Երեմ Սարգսյան. Դավիթ Խաչատրյանը հենց այդ պահին՝ չդիմանալով, հանդես եկավ հացադուլի մասին հայտարարությամբ
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն այսօր անժամկետ հացադուլ է հայտարարել: Ինչպես 168.am-ին փոխանցեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը, Դ. Խաչատրյանն արդարություն է պահանջում:
Երեմ Սարգսյանի տեղեկացմամբ՝ այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ճառով հանդես է եկել գործով դատախազը, ով հաստատված է համարել Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը:
Փաստաբանի խոսքով՝ երբ դատախազը ասել է, թե ինչով է հաստատվել Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը՝ նա «գրեթե բառացի, տառացի» միակողմանիորեն շարադրել է նախաքննության ժամանակ ձեռք բերված ապացույցները, որոնք քննիչը ներառել էր իր մեղադրական եզրակացության մեջ:
«Այսինքն՝ այս ընթացքում, որ մենք դատաքննություն արեցինք, լսեցինք այսքան վկաների, հետազոտեցինք այդքան ապացույցներ, բացարձակապես նշանակություն չունեն մեղադրողի համար: Դրանց հետ կապված որևէ վերլուծություն, որևէ հանգամանք չնշվեց, թե, ի վերջո, ինչո՞ւ հիմք չեն ընդունվում վկաների հայտնած որոշ հանագամանքներ, կամ ինչո՞վ է անարժանահավատ, ինչո՞վ հերքվեց Դավիթի ցուցմունքը, որտեղ նշում է, թե ինչ է եղել»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ առանց հիմնավորման ընթերցվեց այն ամենը, ինչ քննիչը դրել էր մեղադրական եզրակացության մեջ որպես ապացույց:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատախազը Դավիթ Խաչատրյանին առաջադրված երկու հոդվածների համար պահանջել է նրան դատապարտել 18 տարվա ազատազրկման:
Փաստաբանի խոսքով՝ արարքի համար էական մի շարք հարցեր էին շոշափվել դատաքննության ընթացքում, սակայն չեղավ անգամ դրանց հերքումը: Երեմ Սարգսյանն ասաց, որ դատաքննության ընթացքում վկաների հարցաքննությամբ որոշ հանգամանքներ այլ կերպ են հիմնավորվել, սակայն դատախազը հաստատված է համարել այն, ինչ նախաքննության ժամանակ ասվել է:
«Պարզից պարզ էր, որ իրենց համար ընթացավ ձևական պրոցես, ինչպես ի սկզբանե որոշում է եղել, թե ինչ պետք է լինի այս գործով, նրանք եկան դա էլ ասացին, շեղեցին սլաքներն իրենց վրայից, որ այն ժամանակ բոլորը խոստացել էին՝ սկսած Պաշտպանության նախարարից: Համենայն դեպս, գործում նման դիմումներ կան տուժողների կողմից այն մասին, որ՝ մեզ խոստացել էիք 18-20 տարի ժամկետով ազատազրկում և ինչու են պաշտպանները հիմա պաշտպանում:
Մարդիկ եկան, իրենց 18 տարին միջնորդեցին, որ նշանակվի: Այնքան ակնհայտ էր այդ ամենը, որ նույնիսկ Դավիթ Խաչատրյանը հենց այդ պահին՝ չդիմանալով, հանդես եկավ հայտարարությամբ. նույնիսկ ինքն էր նկատել, որ ճառն ամբողջությամբ մեղադրական եզրակացությունն էր, դրա միջի տվյալները: Նա նշեց, որ նրանք ընդհանրապես նշանակություն չտվեցին դատաքննության արդյունքներին, ընդամենը կարդացին մեղադրական եզրակացության ապացույցները և այլն: Ելնելով այս ամեն ինչից՝ հայտարարեց, որ հացադուլ է հայտարարում: Դատական նիստից հետո էլ դիմում գրեց՝ ուղղված ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, դատարանին, Մարդու իրավուքնների պաշտպանին, որտեղ արտահայտում է իր բողոքը անարադարության դեմ, պահանջում է, խնդրում, որ ապահովեն արդար դատաքննության իրավունք՝ որոշակի օրինակներով, հիմնավորումներով ցույց տալով՝ այս գործով արդար դատաքննություն կա՞, թե՞ ոչ, թե՞ ընդամենը կա ի սկզբանե որոշված սցենար է և տուժողների պահանջները բավարարելու ցանկություն, որպեսզի հանկարծ որևէ մեկը չբողոքի պատկան մարմիններից և հանկարծ կասկածի տակ չդնի նրանց անաչառությունը:
Մենք լավ գիտենք, այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ տուժող կողմն անընդհատ բողոքում է, որ կկոծկեն, պատիժը մեղմ կլինի, կվերաորակեն հոդվածը, իսկ ամբողջ դատաքննության ընթացքը ցույց տվեց, որ դատախազությունն ու դատարանը ի զորու չեն օրենք իրականացնել, ամբողջ ծավալով արդարություն ապահովել զուտ տուժողների ճնշման ներքո, քանի որ սպառնալիքներ կան, որ եթե հանկարծ իրենց ուզածով չլինի, դիմելու են ավելի ծայրահեղ քայլերի: Մենք օրինակ ունենք աչքի առաջ, երբ դին բերում էին Երևան, համապատասխան պաշտոնատար անձինք տեղում հայտարարեցին, որ կատարվել է միտումնավոր սպանություն՝ դեռևս քննությունը չսկսած»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ ավելացնելով, որ ընդամենը նպատակ է եղել ցույց տալ, որ արդար որոշում են կայացնում՝ բավարարելով տուժողների ցանկությունը: