Եվրասիական բանկը ՀՀ կառավարության լավատեսությունը չի կիսում
Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է «ԱՊՀ Մակրոմոնիտոր» զեկույցը, որտեղ խոսվում է տարածաշրջանի, այդ թվում նաև՝ Հայաստանի տնտեսության հեռանկարների մասին։
Զեկույցը հիշեցնում է, որ 2014 թվականի փետրվարին տնտեսական ակտիիվության ցուցանիշը հասավ 3.2%-ի՝ տարեկան կտրվածքով։ Ցուցանիշի բարելավումը, ըստ զեկույցի, պայմանավորված գյուղատնտեսության 7.2%, ծառայությունների ոլորտի 5.8% աճով, ինչպես նաև անկումային երկար շրջանից հետո շինարարության ոլորտի 2.3%-անոց աճով։
Ի տարբերություն այս ոլորտների, 5.2%-ով անկում են գրանցել արդյունաբերությունը, իսկ առևտրի աճի տեմպը նվազել է մինչև 4.2%։ Արդյունքում՝ ՏԱՑ-ը այս տարվա հունվար փետրվարին կազմել է 2.4%։ Այդուհանդերձ, զեկույցի հեղինակները այդ բարելավումը բավարար չեն համարում և գտնում են, որ ՀՆԱ-ի աճը առաջին եռամսյակում կպահպանվի ցածր մակարդակի վրա։
Սակայն հետագայում սպասվում է ՀՆԱ-ի աճի արագացում։ Նման լավատեսության համար հիմք են հանդիսանում արտաքին միջավայրի բարենպաստ հեռանկարները, ներդրումային ակտիվության վերականգնումը, ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունն ու դրամական փոխանցումների մեծ ծավալները։
Այսպես ասած, փոխզիջումային կանխատեսման համաձայն՝ 2014 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 4.8%-ով։ Հիշեցնենք, որ ՀՀ 2014թ. բյուջեով այս տարի կանխատեսվում է 5.2% աճ։