Բաժիններ՝

Շագանակագեղձի ֆունկցիաները

Շագանակագեղձը շատ կարևոր ու կենսական արական օրգան է, որն ունի մի շարք կարևոր ֆունկցիաներ, որոնք են`
Գեղձային ֆունկցիա: Շագանակագեղձը հանդիսանում է գեղձային օրգան, որի արտազատուկն ունի հիմնային միջավայր և նպաստում է սերմնաբջիջների լողալուն` հեշտոցի թթվային միջավայրում:
Սերմնահեղուկի ջրիկացման ֆունկցիա: Շագանակագեղձի արտազատուկը, սերմնաբշտերի հեղուկի հետ միասին, նպաստում է սերմնաբջիջների տեղափոխմանը: Պրոստատի սպեցիֆիկ անտիգենը (PSA) արտադրվում է շագանակագեղձի կողմից և նպաստում է սերմնահեղուկի ջրիկացմանը: Սերմնաբշտերն արտադրում են մի սոսնձող նյութ, որի ազդեցությամբ սերմնահեղուկը կպչում է արգանդի վզիկին: Պրոստատի սպեցիֆիկ անտիգենը (PSA) հատուկ ֆերմենտի օգնությամբ քայքայում է տվյալ նյութը և նպաստում սերմնաբջջի ներթափանցմանը դեպի արգանդ: Հետևաբար` սրանով կարող ենք բացատրել (PSA) քննության տվյալների տատանումը, հատկապես` սեռական հարաբերությունից հետո:

Մկանային ֆունկցիա: Շագանակագեղձի մկանային օրգան լինելու շնորհիվ տեղի է ունենում սերմնաժայթքում, հետևաբար` նպաստելով սերմի ներթափանցմանը նախ` հեշտոց, այնուհետև` արգանդի խոռոչ:
Վերարտադրողական ֆունկցիա: Շագանակագեղձի սերմի մղման հատկության շնորհիվ, նախ` տղամարդն ունենում է սեռական հաճույք կամ օրգազմ, այնուհետև դա կարևոր նախապայման է վերարտադրողության համար:
G կետ:

Շագանակագեղձը հանդիսանում է սեռական ստիմուլյացիայի կետ, որի միջոցով մեծանում է սեռական գրգռվածությունն ու օրգազմի աստիճանը: Շագանակագեղձի հատուկ վարժանքների շնորհիվ հնարավոր է ունենալ «ներքին սերմնաժայթքում», դրանով իսկ պահպանելով սեռական էներգիան:

Զտող ֆունկցիա: Շագանակագեղձն ունի հակատոքսիկ ազդեցություն` մաքրելով սերմը բոլոր վնասակար նյութերից և ապահովելով նրա որակը: Հետևաբար` միջավայրի թունավոր նյութերի և որոշ սննդամթերքի բացասական ազդեցությունը պատճառ են շագանակագեղձի հիվանդությունների և հատկապես քաղցկեղի տարածվածությանը:
Էրեկտիլ ֆունկցիա: Առնանդամը նյարդավորող նյարդերն անցնում են շագանակագեղձի կողմնային մակերեսով, հետևաբար` շագանակագեղձի որոշ վիրահատություններ (արմատական հեռացումը կամ ճառագայթումը) կարող են ունենալ էրեկտիլ դիսֆունկցիա:
Մանրէասպան ֆունկցիա: Շագանակագեղձի արտազատուկներն ունեն մանրէասպան հատկություն, հետևաբար` սրանով է բացատրվում միզուղիների բորբոքումների քիչ տարածվածությունը տղամարդկանց մոտ` կանանց համեմատ:
Փականային ֆունկցիա: Միզային ներքին փականը գտնվում է շագանակագեղձից վերև, իսկ արտաքինը` նրա ստորին սահմանում: Այս փականներն ապահովում են տղամարդու միզապահության ֆունկցիան: Միաժամանակ, այս փականների սինքրոն աշխատանքի շնորհիվ` սերմնաժայթքման ժամանակ սերմը չի խառնվում մեզի հետ: Շագանակագեղձի վիրահատությունների ժամանակ վնասվում է ներքին փականն ու առաջանում է հետադարձ սերմնաժայթքում: Իսկ արտաքին փականի վնասումը կամ ախտահարումներն առաջացնում են անմիզապահություն:
Հորմոնային ֆունկցիա: Շագանակագեղձի 5 ալֆա ռեդուկտազա հորմոնը պատասխանատու է տեստոստերոնի փոխակերպմանը` դիհիդրոտեստոստերոնի:

Կարդացեք նաև

Վերջինս ապահովում է տղամարդու սեռական ցանկությունն ու ֆունկցիան: Ժամանակի ընթացքում պակասում է այս հորմոնի քանակը` բերելով սեռական ցանկության և ֆունկցիայի անկման:

Այսպիսի կոմպլեքս ֆունկցիա ունեցող գեղձի հիվանդությունները կարող են իսկական քաոս առաջացնել տղամարդու միզասեռական առողջության հարցում և մեծապես ազդել մարդու կյանքի որակի վրա:

ՌԱՖՖԻ ՋԱՆԵՑՅԱՆ,
ուռոլոգ
www.urolog.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս