Կառավարությունը խոսում է փոքր և միջին բիզնեսի մասին, բայց գործում է՝ հօգուտ խոշորի

Նոր ձևավորված կառավարությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից հայտարարում է մանր և միջին ձեռնարկություններին աջակցելու մասին: Հովիկ Աբրահամյանը որևէ բան չի ասում խոշոր ընկերությունների շահերը պաշտպանելու մասին, բայց կառավարության և ՀՀԿ-ական մեծամասնության վերջին մեկ ամսվա քայլերն իրականում ուղղված են խոշոր բիզնեսի և այդ բիզնեսի ներկայացուցիչների շահերի պաշտպանությանը:

Նախորդ շաբաթ խորհրդարանը փոփոխություն կատարեց «Ակցիզային հարկի մասին» օրենքում, որի արդյունքում հանվեց 25 միլիոն դրամից ավելի մաքսային արժեք ունեցող մեքենաների ներմուծման դեպքում կիրառվող 20 տոկոսանոց ակցիզային հարկը, որը մտցվել էր Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից: Այս հարկատեսակի վերացումը հնարավորություն կտա առավել շքեղ մեքենաներ գնելու հնարավորություն ունեցողներին մինչև Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելը մեքենաներ ներմուծել Հայաստան՝ չվճարելով  ակցիզային հարկ: Հայաստանի ՄՄ մտնելու դեպքում մեքենաների ներմուծման հարկն ավտոմատ բարձրանալու է, և իշխանությունն այս քայլով հնարավորություն է տալիս շքեղ մեքենան գնելու հնարավորություն ունեցողներին՝ ձեռք բերել այդ մեքենաներն ավելի հարմար պայմաններով:

Բայց ինչո՞ւ նույն հնարավորությունը կառավարությունը չի ստեղծում ավելի համեստ հնարավորություն ունեցող քաղաքացիների համար: 168.m-ի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Հայաստանը ՄՄ-ին կանդամակցի 2015թ. հունվարի 1-ից: Ինչո՞ւ, օրինակ, Հայաստանի կառավարությունը ներմուծվող մեքենաների համար սահմանված մաքսատուրքը չի իջեցնում՝ հնարավորություն տալով, որ ՀՀ շարքային քաղաքացիները ևս հնարավորություն ունենան՝ մինչև ՄՄ մտնելը ձեռք բերել արտասահմանյան մեքենաներ, քանի որ ՄՄ մտնելուց հետո դա առավել քան դժվար կլինի՝ ՄՄ-ում գործող բարձր մաքսատուրքերի պատճառով:

Մանավանդ որ, կա այդպիսի օրինակ. Ղազախստանը ՄՄ-ին միանալուց վեց ամիս առաջ մեքենաների ներմուծման մաքսատուրքն իջեցրեց մինչև 5 տոկոս՝ հնարավորություն տալով իր երկրի քաղաքացիներին մեքենաների սեփականատեր դառնալ: Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ այս տարի էժան մեքենաների  ներմուծումը գրեթե 50 տոկոսով ավելացել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որովհետև մարդիկ գիտակցում են, որ ՄՄ մտնելու դեպքում մաքսազերծումն անհամեմատ թանկանալու է: Իսկ որքա՞ն կավելանար մեքենաների ներմուծումը, եթե  Հայաստանի կառավարությունն էլ Ղազախստանի կառավարության օրինակով՝ գործող 50 տոկոսանոց մաքսատուրքն իջեցներ 5 տոկոսի: Հաստատ կտասնապատկվեր. որի արդյունքում՝ և բյուջեն կորուստներ չէր կրի, և քաղաքացիները կօգտվեին:

Կարդացեք նաև

Բայց կառավարությունը, փոխանակ հասարակ քաղաքացիներին մասին մտածելու, հերթական քայլն է կատարում խոշոր բիզնեսի շահերը սպասարկելու համար: Կառավարությունն ԱԺ է ներկայացրել նոր օրենսդրական փոփոխության առաջարկ, որով փոփոխություն է կատարվելու «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում: Տիգրան Սարգսյանի կառավարությունն այս օրենքում փոփոխություն էր կատարել և պարտադրել խոշոր ընկերություններին տարեկան աուդիտ իրականացնել:

Այսօր գործող «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 24-րդ հոդվածը շարադրված է այսպես. «1.1 Խոշոր կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները: Սույն օրենքի իմաստով խոշոր կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ երկու ցուցանիշներից առնվազն մեկին` ա. նախորդ տարվա գործունեությունից հասույթը գերազանցում է 500 միլիոն դրամը, բ. նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 500 միլիոն դրամը: 2.Ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել մամուլում, ինտերնետով կամ տարածվել գրքույկների ձևով:

Տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ»: Կառավարությունն ԱԺ ներկայացրած փոփոխության նախագծով առաջարկում է խոշոր ընկերությունների համար պարտադիր աուդիտի պահանջը վերացնել և նրանց հնարավորություն տալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակել առանց աուդիտի եզրակացության:

Կառավարության առաջարկության մեջ նշված է. «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՕ- 515-Ն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը «եզրակացության հետ» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 1.1-րդ մասով սահմանված կազմակերպությունների, որոնց ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել առանց աուդիտորական եզրակացության» բառերով:

Այսպիսով, կառավարությունը խոշոր կազմակերպությունների համար վերացնում է պարտադիր աուդիտ անցկացնելու պահանջը: Սա խոշոր բիզնեսի շահերի սպասարկմանն ուղղված կոնկրետ քայլ է, քանի որ այդ բիզնեսի ներկայացուցիչներն այլևս փող չեն ծախսի աուդիտ իրականացնելու համար՝ խնայելով որոշակի միջոցներ:

Կարո՞ղ է կառավարությունը մատնանշել գոնե մի օրենքի փոփոխություն, մի քայլ, որի արդյունքում փոքր և միջին բիզնեսը որոշակի արտոնություններ, թեկուզ փոքր գումար խնայելու հնարավորություն է ստացել: Առայժմ նման որևէ կոնկրետ օրինակ չկա: Եվ դա՝ չնայած նրան, որ կառավարությունը խոսում է փոքր և միջին բիզնեսին աջակցելու մասին, իսկ խոշոր բիզնեսի մասին ոչինչ չի ասվում:

Տեսանյութեր

Լրահոս