու, կարող է ինչ-որ բան պատահել… Ի դեպ, դա ոչ միայն հայկական, այլ նաև այլ հասարակարգերի բնորոշ մտածողություն է, նույն վաշխառուական մտածողությանը կարելի է հանդիպել նաև Հարավային Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Մոլդովայում…

Aram-Pakhchanyan2

– Ի՞նչն է, ի վերջո, պատճառը, որ մարդիկ վախենում են ներդրում անել Հայաստանում:

– Հայաստանն այն տնտեսական հնարավորությունները չի տալիս, որոնք կստեղծեն հետաքրքիր աշխատատեղեր: Լուրջ բիզնեսմենը որևէ երկրում ներդրում անելուց առաջ ուսումնասիրում է մի շարք գործոններ. ասենք` երկրի տնտեսական վիճակը, ներքին շուկայի որակը, օրենսդրությունը, որքանո՞վ են այդ երկրի իշխանությունները երկրի օրենսդրությանը համապատասխան գործում, կոռուպցիայի մակարդակը…

Այդ ամենը Հայաստանում այնպիսի վիճակում է, որ Հայաստանը ներդրումների ընտրության սանդղակում բավականին ցածր տեղ է գրավում այս պահին: Մենք չունենք բավարար քանակությամբ որակյալ աշխատուժ, մեր իշխանություններն օլիգարխական են, մենաշնորհը շատ ուժեղ է, մեր տնտեսական ու քաղաքական իրավիճակը շատ ընկճող է, շուկան շատ փոքր է և աղքատ, երկիրը պարփակված է, և այլն: Այս ամենի առկայության դեպքում Հայաստան կարող են գալ միայն այն բիզնեսները և այն գումարները, որոնք ակնհայտ կրում են սկզբունքային գաղափարական բնույթ:

Այսինքն` հայ բիզնեսմենը, այս ամենը գիտակցելով, համոզված է, որ ինքն անպայման պետք է ներդնի հենց Հայաստանում, որովհետև սա իր երկիրն է, և վերջ: Չկա այսօր մեկ այլ իրական պատճառ, որ որևէ մեկը պետք է նախընտրի Հայաստանում ներդրում անել, դժբախտաբար, սա փաստ է: Հայաստանը ներդրումների առումով հրապուրիչ դարձնելու համար մի շատ կարևոր միջոց կա` ստեղծել կադրեր, որոնք միջազգային մակարդակով կարող են մրցակցել աշխատուժի շուկայում: Դա բիզնեսի առաջին գրավականն է:

– Իսկ Հայաստանում այն կարծիքն է տարածված, որ աշխատուժ կա, աշխատանք չկա:

– Դա շատ թվացյալ է, աշխատուժի որակը շատ ցածր է այստեղ: Նույն աշխատուժը, որ կա Հայաստանում, դրսի ներդրողի որևէ բիզնեսի հաջողություն չի բերի: Չկա այնպիսի բիզնես գաղափար կամ բիզնես համակարգ, որի համար հենց հայկական աշխատուժը կարող է հաջողության գրավական հանդիսանալ: Գուցե որպես էժան աշխատուժ` շատ պրիմիտիվ աշխատանքի համար կարո՞ղ է մեկը դիտարկել, բայց անգամ այդ մոդելի համար Հայաստանը բավականաչափ մասշտաբ չունի: Ներդրումներ չանելու մեջ մեծ դեր ունի երկրի տնտեսական իրականությունը:

Հիմնական տնտեսական խաղացողները սահմանափակում են շուկան, թույլ չեն տալիս ազատ շնչել մնացածներին: Իրենց քաղաքականությունը հասկանալի է` իրենք ուզում են հնարավորինս խուսափել որևէ մրցակցությունից: Նրանց մոտ չկա այն գիտակցությունը, որ եթե այս երկրում տնտեսական բուռն աճ լինի, իրենք էլ են շահելու, իրենք հենց առաջին շահողներն են լինելու: Դժբախտաբար նրանց մտածողությունը սկզբունքորեն պաշտպանողական է, միտված չէ զարգացման, և՛ դա խնդիր է: Տնտեսական վերնախավի ներկայացուցիչները, հնարավոր է` խոսում են զարգացման մասին, բայց իրենց պատկերացմամբ` զարգացումն իրենց սեփական բիզնեսի զարգացումն է:

– Ի՞նչ ելքեր եք տեսնում` ջարդելու այդ կարծրացած պատը:

– Մի շատ կարևոր միջոց կա. խաղալ այն դաշտում, որ ներկայիս տնտեսական վերնախավի համար սկզբունքորեն անհասանելի է, որտեղ իրենք խաղալ չեն կարող, որովհետև չեն գիտակցում այդ դաշտի անհրաժեշտությունը, չեն գիտակցում դրա ներուժը, և այլն: Եթե այդ դաշտում խաղը հիմա սկսվի, ապա պիտի սկսվի այն բիզնեսներից, որոնք դեպի ապագա են միտված: Հետաքրքիր նախագծերի սերմերը հիմա դնենք Հայաստանում, և հինգ, վեց, տասը տարվա կտրվածքով Հայաստանում կփոխվի տնտեսությունը:

Եվ այն մարդիկ, որոնք հին տնտեսության ներկայացուցիչներն են, որոշում կկայացնեն` կա՛մ իրենք ներգրավվում են նորի մեջ, կա՛մ դուրս են մնում: Բայց նորն ի սկզբանե ստեղծված է լինելու ոչ այնքան` ներքին, որքան` միջազգային շուկայի համար, և սկզբունքորեն չի ընդունելու որևէ սահմանափակում, որովհետև արագ աճի սկզբունքով է գործելու, և այլն: Այդ դեպքում միայն հին տնտեսության ներկայացուցիչները, որոնք այսօր վերնախավ են, կփոխեն իրենց մտածելակերպը և կմասնակցեն նորի կառուցմանը:

– Լավատե՞ս եք այդ առումով:

– Այսպես ասեմ. ես այդ առումով ոչ այնքան հավատում եմ համակարգին կամ իշխանությանը և նման գործոնների, որոնք ժամանակի առումով լոկալ բնույթ են կրում, որքան հավատում եմ ազգի ներուժին: Ես համարում եմ, որ այս ազգի մեջ կան մարդիկ, որոնք կարող են մեծ բաներ անել: Մենք դրա ապացույցն ունենք: Մեր ազգի ներկայացուցիչները դարեր շարունակ ինչ-որ հանճարեղ բաներ են արել: Այնքան շատ չեն ազգերն այս աշխարհում, որոնք նման մարդիկ են տվել աշխարհին, ա՛յ դրան եմ ես հավատում:

Ինձ թվում է, որ եթե կատակլիզմներ չլինեն, ինչ-որ բան չկործանի այս երկիրը, իմ ասածը կլինի ինքնաբերաբար, անխուսափելի է:

Մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք իրենց առօրյա աշխատանքն անհրաժեշտ որակով չեն կատարում, չեն հասնում այդ մակարդակին, որովհետև ոչ թե չեն ձգտում կամ ի վիճակի չեն, այլ այն պահանջը, որ իրենց ներկայացնում է հասարակությունը, շատ ցածր է: Նրանք չեն հասկանում կամ չեն գիտակցում, որ իրենց աշխատանքի որակի բարձրացման կարիք կա: Սակայն նույն հասարակությունում կան նաև կառուցներ, փայլուն մասնագետներ, որոնք միտված են իրենց ետևից տանելու հասարակությունը, օրինակ, մեր ստեղծած դպրոցը` «Այբը», «Թումոն», «Ռիփաթ Արմենիա» հիմնադրամը…

– Դրանք մեր հասարակության մեջ օազիսներ են թվում այսօր:

– Ես չէի ասի` օազիսներ են, դրանք բյուրեղացնող դեր ունեն մեր երկրում: Այդ կենտրոններն իրենց շուրջը նմանատիպ զարգացող, իրարանման, կրկնող ենթակառուցվածքներ են ստեղծում: Այն, ինչ մենք անում ենք, կամ կարող են անել այս բյուրեղացման կենտրոնները, ստեղծում են գերազանցության օրինակներ, ստեղծում են աշխատանքի, սկզբունքների նախատիպեր, որոնք, մարդիկ տեսնելով` ձգտում են կրկնօրինակել: Մենք տեսնում ենք, որ հենց մեր շուրջը հայտնվում են մարդիկ, այդ մարդկանց և՛ ներքին որակը, և՛ աշխատանքի որակը, իրենցից անկախ` սկսում է աճել: Եվ իրենք էլ են դրանով հրճվում, կենդանանում, սթափվում, հայտնվում է հույս, հավատ… Սրանք հույս ներշնչող կենտրոններ են:

– Կարծիք կա, որ «Այբ»-ի շրջանավարտներն ավարտելուց հետո գնալու են երկրից: Դուք ի՞նչ կասեք:

– Մենք սկզբից էինք նման վտանգ տեսնում: Մեր առաջին շրջանավարտները հիմնականում արդեն հայկական բուհեր են ընդունվել և տրամադրված են մնալ այստեղ: Գուցե նրա՞նք էլ սկզբից իրենց ապագան Հայաստանում չէին պատկերացնում, բայց իրենց սեփական փորձով տեսան, որ որակը կարևոր բան է: Երբ դու որակյալ կրթություն ես ստանում, որակյալ շրջապատում ես լինում, նոր գաղափարների հնարավորություն ես ունենում, ապա այս իրականության մեջ դու կարող ես շատ հետաքրքիր բաներ կերտել:

Եթե դու գնաս մի այլ երկիր, որտեղ այդ ամենն արդեն կա, քո ներդրումն այդ երկրում շատ ավելի ցածր կլինի, քո` այնտեղ լինելու իմաստը կնվազի: Նրանք արդեն հասկացել են, որ լավ աշխատելով, իրենց պարտականությունները լավ կատարելով` կարող են իմաստներ ստեղծել կյանքում:

– Արամ, ոմանց հիմա կհետաքրքրի, թե ի՞նչ միջավայրում եք Դուք մեծացել, ի՞նչ կարևոր բաներ են ասել Ձեզ Ձեր ծնողները:

– Իմ ծնողները մանկավարժ են եղել, հայրս հանրապետությունում հայտնի մանկավարժ Բենհուր Փախչանյանն է, այսօր իր անունով լաբորատորիա կա Ֆիզմաթ դպրոցում: Նրանք միշտ խոսել են ազնիվ աշխատելու մասին, մղել են ձգտելու ինչ-որ հաջողության, բայց ոչ թե ֆինանսական հաջողության, այլ այնպիսի կարևոր մի բան անելու, որ բոլորը կգնահատեն: Ես իրենցից եմ իմացել, որ կյանքում զուսպ և համեստ լինելը շատ կարևոր հատկանիշներ են…

Տեսանյութեր

Լրահոս