Հայ ծնողները պետք է երազեն, որ մի օր իրենց երեխաները Բիլ Գեյթս կդառնան

Վերջերս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հրապարակեց հաջորդ հնգամյակի ռազմավարությունը, որը, շատերի կարծիքով, խիստ հավակնոտ է, նույնիսկ կոչեր հնչեցին` վերանայել փաստաթղթում նախանշված նպատակները: Մասնավորապես, նախատեսվում է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար 20 երկրներից մեկը, Հայաստանը ներկայացնել որպես Surprising Engineering` հաճելիորեն զարմացնող ինժեներական լուծումներ տրամադրող երկիր, դառնալ կառավարության ամենաանհանգստացնող քննադատը և ամենավստահելի գործընկերը, և այլն:

Շնորհանդեսին ներկա Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, հավանաբար, արդեն իսկ անհանգստացած սպասվող քննադատությունից, անսպասելիորեն հայտարարեց, թե «ներկայացված ռազմավարությունը չի կարող իրականանալ, որովհետև դրանում կան նպատակներ, որոնք առանց կառավարության գործուն աջակցության չեն կարող իրականացվել»:

Մինասյանը ոլորտի ներկայացուցիչներին բացահայտ մեղադրեց կառավարության «ամբիցիոզ» նպատակներն անտեսելու համար ու հայտարարեց, թե «պետք չէ մեզ սովորեցնել, եկեք միասին աշխատենք»: Ռազմավարությունը դեռ քննարկման փուլում է, վերջնական տարբերակը հաստատվելու է առաջիկա 1 ամսվա ընթացքում: Այս կապակցությամբ զրուցեցինք ամերիկացի միջազգային փորձագետ Մաթյու Չարլզ Բարտելսի հետ, ով որպես փորձագետ` մասնակցում է ՏՏ ռազմավարության մշակմանը:

– Պարոն Բարտելս, վաղո՞ւց եք Հայաստանում, որքանո՞վ եք ծանոթ այստեղի բիզնես միջավայրին:

Կարդացեք նաև

– Արդեն 9.5 տարի այստեղ եմ, բացի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից, աշխատել եմ «Աշտարակ կաթ» ընկերությունում, մարքետինգային վարչության տնօրենն էի, «Կասկադ բանկի» և այլ ընկերությունների հետ եմ աշխատել` որպես խորհրդատու: Այն հայկական ընկերություններին, որոնք ցանկացել են ագրեսիվ աճել, օգնել եմ իրենց նպատակին հասնել: Ես ինքս մասնագիտությամբ պատմաբան եմ, բայց մոտ 20 տարի գովազդային ու մարքետինգային բիզնեսի մեջ եմ, աշխատել եմ շատ տարբեր երկրներում:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայիս զարգացածությունը:

– Դուք ունենք շատ գաղափարներ, բայց չունեք մասնագետների անհրաժեշտ քանակ: Եվ բոլոր բիզնեսմեններն ասում են` ես շատ ավելի աճ կունենամ, եթե մասնագետ ունենամ, բայց ձեր համալսարանները բավարար մակարդակ չունեն և պատրաստի մասնագետներ չեն տալիս: Դա շատ լուրջ խնդիր է, այս իրադրությունը կոտրում է երկրի աճը, որովհետև աշխատող մարդիկ չունեք, ու եթե այդ խնդիրն արագ չլուծվի, լավ ապագա չի սպասվում: ՀՀ ՏՏ ոլորտը զարմանահրաշ արդյունքներ ունի, կազմակերպություններ ունեք, որոնց գաղափարները կարող են ամբողջ աշխարհը փոխել, բայց առանց աշխատակիցների` աճ չի լինի:

– ՏՏ հայ մասնագետները շատ պահանջված են արտերկրում, ու պատրաստի մասնագետներն արտագաղթում են` այլ երկրներում ստանալով բարձր աշխատավարձ ու ապահով ապագա: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է լուծել այդ խնդիրը, որպեսզի նրանք մնան ՀՀ-ում:

– Արդեն դպրոցական հասակից պետք է երեխաներին երազ ու հեռանկար տալ: Հարկավոր է երեխաներին ու նրանց ծնողներին բացատրել, որ` եթե ընտրեք ՏՏ ոլորտի մասնագիտություն, ապա կարող եք առանց արտագաղթելու ապահովել ձեր ապահով ապագան ու հաջող կյանք ունենալ: Այսօր Հայաստանում բոլորն ուզում են իրավաբան կամ տնտեսագետ դառնալ: Բայց ինչո՞ւ, չէ՞ որ իրավաբանի աշխատանքն այնքան էլ հաջող գործ չէ, ինչո՞ւ են զանգվածաբար ձգտում իրավաբանի մասնագիտություն ստանալ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին շատերը ծանոթ չեն, լավ չեն պատկերացնում, թե սա իրենից ինչ է ներկայացնում, և ինչ ձեռքբերումներ կարող են ունենալ` ՏՏ ոլորտն ընտրելով:

– ՀՀ ՏՏ ռազմավարության մշակմանը Դուք էլ եք մասնակցում, այնտեղ դրված նպատակները շատ հավակնոտ չե՞ն:

– Հավակնոտ են, բայց Հայաստանում եթե դուք շատ մեծ նպատակներ չեք նախանշում, փոքրին էլ չեք կարողանում հասնել: Ես արդեն 9 տարի այստեղ եմ, կառավարությունից կամ բիզնեսից ոչ մի մեծ նպատակի մասին չեմ լսել: Ես սպասում եմ, որ ինչ-որ մեկն ասի` գնանք այն անհասանելի բարձունքին հասնենք, բայց չկա նման բան: Մենք ուզում էինք լուրջ նպատակ ձևավորել, որ բոլորն իրենց քնելուց առաջ մտածեն այդ մասին, արթնանան ու ասեն` թող փոխվենք, թող շարունակենք արագ աճել, և ցանկանան այդ նպատակին հասնել: Բայց եթե մենք 5 տարում հասնենք ռազմավարությունում նշված նպատակների 50%-ին, կամ գոնե 40%-ին, դա էլ արդեն Հայաստանի համար ֆանտաստիկ կլինի: Առանց նման լուրջ, ոգեշնչող նպատակներ ունենալու` մենք ոչ մի բանի չենք հասնի:

– Փոխնախարարը դժգոհություն էր հայտնել ռազմավարության կապակցությամբ…

– Ցավալի է, բայց այսօր Հայաստանում շատ հին, սովետական մտածողության կարծիքներ կան: Կառավարությունից եկած այդ ձայնն ահավոր է, ասում է` մեզ ոչինչ մի սովորեցրեք ու մեզ հետ համաձայնեցրեք ձեր անելիքները: Մեզ մոտ` ԱՄՆ-ում, եթե որևէ պաշտոնյա համարձակվեր նման կարծիք հայտնել, նա հաջորդ օրն իսկ կհեռացվեր պաշտոնից և այլևս կառավարությունում չէր աշխատի: Այս պաշտոնյաները մեզ համար են աշխատում, Հայաստանում, կարծես, ժողովրդավարություն եք հռչակել, ուրեմն կառավարությունը պետք է բիզնեսին լսի և ուժերի ներածին չափով օգնի նրան զարգանալ: Առանց դրա, առանց մեծ նպատակների` ոչնչի հասնել չի հաջողվի: Մի քիչ խենթ պետք է լինել, որ այս անշարժ, լճացած վիճակը կարողանանք շարժել ու փոփոխել իրադրությունը:

– Ինչպե՞ս եք գնահատում Կառավարություն-բիզնես համագործակցությունը:

– Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ընդդիմադիր կառույց չէ, այս կազմակերպությունն ուզում է կառուցողական լինել: Մենք ուզում ենք լավ Հայաստան ստեղծել: Եթե կառավարության մեջ նմանապես մարդիկ կան, որ ուզում են լավ Հայաստան ստեղծել և իրենց գրպանի մասին չեն մտածում, մենք նրանց հետ շատ լավ կարող ենք աշխատել և միասին շատ լուրջ հաջողություն կարող ենք ունենալ: Բայց մեր ձայնը, ոլորտի ներուժը կառավարության ներկայացուցիչները ճիշտ չեն գնահատում, ուզում են, որ իրենց ձայնը միայն լսվի և բիզնեսին լավ չեն հասկանում:

Մենք առաջարկում ենք, որ պետությունը մեզ համար լավ օրենքներ ստեղծի, մենք ուզում ենք, որ մեզ հասկանան, և մենք միասին աշխատենք, որովհետև մենք պետք է միասնական նպատակներ ունենանք: Ունե՞նք, թե՞ ոչ, դա այլ հարց է, բայց պետք է միևնույն նպատակներով առաջանորդվել` դրական արդյունքների հասնելու համար:

– Հայաստանի տնտեսության մեջ որոշիչ դերակատարում ունեն օլիգարխիկ, մենաշնորհային համակարգերը: ՏՏ-ն այն եզակի ոլորտներից է, որտեղ առայժմ ինչ-ինչ պատճառներով` մենաշնորհներ չեն գոյացել:

– Այո, բայց իրավիճակը փոխվում է: Որոշ օլիգարխներ արդեն մուտք են գործել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ: Կարող եք ինքներդ դիտարկել` այն կազմակերպությունները, որ պետական գնումների ոլորտում շահում են կառավարական մրցույթները, նայեք, թե ովքեր են դրանց տերերը, և կհասկանաք, որ, եթե դուք կապ չունեք իշխանության հետ, դուք չեք կարող մրցույթներ շահել Հայաստանում: Բայց դեռ ժամանակ ունենք, օլիգարխները դեռ շատ չեն տարածվել: Գլոբալ առումով` օլիգարխներն այս ոլորտում այնքան էլ մեծ խնդիր չեն ընկերությունների զարգացման համար: Նրանք ոլորտը չեն փչացնի, ուրիշ բիզնեսներում կարող են, ՏՏ-ում` ոչ:

Այսօր ոլորտի հիմնական խնդիրը կրթությունն է: ՀՀ բուհերում կրթական որակը պետք է փոխվի, կտրուկ բարձրացվի, ուսանողների քանակն ավելացվի: Եվ ծնողների հետ պետք է աշխատել, որ ծնողները երազեն, որ մի օր իրենց երեխաները Բիլ Գեյթս կդառնան:

Տեսանյութեր

Լրահոս