Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը կարող են գոյակցել` որպես երկու հարևան ինքնիշխան պետություններ. ԼՂՀ նախագահ. news.am
Ներկայացնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը տված հարցազրույցը:
-20 տարի առաջ ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի կարեւորությունը դժվար է թերագնահատել: Ձեր տեսանկյունից` ի՞նչ է այն տվել Լեռնային Ղարաբաղին եւ ի՞նչպես է համաձայնագիրն իրականացվում:
-Հրադադարի մասին համաձայնագրի կարեւորությունն իսկապես դժվար է թերագնահատել: Խաղաղության, թեկուզ եւ հարաբերական, հաստատումը, կարծում եմ, շատ բան է տվել ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, այլ նաեւ` ողջ տարածաշրջանին:
Ամենից կարեւորը` դադարեցվել է պատերազմը, տանյակ հազարավոր մարդկանց կյանք է փրկվել, մարդիկ խաղաղ կյանքի են վերադարձել: Արցախի հանրապետությունը պարտադրված պատերազմի հետեւանքներից աստիճանաբար վերականգնվելու հնարավորություն է ստացել: Մեր ժողովուրդը, Հայաստանի ու Սփյուռքի օգնությամբ, հաջողացրել է վերականգնել երկրի քայքայված տնտեսությունը եւ վստահելի հիմք ստեղծել առաջընթաց զարգացման համար:
Ադրբեջանը ստիպված էր հրադադարի գնալ: Չլիներ հրադադարի մասին համաձայնագիրը` այդ պետության ապագան անչափ մշուշոտ էր լինելու:
Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը, չնայած հրադադարի ռեժիմի Ադրբեջանի կողմից գործնականում ամենօրյա խախտումներին, Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը, կայունությունը եւ ուժերի ռազմավարական հավասարակշռությունը, ընդհանուր առմամբ, պահպանվում է, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ դա շարունակական լինի:
-Շատ է խոսվում հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու հնարավորության մասին: Ձեր կարծիքով` դրա անհրաժեշտությունը կա՞:
-Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտին միակն է աշխարհում, որտեղ խաղաղությյունը եւ կայունությունը բացառապես հակամարտության կողմերն են ապահովում: Կարծում եմ` դա անչափ կարեւոր ասպեկտ է, որ, ի թիվս այլոց, նաեւ վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը կարող են գոյակցել` որպես երկու հարեւան ինքնիշխան պետություններ: Ներկայիս փուլում տարածաշրջանում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու համար որեւէ օբյեկտիվ նախադրյալ չեմ տեսնում:
-Ի՞նչ եք կարծում, միջազգային իրավունքին որքանո՞վ են համապատասխանում տարածքային ամբողջականության սկզբունքը ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից գերակա դարձնելու փորձերը: Կարելի՞ է այս կամ այն սկզբունքի գերակայության մասին խոսել:
-Տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները միջազգային իրավունքի բացարձակ հավասարարժեք նորմեր են հանդիսանում: Դրանց միջեւ գերակայություն սահմանելու փորձերը ոչ միայն արդյունավետ չեն, այլ նաեւ միջազգային իրավունքի խախտում են նշանակում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: